ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշների միտումները 2015թ.-ի հունվար-հուլիսին

ՀՀ տնտեսության մեջ տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ բավականին իրարամերժ մեկնաբանություններ են տալիս տարբեր փորձագետներ, ինչպես նաև պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց կարծիքները սկզբունքորեն հակադիր բևեռներում են գտնվում: Շատերի մոտ այնպիսի կարծիք է, որ տնտեսական աճն իրականում չկա, իսկ վիճակագրական ցուցանիշները փաստում են, որ 2015թ.-ի առաջին 7 ամիսների կտրվածքով ունենք 104.2%-անոց տնտեսական ակտիվության ցուցանիշ:

Տնտեսական աճն իր սեփական բարեկեցության վրա չզգացող, ավելի վատ ապրող յուրաքանչյուր տնային տնտեսություն, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտ, հակված է պնդելու, որ տնտեսական աճը բացակայում է: Ավելին` տնտեսական աճը շատ դեպքերում չունենալով համաչափ բաշխվածություն, իր վրա զգում է հասարակության մի փոքր հատվածը կամ 10%-ից ոչ ավելին: Այսինքն` բավականին դժվար է այդ 10%-ի կամ իշխանությունների կողմից հասարակության 90%-ին համոզել, որ տնտեսական աճ կա: Եվ անգամ հնչում են մեկնաբանություններ, որ տնտեսական աճը շատ հավանական է, որ հասարակությունն իր վրա չզգա: Իսկ վերջերս շրջանառվում է ավելի անիրական կամ տնտեսական բացատրությունների և տրամաբանությունից շեղվող մոտեցում, այն է` տնտեսական ակտիվությունը կամ աճը չի արտացոլվում նաև բյուջեի մուտքային կամ եկամտային մասում:

Այսինքն` ստացվում է կա տնտեսական աճ, սակայն չկան հարկային մուտքեր կամ բյուջեի եկամուտների աճ: Միանգամից հարց է առաջանում, իսկ եթե կա տնտեսական աճ, ինչո՞ւ չկան հարկային եկամուտներ: Հնարավոր պատասխաններից է այն, որ հարկային եկամուտները չեն կարողացել հավաքագրել (հարկայինն է թերացել), իսկ գուցե տնտեսական աճը հենց այն ոլորտներում և բիզնեսներում է, որտեղից հարկերի հավաքագրումը խիստ դժվար է կամ էլ հենց հարկային վճարումներից խուսափողների մոտ է արձանագրվել տնտեսական աճ: Սակայն սա ևս ենթադրությունների շարքց է, քանի որ իրականում եթե կա տնտեսական աճ, ապա համարժեք հարկային մուտքերը պետք է արտացոլվեն բյուջեում:

Այսպես, արդյունաբերական արտադրանքի ծավալը 2015թ. հունվար-հուլիսին 2014թ. հունվար-հուլիսի նկատմամբ աճել է 104.1%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը` 114.8%-ով, շինարարության ծավալը 100.4%-ով և այլն: Աննախադեպ աճ արձանագրած գյուղատնտեսությունը ամենակասկածելի ոլորտներից մեկն է, քանի որ եթե դա արտահանման հաշվին է, ապա մաքսային սահմանի վրա հստակ երևում է բեռնափոխադրումների ծավալը, իսկ թե "X" կամ "Y" գյուղատնտեսական մթերքի շուկայում ինչքան բերք իրացվեց կամ գյուղացիներից որ մեկի հողամասում շատ ավելի շատ բերք եղավ, քան նախորդ տարիներին` շատ դժվար է գնահատել կամ հաշվել: Իսկ հաշվարկների մոտավոր չափը կամ տնտեսական աճը գյուղատնտեսության հաշվին հիմնավորելը բավականին հեշտ է: ՀՀ-ում գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ կազմում է մոտ 20%, իսկ այդ ոլորտում արձանագրված մոտ 15% հավելաճը կարող է ՀՆԱ-ի աճի մեջ ունենալ 3% մասնաբաժին: Այսինքն` 2015թ.-ի 7 ամիսների 4.2% աճի մեջ գյուղատնտեսությունն ունի 3%-անոց մասնաբաժին, իսկ մյուս ոլորտներն իրար հետ վերցրած` 1.2%:

