ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ երևանցիների տեսակետները

Մոտ 2 տարի առաջ Հայաստանը փոխեց իր արտաքին քաղաքականության վեկտորը և Եվրոպական միության հետ համագործակցության ընդլայնման փոխարեն նախընտրեց Եվրասիական տնտեսական միությունը: Մի կողմ թողնելով վերջինիս քաղաքական գործոնները, անվտանգության նկատառումները, տնտեսական հնարավոր դրական և բացասական զարգացումները, փորձենք բացահայտել այն հարցի պատասխանը, թե ԵԱՏՄ անդամակցության արդյունքում Հայաստանում ազգաբնակչությունը դրական տեղաշարժեր զգո՞ւմ է, թե՞ ոչ: Այսինքն` այս ինտեգրացիոն գործընթացները փորձենք չափել "հասարակության բարոմետրով":

Այդ նպատակով ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական թիմի կողմից երևանցիներին ուղղվել է հետևյալ հարցը. "Զգացե՞լ եք արդյոք Հայաստանում դրական տեղաշարժեր ԵԱՏՄ (Եվրասիական տնտեսական միության) անդամակցության մոտ 9 ամիսների ընթացքում":

"Միանշանակ այո" պատասխանել կամ դրական տեղաշարժեր են նկատել հարցվողների 2.7%-ը: "Ավելի շուտ այո" են պատասխանել հարցվողների 10%-ը: Կարելի է ասել, որ 12.7%-ի մոտ դրական ուղղվածության պատկերացումներ են ԵԱՏՄ անդամակցության հետ կապված: Եթե վերջինիս պայմանականորեն ավելացնենք նաև "չգիտեմ" պատասխանողներին, որոնք կազմում են հարցվողների 6.1%-ը, ապա միևնույնն է դրական պատասխանների տեսակարար կշիռը չի հասնի 20%-ի: Սա նշանակում է, որ դրական տեղաշարժեր անդամակցությունից շատերը չեն զգում և վերջիններիս համար Հայաստանի ինտեգրացիոն վեկտորի փոփոխությունը ոչ մի ակնհայտ դրական տեղաշարժ, գոնե առայժմ, չի արձանագրել:

"Ավելի շուտ ոչ" պատասխան են տվել հարցվողների 29.1%-ը, իսկ "միանշանակ ոչ"` 52.1%-ը, այսինքն` դրական տեղաշարժեր ընդհանուր առմամբ չեն նկատել հարցվողների 80%-ից ավելին: Սա ցույց է տալիս, որ հասարակությունն, իր պրիզմայով չափելու պարագայում, ԵԱՏՄ-ից դրական ազդակներ չի ստանում, որի արդյունքում էլ ձևավորվում է նման կարծիք: Բավականին հետաքրքիր կլիներ, եթե ունենայինք նաև մինչև անդամակցությունն ունեցած տեսակետները, ինչպես նաև փորձեինք հասկանալ, արդյոք արդարացա՞ն անդամակցության ակնկալիքները, թե ոչ: Իհարկե, այս պատկերը ունի մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Կարելի է գտնել 1000 ու մի պատճառ, հիմնավորելով դա նավթի գներով, ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցներով, Ղազախստանի ոչ բարիդրացիական դիրքորոշումներով, համաշխարհային տնտեսության մեջ բացասական զարգացումներով և այլն: Սակայն հասարակության համար դրանք հիմնավորումներ չեն, դրանք փորձագետների, քաղաքագետների կամ տնտեսագետների համար են, իսկ հասարակությունը ցանկանում է, որ յուրաքանչյուրն իր բարեկեցության վրա զգա այս անդամակցության տնտեսական և ֆինանսական արդյունքները:

Մնում է միայն հուսալ, որ ԵԱՏՄ մեր դաշնակիցների տնտեսական հզորությունը, ինչպես նաև ՀՀ համագործակցությունը վերջիններիս հետ, գոնե երկարաժամկետ հեռանկարում, կբերեն իրենց դրական արդյունքները: Եվ պետք չէ ակնկալել, որ որևէ երկրի ռեսուրսների հաշվին տնտեսական զարգացում ենք ունենալու, քանի որ բոլոր երկրները շուկայական տնտեսության պայմաններում շատ լավ գիտակցում են իրենց շահերի շրջանակներն ու սահմանները: Անհրաժեշտ է, որ մեր երկիրն ունենա լուրջ արդյունքներ, որոնք կառաջարկի իր գործընկերներին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

12:30 Սեպտեմբեր 17, 2015

Ամենաընթերցված նյութեր