Գների փոփոխությունները ՀՀ տնտեսության առանձին հատվածներում 2015թ.-ի առաջին կիսամյակում

Համաշխարհային տնտեսության մեջ այժմ առկա են երկու հակադիր զարգացումներ, այն է` մի շարք երկրներում (հատկապես` ԵՄ-ում) նկատվում են գնանկման, իսկ երկրների մի մասում` գնաճի միտումներ:

Հայաստանն այն երկրների շարքին է դասվում, որտեղ գնաճի միտումները համեմատական առումով կարգավորվում են և թույլատրելի միջակայքում են գտնվում: Սակայն հարցը նրանում է, որ այդ կարծիքին չի հասարակության մի ամբողջ ստվար զանգված, ովքեր կարծում են, որ գնաճի տեմպերը շատ ավելի բարձր են, քան ներկայացվում է պաշտոնական վիճակագրության շրջանակներում:

Այս հարցի պատասխանը կարող է ունենալ մի շարք տարբերակներ, սկսած նրանից, որ գնաճի հաշվարկման համար հիմք ընդունվող 470 ապրանքներից և ծառայություններից յուրաքանչյուր անհատ կամ տնային տնտեսություն ընտրում է իրեն անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների կազմը, մի խոսքով, ձևավորում է իր համար որոշակի զամբյուղ: Հարցը նրանում է, որ ՀՀ ԱՎԾ-ի կողմից ընտրված ապրանքների և ծառայությունների որակական հատկանիշները շատ հավանական է, որ ընտրված են նվազագույն մակարդակից ելնելով, իսկ մեզնից շատերը նախընտրում են օգտվել իր գրպանին համապատասխան և որակական ավելի բարձր հատկանիշներ ունեցող ապրանքներից և ծառայություններից: Իսկ ինչպես հայտնի է ցածրորակ ապրանքներն ու ծառայություններն ունեն ավելի ցածր գին և վերջիններիս գնաճն այնքան էլ բարձր չէ: Ահա այստեղ էլ թաքնված է հակասությունը, քանի որ ամսվա վերջին, երբ մենք ինքներս ենք ցանկանում հաշվարկել, թե միևնույն ապրանքների կազմը ձեռք բերելով ինչքան կազմեցին մեր լրացուցիչ ծախսերը, նկատում ենք շատ ավելի մեծ տատանում, օրինակ` 10% և ավելի ու սկսում ենք չհավատալ ներկայացվող պաշտոնական թվերին:

Աղյուսակ
Գների փոփոխությունները 2015 թ. I և II եռամսյակներում, ըստ հանրապետության տնտեսության առանձին հատվածների
(նախորդ տարվա համապատասխան եռամսյակի նկատմամբ, %)

 

2015թ.

 

I եռամսյակ

II եռամսյակ

Սպառողական գների ինդեքս

105.1

105.1

Արդյունաբերողների արտադրանքի գների ինդեքս

105.4

99.3

Գների ինդեքսը շինարարությունում

106.1

107.8

Բեռնափոխադրումների սակագների ինդեքս

102.9

101.8

Գյուղատնտեսական մթերք արտադրողների իրացման գների ինդեքս

103.7

63.3

Գյուղատնտեսության արտադրության միջոցների գնման գների ինդեքս

101.0

99.6

Արտահանման միջին գների (միավորի արժեքի) ինդեքս

102.1

101.3

Ներմուծման միջին գների (միավորի արժեքի) ինդեքս

108.3

109.1

Անդրադառնալով ՀՀ տնտեսության առանձին հատվածներում գնաճի միտումներին նկատում ենք, որ Սպառ¬ո¬¬ղական գների ինդեքսը (ՍԳԻ) 2015թ.-ի և’ առաջին եռամսյակում, և’ երկրորդում կազմել է 105.1%, որը բավականին բարձր է, այսինքն` առկա են որոշակի առումով գնաճային ռիսկեր, չնայած արդեն հուլիս ամսվա դրությամբ դրանք որոշակի առումով նվազել են: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2015թ.-ի 2-րդ եռամսյակում անկում է արձանագրել, իսկ դա նշանակում է, որ արդյունաբերական արտադրանքի պահանջարկը նվազել է` հանգեցնելով գնանկման:

