ՀՀ խոշոր և միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների պարտքերն ավելացել են մոտ 424 մլրդ դրամով

Հայաստանում ոչ միայն աճում են պետության պարտքերը, այլ նաև կազմակերպությունների: Ըստ ՀՀ ԱՎԾ մշտադիտարկման արդյունքների, որոնք կատարվել են խոշոր և միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների մասով, պատկերը բավականին ահազանգող է:

Իհարկե, վերլուծությունը, որը ներկայացնում ենք համապատասխան վիճակագրական ցուցանիշների հիման վրա, իր մեջ չի ընդգրկում փոքր և գերփոքր կազմակերպությունները, ինչպես նաև ֆինանսական հատվածի կազմակերպությունները: Բայց և այնպես, ստորև ներկայացված տվյալներից, որոնք ամփոփվել են ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող 2015թ. հունվար-հունիս հրապարակման մեջ, նկատում ենք, որ վերոնշյալ կազմակերպությունների կրեդիտորական պարտավորությունները բավականին աճել են:

Ստացվում է, որ ՀՀ-ում գործող կազմակերպությունները ամբողջ 2014թ.-ի ընթացքում իրենց կրեդիտորական պարտավորությունները կամ պարտքերը հասցրել են ավելացնել մոտ 424 մլրդ դրամով, քանի որ 2014թ.-ի սկզբի դրությամբ դրանք եղել են 2 տրիլիոն 204 մլրդ ՀՀ դրամ, իսկ տարեվերջին կազմել են 2 տրիլիոն 628 մլրդ ՀՀ դրամ:

Աղյուսակ
Կազմակերպությունների կրեդիտորական պարտավորությունները

(ըստ խոշոր և միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների)

մլն դրամ

 

 

Մնացորդը 2014թ.սկզբին

Մնացորդը 2014թ.վերջին

2014թ. վերջի մնացորդը 2014թ. սկզբի մնացորդի նկատմամբ, %

ընդամենը

որից ժամկետանց

ընդամենը

որից` ժամկետանց

 Ընդամենը

2 204 525.4

2 051.7

2 628 316.4

2 154.0

119.2

 այդ թվում`

 

 

 

 

 

պարտքեր բանկերի վարկերի և փոխառությունների գծով 

1 593 450.7

36.3

1 967 170.9

158.5

123.5

որից` ՀՀ ոչ ռեզիդենտներին

564 508.3

0.0

713 251.7

0.0

126.3

կրեդիտորական պարտքեր ընդամենը

611 074.7

2 015.4

661 145.5

1 995.5

108.2

 այդ թվում`

 

 

 

 

 

պարտքեր գնումների գծով 

346 775.5

1 627.4

366 485.6

1 306.2

105.7

ստացված ընթացիկ կանխավճարներ

125 980.5

212.6

153 339.0

248.3

121.7

պարտքեր բյուջեին

40 607.4

6.7

35 882.1

153.1

88.4

պարտքեր աշխատավարձի և աշխատակիցներին այլ կարճաժամկետ հատկացումների գծով

20 071.1

67.8

20 884.5

163.4

104.1

այլ կրեդիտորական պարտքեր 

77 640.3

100.9

84 554.3

124.5

108.9

Հարցը նրանում է, որ աճը կազմել է մոտ 119.2% կամ կարելի է ասել մի ցուցանիշ, որը շատ մոտ է մեր բանկային վարկերի տոկոսադրույքին: Սակայն կա մի հետաքրքիր հանգամանք, այն է` ժամկետանց պարտավորություններն, ընդհանուր առմամբ, աճել են 103 մլն դրամով, իսկ դա նշանակում է, որ իրենց պարտավորությունների կատարման մեջ ՀՀ կազմակերպությունները բարեխիղճ են, որի արդյունքում ժամկետանց պարտավորությունների աննախադեպ աճ չի արձանագրվել:

Կրեդիտորական պարտքերի ամենամեծ բաղադրիչը կապված է բանկերի վարկերի և փոխառությունների գծով պարտքերի հետ, որը 2014թ.-ի սկզբին կազմել է 1 տրիլիոն 593 մլրդ դրամ, իսկ 2014թ.-ի տարեվերջին` 1 տրիլիոն 967 մլրդ ՀՀ դրամ:

ՀՀ ոչ ռեզիդենտներին նշված կազմակերպությունների կրեդիտորական պարտավորությունները 2014թ.-ի սկզբին կազմել են 564 մլրդ ՀՀ դրամ, իսկ տարեվերջին` 713 մլրդ ՀՀ դրամ, այսինքն` աճը կազմել է մոտ 150 մլրդ ՀՀ դրամ: Միայն կրեդիտորական պարտքերը կազմել են 661 մլրդ ՀՀ դրամ:

Կրեդիտորական պարտքերի ցուցանիշն իր մեջ ընդգրկում է նաև գնումների գծով պարտքերը, որոնք 2014թ. տարեվերջին կազմել են 366 մլրդ ՀՀ դրամ, ամբողջ տարվա ընթացքում աճելով 20 մլրդ ՀՀ դրամով: Պետական բյուջեի գծով պարտքերը նվազել են 5 մլրդ ՀՀ դրամով` կազմելով 35 մլրդ դրամ, իսկ պարտքեր աշխատավարձի և աշխատակիցներին այլ կարճաժամկետ հատկացումների գծով ցուցանիշը գրեթե մնացել է անփոփոխ` կազմելով 20 մլրդ դրամ:

Այսպիսով` ՀՀ պետական պարտքն աճում է, կազմակերպությունների պարտքերն աճում են, մնում է հուսալ, որ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի 2015թ.-ի հունվար-հունիս ամիսներին արձանագրված 104.2%-անոց աճի արդյունքներն իրենց վրա կզգան ՀՀ խոշոր և միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունները, հակառակ պարագայում կստացվի, որ տնտեսական աճն ապահովվում է ֆինանսական կազմակերպությունների հաշվին, իսկ իրական տնտեսության մեջ նոր արդյունք չի ստեղծվում: Եվ սա կլինի այն դասական ապացույցներից մեկը, որ ՀՀ բանկային համակարգն ու իրական տնտեսությունը գործում են իրարից անկախ, և բանկային համակարգը չի ծառայում իրական տնտեսության զարգացմանը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:57 Օգոստոս 26, 2015

Ամենաընթերցված նյութեր