Սպառողական ծախսերի կառուցվածքը Հայաստանում

ՀՀ-ում անընդհատ աճող գների պայմաններում կյանքն ամեն ամիս ավելի է դժվարանում, ավելին, նախատեսվող գնային թանկացումները, որոնք ուղղված են սպառման մեջ մեծ տեսակարար կշիռ ունեցող ծառայություններին, կարող են հանգեցնել լուրջ սոցիալական լարվածության: Այս տեսանկյունից շատ մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր տնային տնտեսության սպառողական ծախսերի գումարային չափը, ինչպես նաև յուրաքանչյուր սպառվող ապրանքի և ծառայության տեսակարար կշռը: ՀՀ ԱՎԾ կողմից կատարված հաշվարկները (էջ 87) խոշորացված խմբերով են, սակայն դրանք պատկերացում են տալիս յուրաքանչյուր տնային տնտեսության կամ ընտանիքի սպառողական ծախսերի կամ սպառողական վարքագծի վերաբերյալ:

Իհարկե, ստորև ներկայացված տվյալները տարբեր են ըստ հասարակության առանձին եկամտային խմբերի և արտացոլում են միջինացված ցուցանիշները: 2010-2013թթ. ընթացքում 1 տնային տնտեսության սպառողական ամսական ծախսերը 109 հազար ՀՀ դրամից հասել են 130 հազար ՀՀ դրամի: Անվանական սպառողական ծախսերի կառուցվածքի վերլուծությունից պարզ է դառնում, որ ծախսերի գերակշիռ մասն ուղղվում է սննդամթերք գնելուն` մոտ 48 հազար ՀՀ դրամ: Վիճակագրությունը տարվում է նաև ըստ չգնված սննդամթերքի ևս, քանի որ մի շարք գյուղական տնային տնտեսություններ սպառում են իրենց իսկ սեփական արտադրանքը` սննդամթերքը:

Աղյուսակ 1

Անվանական սպառողական ծախսերը մեկ տնային տնտեսության հաշվով (միջին ամսական)

ՀՀ դրամ

 

2010

2011

2012

2013

Գնված սննդամթերք

42633

49548

48017

47866

Չգնված սննդամթերք

12189

11498

12585

12584

Հանրային սնունդ

1721

1580

1602

2177

Ալկոհոլային խմիչք

1036

894

881

835

Ծխախոտ

3843

4093

4370

4582

Ոչ պարենային ապրանքներ

16859

18264

22457

23343

Ծառայություններ

30834

32881

37419

39355

Հանրապետական միջինը

109115

118758

127331

130742

Իսկ այդ պարագայում 130 հազարից մոտ 60 հազար ՀՀ դրամ ուղղվում է սննդամթերքին, որն իրենց տարբեր տարիների ծախսերի մոտ 46.2-51.4%-ն է կազմում: Ի դեպ, վերջին տարիներին այս ծախսերը նվազել են, իսկ դա նշանակում է, որ մարդիկ խնայում են անգամ սննդի վրա և սկսել են վատ ապրել, իսկ եթե դրան գումարենք նաև սննդամթերքի գների թանկացումը, ապա գույներն ավելի կխտանան:

Երկրորդ խոշոր սպառման խումբը կապվում է ծառայությունների հետ, որոնք 4 տարվա ընթացքում ավելացել են մոտ 9 հազար ՀՀ դրամով, իսկ տոկոսային առումով տատանվել են 27.7-30.1% միջակայքում: Այստեղ կարելի է դիտարկել և’ ծառայությունների ծավալի ավելացումը, և’ դրանց գնաճը: Բայց այն հանգամանքը, որ ծառայությունների և սննդամթերքի վրա յուրաքանչյուր տնային տնտեսություն սպառում է մոտ 100 հազար ՀՀ դրամ դա ակնհայտ է, իսկ դա տոկոսային առումով կազմում է մոտ 76-79%:

Ծխախոտի և ալկոհոլի վրա տնային տնտեսությունները ծախսում են 5 հազար դրամից մի քիչ ավելի գումար, որը սպառողական ծախսերի 4.1-4.2%-ն է կազմում:

Աղյուսակ 2

Անվանական սպառողական ծախսերի կառուցվածքը (միջին ամսական)

Տոկոս

 

2010

2011

2012

2013

Գնված սննդամթերք

39.1

41.7

37.8

36.6

Չգնված սննդամթերք

11.2

9.7

9.9

9.6

Հանրային սնունդ

1.6

1.3

1.3

1.7

Ալկոհոլային խմիչք

0.9

0.8

0.7

0.6

Ծխախոտ

3.5

3.4

3.4

3.5

Ոչ պարենային ապրանքներ

15.4

15.4

17.6

17.9

Ծառայություններ

28.3

27.7

29.4

30.1

Հանրապետական միջինը

100.0

100.0

100.0

100.0

Հարկ է նաև նշել, որ դրամային արտահայտությամբ, տնային տնտեսությունները նվազեցրել են ալկոհոլի վրա կատարվող ծախսերը` 1036-ից հասցնելով 835 ՀՀ դրամի, իսկ ծխախոտի վրա կատարվող ծախսերն ընդհակառակը` ավելացրել են, 3843-ից հասցնելով 4582 դրամի, սակայն տեսակարար կշիռն այս երկու ապրանքների տոկոսային առումով չի փոխվել: Իհարկե, կարևոր է նաև հաշվարկել այս ապրանքատեսակների գնաճի միտումները` հասկանալու համար փոփոխության ենթարկվել են արդյոք վերջինների սպառման ծավալները: Սակայն անկախ այդ ամենից միտումները ցույց են տալիս, որ մարդիկ ալկոհոլը փոխարինել են ծխախոտով և վնասում են իրենց առողջությունը:

Հանրային սննդի օբյեկտներում սպառման ծախսերի տեսակարար կշիռը վերջերս ավելացել է, այն տատանվում է ծախսերի 1.3-1.7% միջակայքում:
Վերջում նշենք նաև, որ ոչ պարենային ապրանքների վրա կատարվող ծախսերը 1 տնային տնտեսության հաշվով կազմել են սպառողական ծախսերի 15.4-17.9%-ը: Այստեղ ևս վերջին տարիներին առկա են աճի միտումներ, քանի որ եթե 2010թ.-ին այս ոլորտում ծախսվում է 16-17 հազար ՀՀ դրամ, ապա 2013թ.-ին դրանք գերազանցել են 23 հազարը:

Այսպիսով` տնային տնտեսությունների սպառման կառուցվածքը մեզանից յուրաքանչյուրը պատկերացնում է իր սպառողական վարքագծով և սպառման պրիզմայով: Մյուս կողմից, հաշվի առնելով, որ ՀՀ-ում աղքատությունը մոտ 1-3-ի է հասնում, սպառողական ծախսերի վիճակագրական միջինացված պատկերը ստացվում է հենց այսպիսին: Իսկ այդ ցուցանիշներին նայելով հասկանում ենք, որ նման սպառողական ծախսերով մարդիկ ոչ թե ապրում են, այլ գոյատևման նվազագույն պայմաններ են ապահովում:


ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Սեպտեմբեր 15, 2015

Ամենաընթերցված նյութեր