2015թ.-ի երեք եռամսյակների ՀՀ միջազգային պահուստների տվյալները և դրամ-դոլար փոխարժեքը

Հայաստանի միջազգային պահուստների տվյալների վերլուծությունը կարևոր նշանակություն ունի երկրում տարվող դրամավարկային քաղաքականության հիմնական միտումները պատկերացնելու համար: Շատ երկրներ բավականին ուշացնում են իրենց միջազգային պահուստների վերաբերյալ ցուցանիշների հրապարակումը, որն ունի իր բացատրությունը և պայմանավորված է տնտեսության մեջ տեղի ունեցող երևույթների մասին ավելի ուշ ազդակներ ուղարկելու հետ: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր երկրի միջազգային պահուստների ցուցանիշի միտումներին հետևելով կարելի է հասկանալ ինչ է սպասվում տվյալ տնտեսությանը կամ ինչպիսին է ապագայում լինելու այս կամ այն արժույթի փոխարժեքը:

ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ միջազգային պահուստների ցուցանիշին առնչվող 2015թ.-ի առաջին երկու ամիսների, ինչպես նաև օգոստոս և սեպտեմբեր ամիսների վիճակագրությունը հրապարակվեց որոշակի ուշացումով: Տարեսկզբի ուշ հրապարակման պատճառը ամենայն հավանականությամբ կապված էր 2014թ.-ի դեկտեմբերի տեղի ունեցած արտարժութային ճգնաժամով, որի արդյունքում ՀՀ միջազգային պահուստներն իջան մինչև 1260.9 մլն ԱՄՆ դոլար մակարդակի վրա` մոտենալով գրեթե կրիտիկական սահմանագծին:

Այնուհետև, ուշ հրապարակվեց օգոստոս և սեպտեմբեր ամիսներին` պայմանավորված Չինաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Հետաքրքիրն այն է, որ 2015թ.-ի հուլիսը համարվում է վերջին 9 ամիսների ամենանբարվոք ժամանակահատվածը, քանի որ պահուստների ցուցանիշը գերազանցեց 1.7 մլրդ ԱՄՆ դոլարը: Սակայն, ինչպես տեսանք, դրան հաջորդող 2 ամիսների ընթացքում կրկին նկատվեց մոտ 77 մլն ԱՄՆ դոլարի հասնող պահուստների նվազում և դրանք հասան 1625.5 մլն ԱՄՆ դոլարի: Հետաքրքիրն այն է, որ այս պարագայում անգամ ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար փոխարժեքի միտումներն այնպիսին են, որ ՀՀ դրամն արժևորում է: Կա՞ն արդյոք դրա համար օբյեկտիվ տնտեսական գործոններ և հիմքեր, այս հարցը շատերին է հետաքրքրում:

Աղյուսակ

ՀՀ միջազգային պահուստների կառուցվածքը

(մլն. ԱՄՆդոլար)

 

2015

 

01

02

03

04

05

06

07

08

09

Համախառն միջազգային պահուստներ

1351,1

1260,9

1491,6

1495,8

1598,7

1545,7

1702,5

1646,0

1625,5

Ոսկի

0

0

0

0

0

0

0,0

0,0

0,0

ՀՓԻ ԱՄՀ-ում

6,1

5,5

0,7

0,7

3,6

1,0

1,0

0,4

0,4

Պահուստային դիրքը ԱՄՀ-ում

0

0

0

0

0

0

0,0

0,0

0,0

Արտարժույթ

1345,1

1255,4

1490,9

1495,1

1595,0

1544,7

1701,6

1645,6

1625,1

 

Փորձենք բացատրել արտաքին և ներքին գործոններից ելնելով: Արտաքին գործոնների տեսանկյունից պետք է հիշատակել ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից տարվող քաղաքականությունը, որը երբեմն դրսևորում է կոշտ դիրքորոշմամբ տոկոսադրույքների բարձրացման հարցում, իսկ երբեմն խոսվում է դրա հետաձգման մասին մինչև 2016թ.: ԱՄՆ-ի տնտեսության մեջ ինֆյլացիայի ցածր տեմպերը` 0.1% խոսում են այն մասին, որ տնտեսության մեջ կրկին անհրաժեշտություն է առաջացել ավելացնել դոլարի քանակությունը, իսկ դա չի ենթադրում տոկոսադրույքների բարձրացում, այլ ընդհակառակը դրամա-վարկային քաղաքականության ևս մեկ մեղմացման քայլի անհրաժեշտություն է առաջանում: Այսինքն` նշված գործոնները խոսում են դրամի արժևորման և դոլարի դիրքերի թուլացման մասին: Դա կարելի է համարել առաջին գործոնը:

