Խնայե՞լ, թե՞ ոչ. պատասխանում են ռուսները

Ներկայիս տնտեսական վայրվերումների պայմաններում կարևոր է ոչ միայն աշխատանք ունենալը, այլև գումար կուտակելը. մարդ ես, բա որ հանկարծ աշխատանքդ կորցնես, մի կողմ դրած մի քիչ գումար պետք է ունենա՞ս, թե՞ ոչ: Մեր երկրում դժվար է ասել, թե որքանով են կարողանում քաղաքացիները գումար կուտակել, բայց նման բան փորձել են պարզել Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի փորձագետները: (www.wciom.ru) Անցկացված հարցման ընթացքում ռուսաստանցիներին տրվել է հետևյալ հարցը. "Արդյոք ներկայում խնայողություններ անո՞ւմ եք աշխատանքի կորստի դեպքում գումար ունենալու համար, թե՞ ոչ": (փակ հարց, 1 պատասխան)

Պարզվում է, որ հարցվածների 1/3-ը (31%) ո՛չ խնայում է ու ո՛չ էլ պլանավորում է: Այս պատասխանը բնորոշ է ռուս ազգի մեր ստերեոտիպային պատկերացումներին. ասել կուզեն` մի կյանք ենք ապրում, պետք է վայելենք, պլանավորելս ո՞րն է: Սակայն գնանք առաջ. մի ամբողջ 25% արդեն իսկ խնայողություններ է անում: Սա վատ չէ, քանի որ մարդ պետք է աշխատավարձ ստանա, որ գումար կուտակի: Իսկ ի՞նչ անի մյուս 27%-ը, ով չի աշխատում: Բնականաբար, նա չի էլ կարող կուտակել: Եվ վերջում, ինչպես բոլոր հարցումներում, միշտ գտնվում են մարդիկ, ովքեր չեն կողմնորոշվում: Այստեղ այդ տոկոսը 1-ն է:

Այո՛, մի կլորիկ գումար ունենալը հաստատ չի խանգարի ոչ ոքի, հատկապես նման սոցիալական ճգնաժամի պայմաններում ու, Աստված մի արասցե, աշխատանքի կորստի դեպքում: Բայց նաև հորդորում ենք, որպեսզի մեր աշխատանքի նպատակը չլինի պարզապես խնայողություն անելը, քանի որ կյանքն անցնում գնում է, իսկ խնայողությունները կարող են մնալ:

Հ.Գ. Շատերդ լսած կամ տեսած կլինեք գրքերի արանքում խնայողության ենթարկված սովետական ռուբլիները, որոնք այդպես էլ խնամված-խնայված մնացին:


ԲԱՐՈՄԵՏՐ

17:04 Սեպտեմբեր 10, 2015

Ամենաընթերցված նյութեր