2015թ.-ի առաջին կիսամյակում ՀՀ ուղարկվող տրանսֆերտները կրճատվել են մոտ 280 մլն ԱՄՆ դոլարով

Արտերկրից ստացվող տրանսֆերտները ՀՀ տնտեսության համար ունեն կարևոր նշանակություն, քանի որ լուծում են մի շարք սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ, որոնք ծառացած են ՀՀ բնակչության առաջ: Տրանսֆերտները իրենց ֆունկցիոնալ նշանակությամբ խթանում են գնողունակությունը, որի արդյունքում բնակչության կենսամակարդակն անկում չի ապրում: Սակայն, ցանկացած արտաքին տնտեսական շոկերի դեպքում, հատկապես, եթե դրանք ընդգրկում են ԱՊՀ տարածաշրջանի երկրներն անմիջականորեն, վերջիններս ազդում են ՀՀ տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումների վրա: Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 20%-ը 2015թ.-ին կազմել են արտերկրից ուղարկված տրանսֆերտները, այսինքն` 2 մլրդ 26 մլն ԱՄՆ դոլարի հասնող գումարով Հայաստանում լուծվում են բազմաթիվ հիմնախնդիրներ: Եթե տրանսֆերտների ցուցանիշը համեմատելու լինենք ՀՀ-ում արձանագրվող տնտեսական աճի դոլարային ցուցանիշի հետ, ապա տրանսֆերտները 6-7 անգամ գերազանցում են տնտեսական աճի դոլարային ցուցանիշը: Այսինքն, եթե պայմանականորեն ընդունենք, որ տրանսֆերտների հոսքը Հայաստան 2015թ.-ին կկրճատվի 500 մլն դոլարով, ապա դա ՀՀ տնտեսության մեջ 5%-անոց անկում կարող է առաջացնել: ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրական ցուցանիշներից ակնհայտ է դառնում, որ 2015թ.-ի 1-ին կիսամյակում 2014թ.-ի 1-ին կիսամյակի համեմատությամբ տրանսֆերտները կրճատվել են 160 մլն ԱՄՆ դոլարով, իսկ 2-րդ կիսամյակում կրճատումը նախորդ տարվա համեմատությամբ կազմում է 119 մլն ԱՄՆ դոլար: Իսկ դա նշանակում է, որ ՀՆԱ-ն 2.8%-ով ավելի կաճեր միայն առաջին կիսամյակի ընթացքում, եթե տրանսֆերտները չկրճատվեին այդքան մեծ ծավալներով:

Ստորև ներկայացվող աղյուսակից նաև ակնհայտ է դառնում, որ 1-ին կիսամյակում ուղարկվում են շատ ավելի քիչ քանակությամբ տրանսֆերտներ, քան 2-րդ կիսամյակում:

Աղյուսակ

Դեպի ՀՀ դրամական փոխանցումներն ըստ վճարային հաշվեկշռի

մլն ԱՄՆ դոլար

 

2014 Q1

2014 Q2

2014 Q3

2014 Q4

2015 Q1

2015 Q2

Դրամական փոխանցումներ ՀՀ

387,5

485,8

593,9

558,9

227,5

366,8

Աշխատողների զուտ աշխատավարձ

139,1

210,8

284,1

257,7

80,8

161,0

Աշխատողների աշխատավարձ

179,1

271,5

365,9

331,8

104,1

207,4

Որպես ծառայություն դասա­կարգված սեզոնային աշխա­տողների աշխատանքների դիմաց ստացված զուտ եկամուտներ

27,7

42,1

56,7

51,4

16,1

32,1

Որպես ծառայություն դասակարգված սեզոնային աշխատողների աշխատանքների դիմաց ստացված եկամուտներ

35,7

54,2

73,0

66,2

20,8

41,4

Անձնական տրանսֆերտներ

208,0

221,3

239,6

240,9

127,6

168,8

Կապիտալ տրանսֆերտներ

12,7

11,6

13,5

8,9

3,0

4,9

Եթե համամասնական կրճատում գրանցվի նաև 2015թ.-ի 2-րդ կիսամյակում, ապա տնտեսության մեջ դա կարող է հանգեցնել սոցիալ-տնտեսական լուրջ հետևանքների: Եվ դրա համար գրեթե բոլոր հիմքերը կան, այն պարզ պատճառով, որ ԵԱՏՄ երկրները, ինչպես նաև ԱՊՀ տարածաշրջանը հայտնվել է ճգնաժամային իրավիճակում:
Հայաստան եկող և’ կապիտալ, և’ անձնական տրանսֆերտները նվազել են միաժամանակ, իսկ դա նշանակում է, որ ոչ միայն տուժում են տնային տնտեսությունները, որոնք 2015թ.-ի 1-ին կիսամյակում զրկվել են ավելի քան 130 մլն ԱՄՆ դոլարից, այլ նաև գործարար հատվածը, որոնք կապիտալ տրանսֆերտների տեսքով ստացվող գումարներից թեկուզ շատ չնչին, բայց ներդրումներ էին անում:

Արտերկրում աշխատողները, ովքեր աշխատավարձի տեսքով ստացվող գումարներից տրանսֆերտներ էին ուղարկում 2015թ.-ի 1-ին կիսամյակում զրկվել են ավելի քան 110 մլն ԱՄՆ դոլար զուտ աշխատավարձից:
Հիմնական եզրակացությունն այն է, որ ՀՀ ուղարկվող տրանսֆերտների առանձին հոդվածներով կրճատումները փաստում են տնտեսության մեջ դրամական հոսքերի նվազման մասին: Իսկ թե ինչպիսին կլինեն 2015թ.-ի 2-րդ կիսամյակի դրամական փոխանցումները` կապված կլինի ԱՊՀ տարածաշրջանի, ինչպես նաև համաշխարհային տնտեսության զարգացումների հետ, որոնք դեռևս լուրջ դրական տեղաշարժեր չեն խոստանում:


ԲԱՐՈՄԵՏՐ

10:40 Հոկտեմբեր 22, 2015

Ամենաընթերցված նյութեր