ՀՀ 2016թ.-ի պետական բյուջեի հիմքում դրված տնտեսական ցուցանիշները

Վերջերս բուռն քննարկման առարկա դարձան ՀՀ 2016թ.-ի պետական բյուջեի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշները և հիմնական տնտեսական չափորոշիչները: Հարցերից գլխավորը նրանում է, որ 2015թ.-ի համար կանխատեսվում է 2.5%-ի հասնող ՀՆԱ-ի աճ: Իսկ դա նշանակում է, որ նախորդ տարիների համեմատությամբ 2016թ.-ի բյուջետային տարին ունենալու է թույլ տնտեսական աճի հիմքերի վրա կառուցված չափորոշիչներ: Այսինքն` տնտեսական աճի ցածր տեմպերը հնարավորություն չեն տալիս ավելի ընդլայնված և զարգացման բյուջե ունենալ: Ավելին, ՀՀ 2016թ.-ի պետական բյուջեուն 2015թ.-ի համեմատությամբ եկամտային մասում հետընթաց է նախատեսվում: 2016թ.-ի համար կանխատեսվում է ՀՆԱ-ի 2.2%-անոց աճ, որը 2015թ.-ի ցուցանիշից էլ պակաս է, այսինքն` Հայաստանի զարգացման տեմպերը տարեց տարի նվազում են, և ավելի ցածր են, քան համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերը:

ՀՀ 2016թ.-ի պետական բյուջեի հիմքում դրված ներդրումների մակարդակը չնչին աճ է արձանագրելու և կազմելու է ՀՆԱ-ի 20.3%-ը, որը 0.2%-ով կտարբերվի 2015թ.-ի ցուցանիշից, իսկ դա նշանակում է, որ Հայաստանն ունի ներդրումների ներգրավման խնդիր, անկախ նրանից, որ ՀՀ վարկանիշը Համաշխարհային բանկի Doing Business 2016 զեկույցում բարելավել է ևս 3 կետով և ՀՀ-ն գտնվում է 35-րդ հորիզոնականում, այս հանգամանքը ՀՀ-ում ներդրումների հոսքի վրա ազդեցություն չի թողնում: 

Աղյուսակ

ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի հիմքում դրված հիմնական
տնտեսական չափորոշիչներ

Չափորոշիչ

2012

2013

2014

2015

2016

Փաստ

Փաստ

Փաստ

Կանխ

Կանխ

Տնտեսական աճ

(ՀՆԱ % փոփոխություն)

7.2

  1. 3
  2. 5
 

2.5

2.2

Ներդրումների մակարդակ

(Ներդրում/ՀՆԱ %)

25.3

22.3

21.1

20.1

20.3

Սպառման մակարդակ

(Սպառում/ՀՆԱ %)

98.1

99.1

97.9

96.3

94.5

ՀՆԱ ինդեքս դեֆլյատոր

98.8

103.4

102.7

103.2

104.0

Գնաճ միջին

2.6

5.8

3.0

4.3

4.0

Գնաճ 12-ամսյա

3.2

5.6

4.6

3.0

4.0

Պետական բյուջեի

պակասուրդ/ՀՆԱ %

-1.4

-1.6

-1.86

-3.8

-3.5

Ընթացիկ հաշիվ/ՀՆԱ

-10.0

-7.6

-7.3

-5.8

-6.2

Բյուջեի հիմքում դրված սպառման մակարդակը ևս կկրճատվի 2016թ.-ին` կազմելով ՀՆԱ-ի 94.5%, որը վերջին 5 տարիների ամենացածր ցուցանիշն է, այսինքն` 2016թ.-ին Հայաստանի բնակչությունն ավելի քիչ է սպառելու, քան 2015թ.-ին: Սպառման տեսանկյունից պարադոքսալ իրավիճակ է ստացվում. 2014թ.-ին ավելի քիչ ենք սպառել, քան 2013թ.-ին, 2014թ.-ին ավելի շատ ենք սպառել, քան 2015թ.-ին, իսկ 2016թ.-ին ավելի քիչ կսպառենք, քան 2015թ.-ին: ՀՆԱ-ի մեջ սպառման տեսակարար կշռի նվազումը մի կողմից դրական է, քանի որ սպառման և խնայողությունների հանրագումարն է կազմում եկամուտները, իսկ սպառման կրճատումը դա խնայողության բաղադրիչի աճի մասին է խոսում: Սակայն դա այն դեպքում, երբ գործ ունենք դասական զարգացած երկրների հետ, իսկ 32%-ից ավելի աղքատություն ունեցող երկիրը հաստատ սպառման ավելացման կարիք ունի և վերոնշյալ դասական մոտեցումը ՀՀ-ի համար չի գործում, իսկ սպառման կրճատումը խոսում է բարեկեցության մակարդակի անկման մասին:

