ՀՀ պարենամթերքի արտահանման 2015թ.-ի առաջին կիսամյակի ցուցանիշները

Հայաստանից պարենամթերքի արտահանման ցանկն այնքան էլ մեծ չէ, իսկ դա փաստում է նաև, որ արտադրական հնարավորությունները սահմանափակ են: Բայց, այնուամենայնիվ, այս ոլորտում բերվող վիճակագրությունը ևս բավականին հետաքրքիր է: Ընդհանրապես, արտահանման առավելություններից մեկը, հատկապես, եթե այն հումքային բնույթ չունի, ավելացված արժեք ստեղծելու գաղափարի մեջ է: Արտահանման արդյունքում օգտագործվում են երկրի արտադրական բոլոր գործոնները, կապիտալը, աշխատուժը, հողը, իսկ վերջնական արդյունքում ապահովում է դեպի երկիր եկող արտարժույթի (դոլար, ռուբլի, եվրո և այլն) հոսքը: Դա է հիմնական պատճառներից մեկը, որ շատ երկրներ իրենց արտաքին առևտրային քաղաքականության մեջ շատ ագրեսիվ են և փորձում են նվաճել նոր շուկաներ:

Պարենային մթերքների արտահանման միջոցով Հայաստանը որոշակի հնարավորություններ ունի արտաքին շուկաներում իր դիրքերն ամրապնդելու համար, սակայն գլխավոր հարցերից մեկը մնում է այն, որ այդ դիքերը կայուն պահել դժվարությամբ է հաջողվում: Դրանում մենք կհամոզվենք ուսումնասիրելով ստորև ներկայացված տվյալները:

Հայաստանը հանդիսանում է կոնյակ արտահանող երկրներից մեկը, միայն 2012-2014թթ. ընթացքում տարեկան արտահանման ծավալները կազմել են 31.6-33.8 հազար տոննա, որը փաստում է լուրջ ներուժի մասին: 2015թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով` արտահանվել է 9.3 հազար տոննա կոնյակ: Այս ծավալները բավականին քիչ են, իսկ արդեն տարվա 2-րդ կիսամյակում ամենայն հավանականությամբ կնկատվի ակտիվություն, քանի որ այստեղ սեզոնային գործը բավականին մեծ դեր է խաղում:

Գինու արտահանման ծավալները բավականին աճ են արձանագրել 2014թ.-ին` կազմելով 3.6 հազար տոննա, իսկ դրանից 2 տարի առաջ` մոտ 2 հազար տոննա, այսինքն` սա մի ոլորտ է, որն արագ զարգացում կարող է ապահովել, չնայած գյուղատնտեսության բարենպաստ եղանակի գործոնը գրեթե միշտ կա որպես ազդեցիկ գործոն: 2015թ.-ի 1-ին կիսամյակում գինու արտահանումը չի գերազանցել 1000 տոննան և կազմել է 984 տոննա: Սա նշանակում է, որ կրկին ակտիվության սեզոնային գործոնը պահպանվում է: Պետք է փորձել նաև այս բնագավառներում հաղթահարել սեզոնայնության գործոնը, սակայն դա կախված է ծախսերի, պահեստային մեծ տնտեսություն ունենալու, մթերումների և մի շարք այլ հարցերի հետ:

Հանքային ջրերի բնագավառում 2012-2014թթ. ընթացքում ամենանպաստավոր տարին է եղել 2014թ.-ը, քանի որ արտահանվել է մոտ 20 հազար տոննա հանքային ջուր, նախորդ տարիների 15-16 հազար տոննայի փոխարեն: Այս տարվա 1-ին կիսամյակի ցուցանիշներն այնքան էլ գոհացուցիչ չեն, քանի որ արտահանման ծավալները կազմել են մոտ 6.5 հազար տոննա: Այս առումով ոլորտի խնդիրները հիմնականում կապված են ռուսական շուկայում ռուբլու արժեզրկման հետ, որի արդյունքում հայկական ջրերը կորցրել են իրենց մրցունակ դիրքերը, իսկ դա նշանակում է, որ հանքային ջրերից ստացվող հարկային մուտքերը նվազելու են, ոլորտում առաջանալու է շահութաբերության անկում, ինչպես նաև վնասով աշխատելու դեպքերը ևս չեն բացառվելու: Եթե այս միտումները շարունակվեն` հանքային ջրերի արտահանման ցուցանիշները 2015թ.-ի 2-րդ կիսամյակում չավելանալու պարագայում կարձանագրեն վերջին 3 տարիների վատագույն ցուցանիշները:

