Որտե՞ղ են այս ամռանն իրենց հանգիստը կազմակերպել երևանցիները

Զբոսաշրջային հոսքերի ուսումնասիրության ժամանակ կարևոր նշանակություն ունի նաև դրանց աշխարհագրական կառուցվածքի ուսումնասիրությունը: ԲԱՐՈՄԵՏՐԸ փորձեց պարզել անցած ամառվա ընթացքում երևանցիների ամառային հանգստի աշխարհագրության բազմազանությունը, բաժանելով դրանք երեք խոշեր խմբերի (ՀՀ-ում, ԼՂՀ-ում և արտերկրում):

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական թիմի կողմից երևանցիներին ուղղվել է 3 հարց.

Առաջին

"Հնարավորություն ունեցե՞լ եք, արդյոք, ամռան ընթացքում ճամփորդել Հայաստանում":

Ինչպես տեսնում եք գրաֆիկ 1-ում, Հայաստանում անցած ամառվա ընթացքում ճամփորդել են երևանցիների մոտ 25%-ը, իսկ 75%-ը` ոչ:

Երկրորդ

"Հնարավորություն ունեցե՞լ եք, արդյոք, ամռան ընթացքում ճամփորդել ԼՂՀ-ում":

Այս հարցն իր մեջ ունի ոչ միայն զբոսաշրջային աշխարհագրության բացահայտման տարր, այլ նաև որոշ հայրենասիրական ուղղվածություն, քանի որ Հայաստանում ապրող հայերից շատերն իրենց կյանքում ոչ մի անգամ չեն եղել Արցախում (ԼՂՀ-ում): Իսկ դա, կարելի է ասել, նաև բացթողում է, քանի որ հայրենիքը տեսնելով, ճամփորդելով, նրա հող ու ջրին, բնությանը մոտ լինելով են ավելի սիրում և կապվում վերջինի հետ: Այսպես, ըստ հարցվածների պատասխանների (գրաֆիկ 2), ԼՂՀ մեկնելու հնարավորություն է ունեցել միայն երևանցիների 5.5%-ը:

Հետաքրքիր կլիներ նաև բացահայտել, թե Հայաստանում ապրող հայերի քանի տոկոսն է իր կյանում երբևէ եղել ԼՂՀ-ում:

Երրորդ

"Հնարավորություն ունեցե՞լ եք, արդյոք, ամռան ընթացքում ճամփորդել արտերկրում":

Այս հարցը կցանկանայինք դիտարկել նախորդ հարցի հետ համադրությունների և համեմատությունների համատեքստում: Պարզվում է (գրաֆիկ 3), որ հարցվողների 9.4%-ը իրենց ամառային հանգիստը կարողացել են կազմակերպել արտերկրում: Գուցե այս մարդկանց մեջ կան նաև այնպիսիք, որոնք միաժամանակ նաև իրենց հանգիստը կազմակերպել են ԼՂՀ-ում, սակայն ինչպես երևում է նախորդ գրաֆիկից, ԼՂՀ-ում հանգստացել է միայն 5.5%-ը:

Իհարկե, ծովային հանգստավայրերն առաջատար են հանգստի կազմակերպման համար ամբողջ աշխարհում: Մենք նույնպես այս հարցում բացառություն չենք. հայերը նույնպես նախընտրում են հանգստանալ ծովափնյա երկրներում, իրենց աշխատած գումարներն ուղղելով այլ երկրների տնտեսությանը: Սակայն մի՞թե չի կարելի այդ գումարների մի ստվար զանգված ուղղել, օրինակ ԼՂՀ-ում տուրիզմի զարգացմանը, ինչպես նաև ՀՀ և ԼՂՀ տնտեսական հզորացմանը: Այս հարցադրումները, կարծում ենք, երբեմն կշեռքի տարբեր նժարների վրա են դնում հայրենասիրությունը և բարեկեցությունն ու հարմարավետությունը, ծովափնյա երկրներում լինելու ցանկությունը և այլն:

Իհարկե, դժվար է այդ հարցերի շուրջ միանշանակ տեսակետ հայտնելը, միևնույն ժամանակ` սեփական երկրի արտադրողի արտադրանքը գնելը, սեփական երկրի տուրիստական հնարավորություններից օգտվելը, ինչպես նաև երկրի տնտեսությունը զարգացնելը սկսվում է նման փոքր քայլերից: Բայց մյուս կողմից` նաև պետք է, որ ՀՀ և ԼՂՀ զբոսաշրջության զարգացման ոլորտի պատասխանատուները, ոլորտում գործող բիզնեսմենները ևս կարողանան ստեղծել համապատասխան պայմաններ ու առաջարկել այնպիսի ծառայություններ (հատկապես գների առումով), որպեսզի մարդիկ, թեկուզ փոքր բյուջեով հնարավորություն ունենան օգտվել իրենց երկրում գործող տուրիստական ծառայություններից:


ԲԱՐՈՄԵՏՐ

 

 

 

10:30 Սեպտեմբեր 24, 2015

Ամենաընթերցված նյութեր