Շինարարության ոլորտում գնաճը բավականին բարձր է 1-ին եռամսյակում՝ 106.1%, իսկ 2—րդ եռամսյակում` 107.8%, սա խոսում է շինարարության ոլորտի ակտիվացման մասին, սակայն նվազող շինարարական ծավալների պարագայում գնաճը չի նպաստի վերջինիս արագ վերականգնմանը:

Բեռնափոխադրումների սակագների ինդեքսը 2015թ.-ի 2-րդ եռամսյակում չնչին աճ է արձանագրել` 101.8%, իսկ դա փաստում է, որ բեռնափոխադրումների պահանջարկը նվազել է, դա կարող ենք հիմնավորել նաև արտաքին առևտրաշրջանառության ծավալների նվազման միջոցով:

Գյուղատնտեսական մթերք արտադրողների իրացման գների ինդեքսը 2015թ.-ի 2-րդ եռամսյակում արձանագրել է աննախադեպ անկում` 63.3%, որը պայմանավորված է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ բերքի աննախադեպ աճով, ինչպես նաև արտահանման մեծ ծավալներով, որի արդյունքում էլ ունենք նկատելի գնանկում գյուղատնտեսական մթերքների մասով: Իսկ ինչ վերաբերում է գյուղատնտեսության արտա¬դրության միջոցների գնման գների ինդեքսին, ապա այստեղ էական փոփոխություններ չկան և չնչին գնանկում է նկատվել 2-րդ եռամսյակում` 99.6%:

Անդրադառնալով արտահանման և ներմուծման միջին գների (միավորի արժեքի) ինդեքսներին նկատում ենք, որ արտահանումը չնչին գնաճ է արձանագրել, իսկ ներմուծը շատ ավելի բարձր: Այսինքն` մենք սկսել ենք էժան վաճառել, իսկ շատ ավելի թանկ գնել:

Արտահանման միջին գների (միավորի արժեքի) ինդեքսը 2015թ.-ի երկրորդ եռամսյակում աճել է՝ ընդամենը 101.3% նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ներմուծման միջին գների (միավորի արժեքի) ինդեքսն առաջին եռամսյակում աճել է 108.3%-ով, իսկ 2-րդ եռամսյակում` 109.1%-ով: Հաշվի առնելով, որ Հայաստանը 3 անգամ ավելի շատ ներմուծում է, քան արտահանում, ապա տրամաբանական է նշել, որ միայն ներմուծման մասով Հայաստանում կյանքը մոտ 9%-ով թանկացել է, քանի որ մեզանից շատերը սպառում են ներմուծվող ապրանք: Եվ միայն այս բաղադրիչից պարզ է դառնում մեր կողմից բերված փաստարկի ճշմարտացիությունը, որ տնային տնտեսությունների մեծ մասի կողմից սպառվող ապրանքների և ծառայությունների զամբյուղի (որը որակական առումով տարբերվում է գնաճի հաշվարկման ՀՀ ԱՎԾ զամբյուղից) գնաճի մակարդակն ամենայն հավանականությամբ գտնվում է մոտ 10%-անոց մակարդակի վրա:
Այսինքն` որակապես ավելի բարձր մակարդակի ձգտող սպառողի կյանքն ավելի արագ տեմպերով է թանկանում, քան ցածրորակ ապրանքներ ձեռքբերողներինը, և դրանով է հիմնականում պայմանավորված պաշտոնական վիճակագրության և մեր կողմից ձեռքբերվող ապրանքների և ծառայությունների գնաճի տոկոսային տարբերությունը:


ԲԱՐՈՄԵՏՐ

11:21 Օգոստոս 27, 2015

Ամենաընթերցված նյութեր