ՀՀ-ում 2015թ.-ի առաջին 7 ամիսների կտրվածքով ներքին առևտրաշրջանառությունը նվազել է` կազմելով 95.3%, իսկ դա ունի 2 բացատրություն, այն է` կա’մ մարդիկ վատ են ապրում և չունեն գումար առևտրի նախկին ծավալներն ապահովելու համար, կա’մ այն մարդիկ, ովքեր պետք է սպառեին, ՀՀ-ում չեն գտնվում (արտագաղթել են, զբոսաշրջության նպատակներով մեկնել են և այլն):

Սպառողական գների ինդեքսը դիտարկվող ժամանակահատվածում կազմել է 105.0%: Դա նշանակում է, որ կրկին ռիսկերի առաջ է կանգնած ՀՀ ԿԲ-ն, քանի որ ընդամենը 0.5% է մնում, որպեսզի գնաճը գերազանցի բյուջեում ամրագրված 4 +/- 1.5% մակարդակը: Այսինքն` այստեղ ևս կոշտ միջամտությունների կարիք է ապագայում զգացվելու` գնաճը տնտեսության մեջ բարեկեցության նվազեցման հաշվին կարգավորելու համար:
Վերջապես վերականգնվեց նաև էլեկտրաէներգիայի արտադրության աճը` կազմելով 101.9%, սակայն այս միտումները ևս փոփոխության կենթարկվեն թանկացումներից հետ, այսինքն` կլինի դրամական արտահայտությամբ աճ, իսկ սպառման ծավալները կնվազեն:

Աղյուսակ

2015թ. հունվար-հուլիսի (աճողական) ­արդյունքները բնութագրող հիմնական ցուցանիշները, էջ 7:

 

Չափի

միավոր

2015թ.

հունվար- հուլիս

2015թ. հունվար-հուլիսը

2014թ. հունվար-հուլիսի

նկատմամբ, %

Տնտեսական ակտիվության ցուցանիշը

%

x

104.2

Արդյունաբերական արտադրանքի ծավալը

մլն.դրամ

722360.1

104.1

Գյուղատնտեսության համախառն

արտադրանքի ծավալը

 

մլն. դրամ

328386.7

114.8

Շինարարության ծավալը

մլն. դրամ

170814.8

100.4

Առևտրի շրջանառությունը

մլն. դրամ

1211339.1

95.3

Ծառայությունների ծավալը (առանց առևտրի)

մլն. դրամ

641790.2

102.4

Սպառողական գների ինդեքսը

%

x

105.0

Էլեկտրաէներգիայի արտադրությունը

մլն. կՎտ.ժ

4406.7

101.9

Միջին ամսական անվանական աշխատավարձը

դրամ

179963

109.9

Արտաքին առևտրաշրջանառությունը,

այդ թվում`

մլն. դոլար

2657.3

80.1

մլրդ. դրամ

1267.1

x

 արտահանում

մլն. դոլար

847.0

100.1

մլրդ. դրամ

403.8

X

 ներմուծում

մլն. դոլար

1810.3

73.3

մլրդ. դրամ

863.3

x

Արտաքին առևտրաշրջանառությունն անկում է ապրել 19.9%-ով, արտահանումը մնացել է նախորդ տարվա մակարդակի վրա, իսկ ներմուծումը կրճատվել է 26.7%-ով: Սա նշանակում է, որ այդքան ծավալի ապրանք քիչ ենք սպառել, հումք քիչ են օգտագործել և այլն, իսկ թվային հաշվարկներով ներմուծման կրճատումը հավասար է ՀՆԱ-ի 6.6%-ին:

Եզրակացությունն այն է, որ ՀՀ տնտեսության վիճակն առնվազն նախաճգնաժամային է, իսկ թե ինչպես է արձանագրվում "ֆենոմենալ" տնտեսական աճ այս պայմաններում, անգամ Ադամ Սմիթն ու Ջոն Մեյնարդ Քեյնսը կդժվարանային բացատրել:


ԲԱՐՈՄԵՏՐ

15:34 Սեպտեմբեր 16, 2015

Ամենաընթերցված նյութեր