Տնտեսական աճի և ինֆլյացիայի տեմպերը ԱՊՀ տարածաշրջանում

Արժույթի միջազգային հիմնադրամի հոկտեմբերյան կանխատեսումները, կարելի է ասել, ստագնացիոն և ստագֆլյացիոն միտումներ են կանխատեսում ԱՊՀ տարածաշրջանի համար: Դա նշանակում է, որ ԱՊՀ տարածաշրջանը հայտնվել է ոչ միայն տնտեսական անկման ցուցանիշներ ունենալու շեմին, այլև վերջինիս գումարվել է ինֆլյացիայի բարձր տեմպերը, իսկ այդ երևույթը տնտեսագիտական գրականության մեջ բնորոշվում է որպես ստագֆլյացիա:

Տերմինաբանական և տեսական հարցադրումներից անցում կատարելով գործնական հարթության հիմնախնդիրներին և ցուցանիշներին, նկատում ենք, որ ԱՊՀ տարածաշրջանի համար 2015թ.-ի Համաշխարհային տնտեսության տեսլականը զեկույցում (էջ 172 և 177), կանխատեսվում է -2.7%-անոց անկում: Իհարկե, ԱՄՀ դասակարգման աղյուսակում ԱՊՀ-ի մեջ ընդգրկված են նաև Վրաստանը և Մոլդովան, սակայն այստեղ պետք է նշել, որ վիճակագրությունն է պարզապես տարվում այդպես, քանի որ վերջիններս ԱՊՀ անդամ չեն:

ԱՊՀ երկրներից առնվազն 4-ում 2015թ.-ի տարեվերջին կգրանցվի բացասական տնտեսական աճ կամ ավելի ճիշտ` անկում: Այդ երկրներից առաջինը Ուկրաինան է, որտեղ անկումը կկազմի -9%: Իհարկե, գրեթե բոլորի համար դա կանխատեսելի անկում է, քանի որ վերջինս գտնվում է պատերազմական իրավիճակում, հայտնվել է լուրջ պարտքային հիմնախնդիրների առաջ, չի կարողանում դրանք սպասարկել, դիմում է բազմաթիվ միջազգային կառույցների դրանք ռեստրուկտուրիզացիայի ենթարկելու` տոկոսները իջեցնելու, վճարման ժամկետները հետաձգելու և պարտքերը դուրսգրելու խնդրանքով և այլն: Սակայն այդ բանակցությունները ոչ միշտ են հաջողությամբ պսակվում, հատկապես, ռուսական պարտքերի մասով:

Հաջորդ երկիրը, որտեղ կարձանագրվի լուրջ տնտեսական անկում` Ռուսաստանի Դաշնությունն է, որտեղ անկումը 2015թ.-ին կկազմի -3.8%: ՌԴ-ում տնտեսական անկման պատճառներից գլխավորը կիրառվող պատժամիջոցներն են, նավթի գների ցածր մակարդակը, ինչպես նաև տնտեսության դիվերսիֆիկացվածության խնդիրը և այլն: Սակայն այժմ կան որոշակի դրական զարգացումներ նավթի գների բարձրացման հետ կապված, որը կարող է Ռուսաստանի տնտեսական անկման տեմպերը նվազեցնել մինչև -1.0%: Դա Հայաստանի տնտեսության համար նույնպես կարելի է գնահատել դրական, քանի որ ՌԴ տնտեսության ցանկացած խոր անկում իր ավելի մեծ բացասական ազդեցությունը կարող է թողնել Հայաստանի տնտեսության վրա: Մնում է հուսալ, որ նավթի գները կլինեն բարձր, իսկ ուղարկվող տրանսֆերտները դեպի Հայաստան ոչ թե կկրճատվեն, այլ աճ կարձանագրեն` բարձրացնելով Հայաստանում ապրող հայերի գնողունակությունը:

ԵԱՏՄ երկրներից Բելառուսը ևս հայտնվել է տնտեսական անկման տիրույթում, կանխատեսվում է, որ 2015թ.-ի վերջին կարձանագրվի -3.6%-անոց անկում: Սա նշանակում է, որ ԵԱՏՄ երկրներից 2-ում առկա է ճգնաժամային իրավիճակ, իսկ Ղազախստանում կգրանցվի` 1.5%, Ղրղըզստանում` 2% տնտեսական աճ: Ստացվում է այնպես, որ ԵԱՏՄ երկրներից լավագույն վիճակում է գտնվում Հայաստանը` իր 2.5%-անոց աճով: Այսինքն` այս ամենից կարելի է ենթադրել, որ ԵԱՏՄ երկրներից ամենաքիչը տուժել է Հայաստանը: Սակայն Հայաստանում արձանագրվող տնտեսական աճի վստահության մակարդակը բավականին ցածր է, իսկ ինչպես ցույց են տալիս ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական թիմի կողմից անցկացված հարցումները, երևանցիների միայն 3.3%-ն են իրենց վրա զգացել տնտեսական աճը: Դրանով է նաև բացատրվում տնտեսական աճի հանդեպ ցածր վստահության մակարդակը:

ԱՊՀ երկրներից 2015թ.-ին ամենաբարձր տնտեսական աճ կարձանագրվի Թուրքմենստանում` 8.5%, Ուզբեկստանում` 6.8% և Ադրբեջանում` 4%:

Քննարկելով ԱՊՀ ինֆլյացիոն միտումները նշենք, որ ամբողջ համաշխարհային տնտեսությունը կանգնած է ինֆլյացիոն միտումների նվազման կամ դեֆլյացիայի վտանգի առաջ, իսկ ԱՊՀ տարածաշրջանում ինֆլյացիան հասել է աննախադեպ բարձր մակարդակի և 2015թ.-ին կկազմի 15.9%: Սա խոսում է այն մասին, որ ԱՊՀ երկրների կենտրոնական բանկերի առաջ ինֆլյացիան զսպելու լուրջ մարտահրավերներ են կանգնած, իսկ ինֆլյացիան ունի նաև հարևան երկրներ փոխանցվելու հատկություն: Ամենաբարձր ինֆլյացիան կգրանցվի Ուկրաինայում` 50%, որը կրկին նույն բացատրությունն ունի ինչպես տնտեսական աճի պարագայում: ՌԴ-ում ինֆլյացիան կկազմի 15.8%, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանում կյանքը թանկանում է շատ արագ, և դրան գումարվում է նաև տնտեսական անկումը: Կան կանխատեսումներ, որ ՌԴ-ում ինֆլյացիան գուցե գտնվի 13%-ից ցածր մակարդակի վրա, սակայն դրա համար տնտեսական դրական զարգացումներ են պետք, ինչպես նաև պատժամիջոցների վերացում: Բելառուսում սպասվում է 15.1%-անոց ինֆլյացիա, որը ևս վնասող դեր է խաղում ԵԱՏՄ երկրների համար: Ղազախստանում սպասվում է 8.3%, իսկ Ղրղըզստանում` 6.3%-անոց ինֆլյացիա: Այստեղ կրկին շահեկան դիրքերում է հայտնվել Հայաստանը` 4.3% ինֆլյացիայի սպասվող մակարդակով:
Եթե մեկ նախադասությամբ բնորոշելու լինենք այս ամբողջ տնտեսական աճի միտումները և ինֆլյացիոն զարգացումները, ձևափոխելով հայտնի արտահայտությունը, կարելի է պարզապես դա ձևակերպել այսպես. "հարևանի հարսը մեր հարսից ավելի վատն է":


ԲԱՐՈՄԵՏՐ

11:00 Հոկտեմբեր 21, 2015

Ամենաընթերցված նյութեր