Ի՞նչ պաղպաղակ են նախընտրում երևանցիները

Ամառվա շունչը Երևանի փողոցներում, կարելի է ասել, ավետում է պաղպաղակը: Տարեցտարի բարձրացող օդի ջերմաստիճանը ուղիղ համեմատական է պաղպաղակի սպառման հետ: Ամառվա ամիսներին բոլոր սերունդների համար պաղպաղակը դառնում է օրվա սննդակարգի մի մասը, չնայած պաղպաղակի թարմության և պատրաստման եղանակի հարցը մշտական անհանգստություն է պատճառում մեր համաքաղաքացիներին: Ինչքան էլ որ պետական համապատասխան մարմինները պնդեն, որ անցկացվում են ստուգումներ, և ոլորտը գտնվում է իրենց վերահսկողության տակ, միևնույն է յուրաքանչյուր ամառ անորակ պաղպաղակի մուտքը հայկական շուկա շարունակվում է, միևնույնն է գրանցվում են բազմաթիվ թունավորումների դեպքեր, իսկ արտադրական թերությունները և սանիտարահիգիենիկ պայմաններին վերաբերող խախտումները ամեն տարի բացահայտվում են հենց իրենց կողմից, բայց անհասկանալի պայմաններում պաղպաղակի արտադրության շուկայում վերոնշյալ խնդիրները չեն վերանում: Խոսքը տվյալ պահին արտադրության կասեցման մասին չէ, այլ խնդրի վերջնականապես լուծման, հակառակ դեպքում ամեն տարի նույն արձանագրություններն են, փոփոխված է միայն տարեթիվը:
Չնայած անհանգստացնող գործոններին, մայրաքաղաք Երևանում ամառվա ամիսներին համարյա ամեն քայլափոխի հանդիպում ենք և՛ պաղպաղակ սպառողների և՛ պաղպաղակ վաճառողների, որոնք իրականում բավականին շատ են, իսկ սպառման տեմպը նկատելի է՝ նույնիսկ անզեն աչքով: Այդ իսկ պատճառով ԲԱՐՈՄԵՏԵՐ հետազոտական ընկերությունը անդրադարձել է այդ հարցին և փորձել պարզել, թե տեղական ո՞ր ապրանքանիշի պաղպաղակն են նախընտրում գնել Երևանցիները: Հարցվողների պատասխաններից պարզ է դառնում, որ պաղպաղակի արտադրության շուկան միանձնյա գլխավորում է Գրանդ Քենդին՝ 43,0%, երկրորդ տեղում է Թամարա ապրանքանշի պաղպաղակը՝ 31,2%, իսկ Աշտարակ կաթը 10,6%-ով զբաղեցնում է երրորդ տեղը՝ բավականին հետ մնալով առաջատարներից:Հետաքրքրական փաստ է, որ պաղպաղակի շուկայում ամենաբարձր վարկանիշ ունեցող Գրանդ Քենդի ապրանքանիշի պաղպաղակը արտադրվում է քաղցրավենիք արտադրող ընկերության կողմից, իսկ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների պաղպաղակի ապրանքանիշերը զարմանալիորեն զիջում են առաջատարին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

17:03 Օգոստոս 31, 2015

Ամենաընթերցված նյութեր