Մրգի (ներառյալ` ընկուզապտուղներ) արտահանման 2012-2014թթ. ժամանակահատվածի լավագույն տարին է եղել 2013թ.-ը, քանի որ արտահանումը կազմել է մոտ 34.4 հազար տոննա, որը մոտ 2 անգամ ավելի է 2014թ.-ի 17.7 հազար տոննա ցուցանիշից: Այս տարվա 1-ին կիսամյակի ցուցանիշներից պարզ է դառնում, որ արտահանվել է 11.7 հազար տոննա միրգ, որը ամբողջ նախորդ տարվանից քիչ է ընդամենը 6 հազար տոննայով: Այս տարի ամենայն հավանականությամբ մրգի արտահանմամբ ՀՀ-ն կգերազանցի 2014թ.-ի ցուցանիշը, քանի որ դեռ կա աշնանը միրգ հավաքելու և արտահանելու լուրջ հնարավորություն, չնայած կրկին նշենք, որ ռուբլու արժեզրկումը բացասական է անդրադառնում արտահանման հնարավորությունների վրա:

Աղյուսակ

Պարենամթերքի արտահանում, էջ 61:

տոննա

 

2012

2013

2014

2015

եռ.

II եռ.

Կոնյակ

31633.7

33829.3

31874.3

2903.8

6462.1

Գինի

2071.4

2418.8

3696.7

375.6

608.2

Հանքային ջուր

15614.1

16660.4

20359.8

2223.4

4365.6

Միրգ (ներառյալ` ընկուզապտուղներ)

27323.8

34456.5

17740.6

2634.6

9151.6

որից` խաղող

10169.6

7563.4

7840.1

1123.7

100.9

Պանիր

903.6

1541.1

1542.4

165.3

384.9

Ձու

1.7

0.0

0.0

0.0

0.0

 

Խաղողի արտահանումն ունի բավականին լուրջ մասնաբաժին, օրինակ 2012թ.-ին 10 հազար տոննայից ավելի խաղող է արտահանվել ՀՀ-ից, 2014թ.-ին` 7.8 հազար տոննա և այլն: Այս տարվա 1-ին երկու եռամսյակների արդյունքներով ունենք խաղողի 1.2 հազար տոննայի արտահանում, այսինքն` դեռևս խաղողի ամբողջ բերքահավաքի արդյունքները բացակայում են, իսկ դա նշանակում է, որ այս ցուցանիշներն պարզ կլինեն աշնանը կամ ձմռանը:

Պանրի արտահանումը 2015թ.-ի 1-ին կիսամյակում կազմել է մոտ 550 տոննա, իսկ 2014թ.-ի ամբողջ տարվա ընթացքում` 1.5 հազար տոննա, սա բացատրվում է նրանով, որ կաթ քիչ ենք ունեցել և, հետևաբար, քիչ էլ արտադրվել է: Իսկ սա փաստում է, որ այս ոլորտում ևս գյուղացիները տարվա վերջի դրությամբ չեն կարողանա ապահովել նախորդ տարվա արտահանման մակարդակը:

Ինչ վերաբերում է ձվի արտահանմանը, ապա այն գրեթե զրոյական է, քանի որ մինչև այս տարին մենք ներմուծել ենք ձու, իսկ արտադրական հնարավորությունները վերականգնելով կարելի է նաև մտածել արտահանման մասին, մնում է միայն գնային առումով լինել մրցունակ:

Այսպիսով` պարենային մթերքների արտահանման շուկան ունի իր խաղի կանոնները և դժվարությունները: Այստեղ կարևոր է նաև այն, որ ֆիտոսանիտարական կանոններն ամենաշատը կիրառվում են հենց այս շուկայում, իսկ դա նշանակում է, որ արտադրելը միայն բավարար պայման չէ, անհրաժեշտ է նաև որակական չափանիշների համապատասխանություն ապահովել: Այս ասպարեզում Հայաստանը դեռևս շատ անելիքներ ունի, իսկ պարենային մթերքների, հատկապես, հանքային ջրերի և մրգերի շուկայում դիրքերի թուլացումն անթույլատրելի է, քանի որ ՀՀ ներուժն այս ասպարեզում ակնհայտ է:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:32 Սեպտեմբեր 08, 2015

Ամենաընթերցված նյութեր