ՀՀ-ում 2016թ.-ին ինչպես և 2015թ.-ին գնաճը կգտնվի նորմայի շրջանակներում, սա որոշ առումով կարելի է դիտարկել դրական, սակայն գնաճի վերաբերյալ պետք է նշել, որ դա ամբողջ ՀՀ տնտեսությանն առնչվող միտում է: Սակայն եթե ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գնաճի վերաբերյալ սկսում է դատողություններ անել իր իսկ սպառողական զամբյուղում ներառված ապրանքների գների տեսանկյունից, որոնք շատ դեպքերում իրենց որակի պատճառով ավելի բարձր գնաճի են ենթարկվում, ապա սկսում է հասկանալ, որ իր վրա գնաճի բեռը, ոչ թե 4-5% է կազմում, այլ ամենայն հավանականությամբ դրա կրկնապատիկը: Եվ մյուս կողմից ի՞նչի արդյունքում է հնարավոր լինում ապահովել ցածր գնաճ, այս հարցի պատասխանը թաքնված է ՀՀ ԿԲ-ի կողմից իրականացվող տնտեսության մեջ դրամի քանակության կրճատման և գնողունակության զսպման մեջ, որն արտացոլվել էր նաև ՀՆԱ/սպառում ցուցանիշների միջոցով: Ժողովրդական լեզվով ասած. "մարդկանց ձեռքում փող չկա, որ ապրանք գնեն" դրա համար էլ գները չեն աճում: Այսինքն` գնաճը զսպվում է նաև մարդկանց լավ ապրելու, ինչպես նաև տնտեսության մեջ ակտիվություն չմտցնելու հաշվին, և մյուս կողմից ՀՀ ԿԲ-ն շատ լավ իրականացնում է իր սահմանադրական խնդիրը` գնաճը պահպանելով ցածր մակարդակի վրա:

ՀՀ պետական բյուջեի 2015թ.-ի պակասուրդը կամ դեֆիցիտը կկազմի -3.8%, սակայն նշենք, որ 2015թ.-ի ՀՀ պետական բյուջեի մասին ուղերձում դրված էր -2.3%-անոց ցուցանիշ: Այսինքն` 2015թ.-ին սեկվեստորի չեն դիմել, քանի որ վերանայել են պակասուրդի ցուցանիշը, ավելի շատ գումարներ են ներգրավել ներքին և արտաքին աղբյուրներից և դրա շնորհիվ չհավաքագրվող եկամուտների ֆոնի վրա կարողացել են կատարել 2015թ.-ի բյուջեով նախատեսված ծախսերը: Սա այն հերթական քայլերից է, որ արվել է թաքցնելու համար 2015թ.-ի ծախսերի կատարման տեսանկյունից ձախողված բյուջետային քաղաքականությունը, իսկ ձախողումից փրկությունը պակասուրդի 1.5%-ով ավելացումն է եղել, որն, ի դեպ, կարելի է դիտարկել նաև շեղում 3%-անոց դեֆիցիտի մակարդակն անցնելու տեսանկյունից: Ի դեպ, այդ չափանիշներով փորձում են շարժվել ԵՄ և ԵԱՏՄ երկրները, որն ինչպես տեսնում ենք շատ դեպքերում չի հաջողվում իրագործել: Դա վերաբերում է նաև 2016թ.-ի ՀՀ պետական բյուջեի պակասուրդին, որը հավասար կլինի ՀՆԱ-ի -3.5%-ին:

Իհարկե, ՀՀ 2016թ.-ի պետական բյուջեի հիմքում դրված այս ցուցանիշները միայն մի մասն են կազմում ողջ բյուջետային քաղաքականության, սակայն այս ցուցանիշներն անգամ բավական են պատկերացնելու համար, որ 2016թ.-ը 2015թ.-ի համեմատությամբ ավելի հեշտ տարի չի լինելու:

Մնում է հուսալ, որ ՀՀ տնտեսության զարգացման համար գոնե 2016թ.-ին կստեղծվեն նոր հնարավորություններ զարգացման առաջանցիկ տեմպեր ունենալու համար` չնայած որ դրա համար տեսանելի ծրագրեր և օբյեկտիվ հիմքեր չեն նկատվում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:00 Նոյեմբեր 02, 2015

Ամենաընթերցված նյութեր