Բավականին լուրջ վիճակում է հայտնվել Չինաստանի տնտեսությունը և ստիպված է եղել իր ոսկեարժութային պահուստները կրճատել նախորդ տարվա համեմատությամբ մոտ 500 մլրդ ԱՄՆ դոլարով` հասցնելով պահուստները 3.5 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Սա համաշխարհային տնտեսության մեջ առաջացրել է լուրջ առաջարկ և թուլացրել դոլարի դիրքերը: Այս երևույթը, հատկապես, նկատվեց 2015թ.-ի օգոստոսին, երբ մի պահ առաջացավ դոլարի արժևորման հիմքեր, իսկ Չինաստանը 100-200 մլրդ դոլարանոց ինտերվենցիաների միջոցով ետ բերեց շուկան նախկին հավասարակշռության կետից էլ ցածր մակարդակի: Սա կարելի է համարել 2-րդ կարևորագույն գործոնը, որը կրկին խոսում է դոլարի արժեզրկման և դրամի արժևորման օգտին:

Բավականին դժվարին վիճակում են գտնվում ԱՊՀ, այդ թվում` ԵԱՏՄ երկրները, որտեղից ՀՀ դրամական հոսքերը կրճատվել են, իսկ կրճատման տեմպերից կարելի է ենթադրել, որ ՀՀ-ում դոլարի հոսքերը նվազելու են, իսկ դա կարող է հանգեցնել պահուստների կրճատման, ինչպես նաև երկրում գնողունակության անկման: Այս գործոնը չի խոսում դոլարի դիրքերի թուլացման մասին, քանի որ տրանսֆերտների կրճատումը հանգեցնում է դրամի արժեզրկման:

Հաջորդ գործոնը պայմանավորված է արտահանման հետ: Արտահանման մակարդակը ՀՀ-ում հունվար-օգոստոսին չնչին աճ է արձանագրել, կարելի է ասել, մնացել է գրեթե նախորդ տարվա մակարդակի վրա` կազմելով` 967 մլն ԱՄՆ դոլար, դա խոսում է ՀՀ տնտեսություն արտարժութային հոսքերի ավելացման մասին, և դա այն պարագայում, որ տեղի է ունեցել կառուցվածքային վերադասավորում ԱՊՀ և ԵՄ տեսակարար կշիռները նվազել են, իսկ այլ երկրները` աճել: Դա խոսում է լրացուցիչ դոլարային հոսքի մասին, այլ ոչ թե օրինակ` ռուբլու: Սա կարելի է համարել հաջորդ գործոնը, որը նպաստում է դրամի դիրքերի ուժեղացմանը:

Մյուս գործոնը կապվում է ներմուծման ծավալների կտրուկ անկման հետ, քանի որ նախորդ տարվա հունվար-օգոստոսին ՀՀ ներմուծվել է 2 մլրդ 814 մլն ԱՄՆ դոլարի ապրանքներ և ծառայություններ, իսկ 2015թ.-ի նույն ժամանակահատվածում` 2 մլրդ 74 մլն ԱՄՆ դոլարի, մի խոսքով կրճատումը կազմել է 740 մլն ԱՄՆ դոլար: Եթե նախորդ տարվա միտումները պահպանվեին, ՀՀ միջազգային պահուստներն այժմ կգտնվեին 900 մլն ԱՄՆ դոլարից էլ ցածր մակարդակի վրա: Այսինքն` ՀՀ միջազգային պահուստների չկրճատմանը նպաստել է ներմուծման կրճատումը: Դա կարելի է դիտարկել որպես դրամի դիրքերի ամրապնդմանը նպաստող գործոն: Սակայն հարցը նրանում է, որ տնտեսությունը հնարավորություն չի ունեցել ներմուծել և ազգաբնակչության բարեկեցության անկման հաշվին այժմ ունենք դրամի որոշակի արժևորում: Սակայն սա ունի մեկ դրական կողմ: Մի շարք դոլարով վարկեր ունեցողներ, ովքեր ստանում են դրամով եկամուտներ հայտնվել են որոշակի շահեկան վիճակում: Սակայն դա դեռ չի նշանակում, որ վերջիններիս դրամով ստացվող եկամուտները մնացել են նույն մակարդակի վրա, քանի որ նման տնտեսական իրավիճակում եկամուտների կրճատումն անխուսափելի է: Մնում է հուսալ, որ ՀՀ դրամի արժևորումը կծառայի ոչ թե բնակչության բարեկեցության նվազմանը, այլ դրա բարձրացմանը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

16:00 Հոկտեմբեր 28, 2015

Ամենաընթերցված նյութեր