Գործ ենք անու՞մ, թե՞ փող ենք աշխատում

Այն, որ Հայաստանում անկախացումից ի վեր սոցիալական գլխավոր հիմնահարցերից մեկը աշխատատեղերն են և աշխատանքի բացակայությունը կամ սակավությունը, փաստ է: Փաստ է նաև, որ աշխատանքի բացակայությունն է հանդիսանում երկրի համար չարիք հանդիսացող արտագաղթի հիմնական պատճառներից մեկը: Բայց, որքան կարևոր է աշխատանքը, ոչ պակաս կարևոր է դրա նկատմամբ մեր վերաբերմունքը, այլ կերպ ասած՝ այն, թե ինչպես ենք մենք ընկալում աշխատանքը՝ որպես զուտ եկամտի աղբյո՞ւր, թե՞ սիրած գործով զբաղվելու հնարավորություն, նյութական ու հոգևոր բարիքներ ստեղծելու միջո՞ց, թե՞ ինքնակատարելագործման պրոցես և այլն:

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց պարզել աշխատանքի ընկալումը երևանցիների կողմից: Այն հարցին, թե ինչն են կարևորում աշխատանքի մեջ, հարցվողների 52.7%-ը պատասխանեց՝ աշխատավարձի չափը: Տոկոսային հարաբերությամբ ամենատարածված երկրորդ պատասխանն էր՝ աշխատանքի բովանդակությունը (19%), իսկ երրորդը՝ աշխատանքի հեռանկարը (16%):

Պատասխանների այս հերթականությունն ու տրամաբանությունը միանգամայն համահունչ են հայկական իրականությանն այն իմաստով, որ նախևառաջ կարևոր է վարձատրության չափը և հետո միայն այն, թե որն է աշխատանքի բովանդակությունը (ինտելեկտուալ, թե ֆիզիկական, հումանիստական, թե երբեմն ոչ այնքան և այլն): Այն, որ աշխատանքային հեռանկարները երևանցիները հիմնականում ստորադասում են աշխատավարձին և աշխատանքի բովանդակությանը, կապված է, հավանաբար, հայերի մոտ տարածված "այստեղ և հիմա" սկզբունքի հետ, որի համաձայն մեզանից շատերն, աշխատանքի ընդունվելով, ուզում են ունենալ ամեն ինչ՝ տուն, մեքենա, գումար բանկում և այլն, հենց հիմա և միանգամից, ինչը բերում է նրան, որ մենք չենք կարողանում տեսնել այն հեռանկարները, որոնք բացում է մարդու համար այս կամ այն աշխատատեղը:

Ավելի քիչ մարդ՝ հարցվածների 9.4 %ը, պատասխանել է, որ առավել մեծ կարևորություն է տալիս աշխատանքի և հանգստի ժամերի ճիշտ բաշխվածությանը, իսկ պաշտոնը որպես աշխատանքի ամենակարևոր բաղկացուցիչ նշել է հարցվածների ընդամենը 2.4%-ը:

Հարցման արդյունքները վկայում են, որ այսօր երևանցիների համար աշխատանքն ասոցացվում է առաջին հերթին աշխատավարձի և կատարվող աշխատանքի բովանդակության հետ, այլ կերպ ասած՝ աշխատանքի հետ կապված հարցը կարելի է ձևակերպել այսպես. "Ի՞նչքան են վարձատրում և ի՞նչ պետք է անեմ":

 

ԲԱՐՈՄԵՏՐ

17:06 Սեպտեմբեր 18, 2015

Ամենաընթերցված նյութեր