Ռուբլու արժեզրկումն ու Ռուսաստանի տնտեսության վատթարացումն իրենց վրա զգացել են երևանցիների 60%-ը

Տարբեր երկրների տնտեսությունների փոխկապակցվածության, ինչպես նաև միմյանց վրա թողած ազդեցությունների ուսումնասիրությունը գտնվում է մի շարք տնտեսագետների ուշադրության կենտրոնում: Այս համատեքստում, Հայաստանը համարվում է Ռուսաստանից անմիջականորեն կախվածություն ունեցող երկրներից մեկը: Իհարկե, որոշ մասնագետներ, ովքեր ունեն ծայրահեղական մոտեցումներ, գտնում են, որ ՌԴ-ի կողմից Հայաստանի տնտեսության վրա ազդեցությունը հասնում է բավականին բարձր մակարդակի և դրա արդյունքում Հայաստանը կորցնում է իր` սեփական տնտեսական քաղաքականություն վարելու սուվերենությունը կամ ինքնավարությունը: Մեկ այլ` հակառակ տեսակետ ունեցողների մոտ էլ կա այն պատկերացումը, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության վրա ազդեցություն չունի:

Իրականությունը, որը կարելի է բացահայտել մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաև տնային տնտեսությունների և ազգաբնակչության շրջանակներում անցկացված հարցումների միջոցով` ցույց են տալիս համապատասխան հարցման արդյունքները:

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական թիմի կողմից Երևանի տնային տնտեսություններին ուղղվել է հետևյալ հարցը. "Որքանո՞վ է ազդել ռուբլու արժեզրկումն ու ՌԴ տնտեսության վիճակի վատթարացումը Ձեր ընտանիքի ֆինանսական դրության վրա":

Հարցվողների 39.4%-ը նշել է, որ և ռուբլու և ՌԴ տնտեսության վիճակի վատացումը շատ է ազդել իրենց ֆինանսական դրության վրա: 21.2%-ի պնդմամբ` հիմնականում ազդել է, այսինքն` այս երկու խմբերը միավորելու պարագայում ստացվում է, որ հարցվողների 60%-ից ավելին իրենց գրպանի վրա անմիջականորեն զգում են ՌԴ-ում տեղի ունեցող ազդեցությունները: Այս խումբը կարելի է բնորոշել որպես ՌԴ-ում բարեկամներ, աշխատանքի մեկնած ընտանիքի անդամներ և ՌԴ-ի հետ առևտրային կապեր ունեցողներ (հիմնականում արտահանում) և այլն:

Իսկ ինչպես ցույց են տալիս Հայաստանի 2015թ.-ի հունվար-հուլիս ամիսների սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշները, մեր արտահանման միայն 12.5%-ն ուղղվել է ՌԴ, իսկ ՌԴ-ից Հայաստան ներմուծումը կազմում է մեր ամբողջ ներմուծման 30.2%-ը: Եվ դա միայն բավական է պատկերացնելու համար մեր առևտրային գործընկերության մակարդակը: Այսինքն` ՌԴ-ն առաջինն է և’ արտահանման, և’ ներմուծման բնագավառում:

"Հիմնականում չի ազդել" պատասխանն է տվել հարցվողների 11.5%-ը, այսինքն` այստեղ էլ կարելի է եզրակացնել, որ ազդեցություն եղել է, բայց չնչին: Իսկ "ընդհանրապես չի ազդել" պատասխան տվել են հարցվողների 27.9%-ը, այսինքն` երևանցիների մի խումբ, ովքեր ռուբլու հետ կապ չունեն, չունեն արտագնա աշխատանքի մեկնած բարեկամներ, չեն ակնկալում ՌԴ-ից ուղարկվող որևէ դրամական հոսք կամ տրանսֆերտ:

Հիմնական եզրակացությունն այն է, որ բավականին լուրջ ֆինանսական կախվածություն ունենք ՌԴ-ից, որը դիվերսիֆիկացնելու փոխարեն, ավելի ենք խորացնում ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության արդյունքում: Իհարկե, դա Հայաստանի ինտեգրացման վեկտորի ընտրության հետ է կապված, սակայն խնդիրը մնում է այն, որ ինտեգրացման գործընթացներից մենք տնտեսական օգուտներ ստանալու փոխարեն դեռևս կրում ենք վնասներ, քանի որ ՀՀ արտահանողների համար ՌԴ-ում չկա նպաստավոր փոխարժեք, իսկ ՀՀ ԿԲ-ն վարում է դրամի կայուն կուրս ունենալու քաղաքականություն թույլ չտալով, որ այն արժեզրկվի: Դրանից օգտվում են ՌԴ-ից ներմուծողները, քանի որ ՀՀ դոլարը հոսում է դեպի ՌԴ և կուրսային այս անհամապատասխանությունը հանգեցնում է ՌԴ-ից ներմուծվող ապրանքների տեսակարար կշռի ավելացման:

Իհարկե, միայն արտահանողների շահերից ելնելով դրամն արժեզրկելը ևս նպատակահարմար չէ, սակայն այն, որ ԵԱՏՄ երկրների և որպես անդամ` ՀՀ տնտեսական քաղաքականության մեջ առկա են անհամապատասխանություններ` ակնհայտ է:


ԲԱՐՈՄԵՏՐ

 

22:30 Սեպտեմբեր 18, 2015

Ամենաընթերցված նյութեր