Զգացե՞լ են Երևանի տնային տնտեսությունները տնտեսական աճն իրենց վրա

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական թիմը հուլիսին երևանիցներին ուղղել էր հետևյալ հարցը` "Զգու՞մ եք, արդյոք, Ձեր/Ձեր ընտանիքի օրինակով, որ Հայաստանում կա տնտեսական աճ":

Սա այն հարցադրումն է, որը ցույց է տալիս տարվող տնտեսական քաղաքականության և ազգաբնակչության վրա վերջինիս ազդեցության կապը:

Հարցման ստացված արդյունքները սպասելի էին և հիմնավորում են նաև ոչ իշխանական շրջանակների փորձագետների, ինչպես միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ և այլն) տեսակետները:

"Միանշանակ այո", կամ որ տնտեսական աճն իր և իր ընտանիքի վրա զգում է, պատասխանել են հարցվողների 0%-ը: Այսինքն` նման պատասխան չի հնչել: "Ավելի շուտ այո" պատասխանել են հարցվողների շատ չնչին մասը` 3.3%-ը, սա հասարակության կարելի է ասել հաջողակ և բարեկեցիկ ապրող խումբն է իրենցի ներկայացնում: Չնայած հարցումների տրամաբանությանը կամ գործընթացը պատկերացնող մարդկանց մեծ մասը պատկերացնում է, որ շատ լավ ապրողների և բարեկեցության բարձր մակարդակ ունեցողների դռները հարցում անցկացնողների առաջ չեն բացվում: Հետևաբար, այս խումբը կարելի է համարել 2-րդ կարգի բարձր բարեկեցություն ունեցողներ, իսկ շատ հարուստներն ամենայն հավանականությամբ պետք է որ պատասխանեին` միանշանակ այո:

"Ավելի շուտ ոչ" պատասխան տվել է հարցվողների 19.1%-ը, իսկ դա նշանակում է, որ այս խմբում ընդգրկվել են տնտեսական աճն իրենց վրա չզգացող, բայց դեռևս հույսեր ունեցողները:

"Միանշանակ ոչ" է պատասխանել հարցվողների 77.6%-ը, որը ամենամեծ խումբ է: Հանրագումարային առումով, "ավելի շուտ ոչ" և "միանշանակ ոչ" պատասխան տվածները միասին վերցրած կազմում են 96.7%: Հասարակության նման մեծ զանգվածին համոզել որ ՀՀ-ում առկա է տնտեսական աճ` դժվար թե հաջողվի:

Ստացվում է այնպես, որ հասարակության միայն շատ չնչին զանգվածն է իր վրա զգում տնտեսական աճը: Այս պարագայում կա մեկ խնդիր, այն է` ի՞նչպես անել, որ այդ 104.2%-անոց տնտեսական աճն իր վրա զգա հասարակության մեծ մասը, եթե, իհարկե, այդ աճը կա: Իսկ եթե դա իրենց վրա զգում են միայն հարուստները, դա նշանակում է, որ անհրաժեշտ է այդ 4.2%-անոց տնտեսական աճը ինչ որ եղանակներով (հարուստների, շքեղության կամ "Ռոբին Հուդի հարկ" անվանումներն ունեցող հարկատեսակներով) բաշխել հասարակության մյուս շերտերի վրա:

Հարցման առանձնահատկությունն այն է, որ գյուղական համայնքները և ՀՀ մարզերի մյուս քաղաքներն ընդգրկված չեն եղել, որից կարելի է ենթադրել, որ գյուղատնտեսության ոլորտում զբաղվածները գուցե զգացել են այդ տնտեսական աճը, ինչպես նաև գյուղատնտեսության հաշվին ապահոված տնտեսական աճը քաղաքում դժվար թե զգային, սակայն քաղաքային և գյուղական բնակչության հարաբերակցությունը հաշվի առնելով կարելի է փաստել, որ Հայաստանի մի ստվար զանգված այդ "աճն" իր վրա չի զգում, դեռ ավելին կասկածների տեղիք է տալիս նաև գյուղատնտեսության հաշվին ապահովված աճը, ինչպես նաև այդ աճի արդյունքների կենտրոնացվածությունը խոշոր արտահանող կազմակերպությունների ձեռքում, այսինքն` հասարակ գյուղացին այդ աճից կրկին մեծ արդյունքներ ստացողի դերում չի հայտնվում:

Այս ամենի հետ մեկտեղ, խնդիրը լուծում է պահանջում, իսկ ցուցանիշները ահազանգող են, և որ ամենակարևորն է` խնդիրների լուծմանն ուղղված քայլերը տեսանելի չեն:


ԲԱՐՈՄԵՏՐ

11:43 Սեպտեմբեր 14, 2015

Ամենաընթերցված նյութեր