Երևանցիներն այս ամռանը Հայաստանից դուրս հանգստացել են հիմնականում Վրաստանում, Ռուսաստանում և Եգիպտոսում

Առանձին ուսումնասիրության առարկա է երևանցիների արտերկրում հանգիստը կազմակերպելու և կոնկրետ երկրներին նախապատվություն տալու հարցը: Իհարկե, ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական թիմի կողմից երևանցիներին ուղղած "Որտե՞ղ եք կազմակերպել այս տարի Ձեր/Ձեր ընտանիքի ամառային հանգիստը" հարցի պատասխաններից պարզ դարձավ, որ երևանցիների կամ նրանց ընտանիքների 71.8%-ը հանգստի չի մեկնել, իսկ մնացած 28.2%-ից ՀՀ տարածքում են հանգստացել են` 17.9%-ը, արտերկրում` 10.3%-ը:

Հենց այդ 10.3% (հոդվածի մյուս հատվածում դա կընդունենք որպես 100% արտերկիր մեկնողների ցուցանիշ) արտերկիր մեկնածների աշխարհագրական կառուցվածքի ուսումնասիրության համար ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական թիմի կողմից երևանցիներին ուղղվել է մեկ այլ հարց. "Եթե, հանգստացել եք Հայաստանից դուրս, ապա որտե՞ղ":
Առաջատարի դիրքում, ինչպես և կարելի էր ակնկալել` Վրաստանն է, որտեղ այս տարի հանգստացել են արտերկիր մեկնած երևանցիների 52.9%-ը (գրաֆիկ 2): Սա բավականին բարձր ցուցանիշ է և նշանակում է, որ Վրաստանն իր առաջարկած տուրիստական ծառայությունների գնային ճիշտ քաղաքականությամբ բավականին գրավիչ է ՀՀ-ից մեկնող զբոսաշրջիկի համար: Ի դեպ, ըստ Վրաստանի պաշտոնական վիճակագրության, այս ամռանն ամենաշատ տուրիստներ Վրաստան են այցելել հենց Հայաստանից:

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն Հայաստանում և Վրաստանում հանգիստը կազմակերպելու համար անհրաժեշտ ծախսերն իրար բավականին մոտ են (մոտ 800 ԱՄՆ դոլար), սակայն Վրաստանի ծով ունենալու հանգամանքը լուրջ առավելություն է տալիս վերջինիս:
Հարցումների համաձայն 2-րդ և 3-րդ հորիզոնականներն իրար մեջ կիսում են Ռուսաստանը և Եգիպտոսը: Ռուսաստան մեկնելու հանգամանքը կապվում է Ռուսաստանում մեծ սփյուռք ունենալու, հարազատներին այցելելու և միաժամանակ այցելությունը զբոսաշրջային նպատակների հետ համատեղելու հետ: Իսկ ինչ վերաբերում է Եգիպտոսին, ապա նույն մեկնաբանությունը չենք կարող տալ, այս վայրերն այդ առումով ունեն ավելի մեծ գրավչություն, քան Ռուսաստանը:

Արևելյան Եվրոպային (Բուլղարիա, Ռումինիա, Մոլդովա, Ուկրաինա և այլն) բաժին է ընկել ՀՀ-ից արտերկիր մեկնողների 5.9%-ը, որը 4-րդ ցուցանիշն է: Փատորեն Արևելյան Եվրոպայում ևս բավականին շատ են հանգստանում, քանի որ վերջինս ունի հարաբերականորեն ավելի էժան գնային քաղաքականություն, իսկ մյուս կողմից այստեղ հնարավոր է նաև շփվել ռուսերեն, որը նույնպես առավելություն է:
Աշխարհի այլ մասերում հանգստացող երևանցիների տեսակարար կշիռը, հատկապես առանձին վերցրած երկրներում, շատ չնչին է, որին առանձին անդրադառնալ պարզապես տեղին չէ:

Այնուամենայնիվ, միջազգային զբոսաշրջությունը բավականին ընդգրկուն և հետաքրքիր դաշտ է, որտեղ միայն հարցումներով չենք կարող բացահայտել բոլոր հարցերի պատասխանները: Մնում է շատ գումար աշխատել և ինչպես ասում է Դալայ Լաման. "Տարին մեկ անգամ (կամ այնքան հաճախ ինչքան հնարավոր է) գնալ մի որևէ տեղ, որտեղ երբեք անցյալում չես եղել":


ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Սեպտեմբեր 25, 2015

Ամենաընթերցված նյութեր