Որքա՞ն գումար են երևանցիները ծախսել ամառային հանգստի վրա

Ամառային հանգստի վրա երևանցիների կողմից պլանավորվող ծախսերին անդրադարձել էինք դեռևս ամռան ամիսներին: Այժմ ունենք արդեն փաստացի ցուցանիշներ, որոնք բավականին հետաքրքիր են: Խնդիրներից գլխավորը մնում է այն, որ երևանցիների մեծ մասը` մոտ 72%-ը, ընդհանրապես ամռան ընթացքում հանգստի մեկնել չի կարողանում:

Այսպես, հաշվի առնելով, որ ամառային հանգստի ժամանակահատվածն արդեն ավարտվել է, ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական թիմի կողմից երևանցիներին ուղղվել է հետևյալ հարցը. "Որքա՞ն գումար եք ծախսել ամառային հանգստի համար:

Նախ նշենք, որ ընդհանուր հարցվածների միայն 28.2%-ն է դրական պատասխանել այն հարցին, որ ամառվա ընթացքում գումար է ծախսել հանգստի վրա, իսկ մնացյալ 71.8%-ը չեն հանգստացել` գուցե ժամանակ կամ ֆինանսական հնարավորություններ չունենալով, ավելի հավանական է` 2-րդ տարբերակի պատճառով:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ հարցվողների 11.8%-ն ամառային հանգստի վրա ծախսել են մինչև 100 հազար ՀՀ դրամ: Հանգիստը կազմակերպողների այս խումբն ունի ամենաքիչ հնարավորությունները, չնայած կարելի է համարել, որ նրանք հասարակության 30%-ի մեջ են գտնվել իրենց եկամուտներով և կարողացել են հանգստի համար ֆինանսական ռեսուրսներ գտնել: Դեցիլային (10%-անոց) բաշխվածությամբ նայելու պարագայում բարձր եկամուտներ ունեցողների միայն վերջին 3 խմբերն են իրենց թույլ տվել ամառային հանգստից օգտվել:

100-200 հազար ՀՀ դրամ են ծախսել հարցվողների 4.5%-ը: Հանրագումարային տեսքով այս երկու խմբերը կազմում են երևանցիների 16.3%-ը: 200-300 հազար ՀՀ դրամ` են ծախսել ամառային հանգստի վրա դրական պատասխանածների 4.2%-ը:

Ուշադրություն դարձնելով գրաֆիկի հաջորդ հատվածներին, նկատում ենք, որ հարցվողների 7.5%-ն են իրենց հանգստի համար ծախսում են 300 հազար ՀՀ դրամից ավելի գումար: Դրանք բարձր եկամուտներ ունեցողներն են, իսկ ամենայն հավանականությամբ վերջին 2 ամենահարուստների խմբերում մտնողները նման միջոցներով իրենց հանգիստը կազմակերպում են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

Պարզ է, որ ամառային հանգիստ կազմակերպելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հասու են մեր հասարակության ոչ բոլոր անդամներին, միևնույն ժամանակ` հասարակության մի ստվար զանգված դրանից չօգտվելով ունենում է գերհոգնածություն, աշխատանքի արտադրողականության անկում և առողջական խնդիրներ:

Պետական քաղաքականությունն այս ոլորտում ակտիվացել է միայն սոցիալական փաթեթների մասով, սակայն պետական ոլորտում աշխատողների տեսակարար կշիռը ևս մեծ չէ, իսկ սոցիալական փաթեթները հասարակության գրեթե 80%-ի վրա չեն տարածվում: Այս խնդիրը դեռևս իր լուծումը պետք է ստանա, սակայն առանց հասարակության եկամուտների ավելացման և աղքատության կրճատման դա առաջիկա տարիներին դժվար թե հաջողվի:


ԲԱՐՈՄԵՏՐ

 

11:30 Սեպտեմբեր 26, 2015

Ամենաընթերցված նյութեր