Համաշխարհային տնտեսության տնտեսական աճի տեմպերը դանդաղում են

Արժույթի միջազգային հիմնադրամի հոկտեմբերյան կանխատեսումները համաշխարհային տնտեսության զարգացումների վերաբերյալ բավականին վատատեսական են, քանի որ համաշխարհային տնտեսության մեջ նկատվում են տնտեսական աճի դանդաղելու միտումներ:

Համաշխարհային ՀՆԱ-ն 2015թ.-ին դոլարային արտահայտությամբ կիջնի 2012թ.-ից էլ ցածր մակարդակի վրա, կազմելով 73.5 տրիլիոն ԱՄՆ դոլար: Սա նշանակում է, որ աշխարհը ևս 3 տարի իր զարգացման տեմպերով հետընթաց է ապրում, չնայած պետք է նշել, որ համաշխարհային ՀՆԱ-ի գնողունակությունը այնուամենայնիվ 2015թ.-ին 2012թ.-ի համեմատությամբ աճել է 98.7 տրիլիոնից հասնելով 113.1 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Դրա բացատրությունն այն է, որ ամբողջ աշխարհում դոլարի գնողունակությունը մեծանում է և դոլարը գրեթե բոլոր երկրների համար թանկացել է, այսինքն` մեկ միավոր դոլարով հնարավոր է ավելի շատ ապրանքներ և ծառայություններ ձեռք բերել:

2015թ.-ի բնորոշումներից մեկը նաև այն է, որ համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերը կրճատվելու են մինչև 3.1%, իսկ նման ցածր աճի տեմպեր գրանցվել են միայն 2008թ.-ի ֆինանսատնտեսական ճգնաժամի սկզբնական փուլում, իսկ դրանից ցածր եղել է միայն 2009թ.-ին, կամ կարելի է ասել ճգնաժամի բուն տարում:

Անդրադառնալով առանձին երկրներում և տարածաշրջաններում կանխատեսվող ՀՆԱ-ի աճի միտումներին` նկատում ենք, որ 2015թ.-ին զարգացող երկրներում կգրանցվի 2.0%-ի հասնող տնտեսական աճ, որը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 0.2%-ով: ԱՄՆ-ում 2015թ.-ին տնտեսական աճը կկազմի` 2.6%, Եվրոյի գոտում` 1.5%, Ճապոնիայում` 0.6% և այլն:

ԱՊՀ երկրներում 2015թ.-ին կարձանագրվի տնտեսական անկում -2.7%-ի շրջանակներում, անցումային և զարգացող Ասիայի երկրներում աճը կկազմի 6.5%, որն ամենաբարձն է ամբողջ համաշխարհային տնտեսության տարածաշրջանների մեջ: Սա նշանակում է, որ ասիական տարածաշրջանը ցանկացած տնտեսական զարգացումների պարագայում իր հաստատուն և կայուն դիրքերը չի թուլացնում: Անցումային և զարգացող եվրոպական երկրները կարձանագրեն 3.0%-անոց տնտեսական աճ, իսկ դա նշանակում է, որ այս երկրներում ևս որոշակի ակտիվություն է նկատվում: Որոշակի դրական զարգացումներ կան նաև Եվրոպական Միության երկրներում, քանի որ 2014թ.-ի 1.5%-ի փոխարեն 2015թ.-ին կգրանցվի 1.9%-ի հասնող տնտեսական աճ: Լատինական Ամերիկայի և կարիբյան ավազանի երկրների տնտեսական վիճակը ևս բացասական տիրույթում է -0.3%:

2015թ.-ի համաշխարհային ՀՆԱ-ի կանխատեսումները հրապարակել են ԱՄՀ-ի "Համաշխարհային տնտեսության տեսլականը" զեկույցում: Նշենք, որ այս զեկույցը հրապարակվում է տարեկան երկու անգամ ապրիլին և հոկտեմբերին: Ապրիլյան զեկույցին մենք անդրադարձել ենք մեր նախկին հրապարակումներից մեկում, որտեղ, ի դեպ, կանխատեսումներն ավելի լավատեսական էին: 2015թ.-ի "Համաշխարհային տնտեսության տեսլականը" զեկույցը վերնագրված է այսպես` "Հարմարվում ենք ապրանքների ցածր գներին" (Adjusting to Lower Commodity Prices), դա բացատրվում է նրանով, որ ամբողջ համաշխարհային տնտեսության մեջ, բացառությամբ որոշ տարածաշրջանների, հատկապես` ԱՄՀ-ի, նկատվում են ինֆլյացիայի բավականին ցածր միտումներ կամ դեֆլյացիոն զարգացումներ:

Այս երևույթի դեմ իրենց ակտիվ պայքարն են մղում համաշխարհային տնտեսության մեջ մեծ դերակատարում ունեցող բանկերը` ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը, Եվրոպական կենտրոնական բանկը, Անգլիայի և Ճապոնիայի բանկերը և այլն: Սակայն բարձրացնել ինֆլյացիան նրանց չի հաջողվում, անկախ նրանից, որ վերջիններս հսկայական միջոցներ են ներարկում տնտեսության մեջ փորձելով հասնել որոշակի ինֆլյացիայի:

Համաշխարհային տնտեսության մեջ տնտեսական աճի տեմպերը վերանայվում են գրեթե նույն տրամաբանությամբ, ինչպես և Հայաստանում, սակայն համաշխարհային տնտեսությունը 3%-անոց աճի տեմպերի պարագայում անգամ կարող է լուրջ զարգացման հեռանկար ունենալ: Հայաստանի համար 2.5-3% ՀՆԱ-ի աճը հավասարազոր է տարեկան մոտ 250-300 մլն ԱՄՆ դոլարի հասնող առաջընթացի, իսկ եթե այս ցուցանիշը համեմատենք տարեկան վերցվող կամ ավելացվող պետական պարտքերի հետ, ապա տնտեսությունը ոչ թե աճ, այլ պարտքեր կուտակողի կարգավիճակում կհայտնվի:

Այնուամենայնիվ, մնում է հուսալ, որ համաշխարհային տնտեսության մեջ նկատվող տնտեսական աճի դանդաղող տեմպերը կշրջանցեն ՀՀ տնտեսությունը և Հայաստանը հնարավորություն կունենա խուսափել համաշխարհային տնտեսության բացասական զարգացումներից:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:20 Հոկտեմբեր 20, 2015

Ամենաընթերցված նյութեր