ՀՀ մանրածախ առևտրի հիմնախնդիրները և միտումները 2015թ.-ի առաջին կիսամյակում

Հայաստանում մանրածախ առևտրի ոլորտում զբաղվածները, ինչպես նաև եկամուտ ստացողները 2015թ.-ին 2014թ.-ի համեմատությամբ հայտնվել են լուրջ դժվարությունների առաջ: Կա տեսակետ, որ խոշոր սուպերմարկետները, ինչպես նաև խանութները կլանում են փոքրերին և միջիններին, քանի որ վերջիններս հայտնվում են անհավասար մրցակցային պայմաններում: Իհարկե, հարկային համակարգի, ինչպես նաև առանձին հարկատեսակների միջոցով փորձ է արվում վերացնել այս հիմնախնդիրները և հնարավորություն տալ փոքրերին և միջիններին մրցակցել խոշորների հետ, սակայն կապված մասշտաբի էֆեկտի, վաճառքի ծավալների, ինչպես նաև օրենքը շրջանցելու լայն հնարավորությունների հետ` խոշորները կրկին հայտնվում են արտոնյալ դաշտում:
Այս հիմնախնդիրներին ավելի մանրամասն ծանոթանալու համար փորձենք անդրադառնալ նաև ՀՀ ԱՎԾ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող 2015թ.-ի առաջին կիսամյակի մանրածախ առևտրի ցուցանիշներին:
Վիճակագրական տվյալներից ակնհայտ է դառնում, որ 2015թ.-ի առաջին կիսամյակում մանրածախ առևտրի ամբողջ շրջանառությունը կազմել է մոտ 591 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ կրճատվել է 6.7%-ով, իսկ դա նշանակում է, որ մի շարք կազմակերպություններ և ԱՁ-ներ, որոնք զբաղվում են մանրածախ առևտրով ունեն լուրջ դժվարություններ: Պետության համար դա նշանակում է կրճատվող ՀՆԱ, կրճատվող հարկային եկամուտներ, իսկ կազմակերպությունների համար կորցված հասույթ, եկամուտներ, կուտակած պարտքեր և այլն:

Աղյուսակ
Մանրածախ առևտրի շրջանառությունն ըստ առևտրի օբյեկտների և
առևտրի իրականացման վայրի տեսակների

  2015թ. հունվար-հունիս, ընդամենը, մլն. դրամ (ընթացիկ գներով) Ընդամենի նկատմամբ,% 2015թ. հունվար-հունիսը 2014թ. հունվար-հունիսի նկատմամբ, %
Ընդամենը 590 920.3 100.0 93.3
այդթվում`      
խանութների 419 154.1 70.9 92.3
սպառողական ապրանքների շուկաների 37 547.8 6.4 106.6
գյուղատնտեսական արտադրանքի շուկաների 9 048.3 1.5 106.4
կրպակների 14 314.2 2.4 90.3
առևտրի այլ օբյեկտների 110 855.9 18.8 92.5

Անդրադառնալով մանրածախ առևտրի կառուցվածքին նկատում ենք, որ այս ոլորտում խանութների միջոցով կատարվում է առևտրի 70.9%-ը, առևտրի այլ օբյեկտներին, որոնց մեջ մտնում են շարժիչային և կենցաղային վառելիքի մանրածախ առևտրի կետերը, բաժին է ընկնում առևտրի 18.8%-ը: Սպառողական և գյուղատնտեսական ապրանքների շուկաներին միասին վերցրած բաժին է ընկնում առևտրի 7.9%-ը, իսկ կրպակներին` 2.4%-ը:
Այս կառուցվածքից ակնհայտ է դառնում, որ կրպակների առևտուրը բավականին քիչ է և վերջիններս իրանց մրցակցային դիրքերը դժվարությամբ են կարողանալու ապագայում պահել, քանի որ, հատկապես մեծ խանութները հասնելու են նրան, որ կրպակային առևտուրն ամեն անգամ իր ծավալները պակասեցնի, չնայած պայքարել այդքան փոքր շուկայի մասնաբաժնի համար և զրկել հասարակության մի ամբողջ վատ ապրող խավի իր եկամուտներից այնքան էլ արդարացի չէ: Կրպակների առևտուրը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ ամենաշատն է կրճատվել` 9.7%, իսկ դա նշանակում է, որ ոչ միայն առևտրի ծավալներն են կրճատվել, այլ պայմանականորեն ասած հենց կրպակների թիվն կրճատվել է, իսկ ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների 2014թ.-ի 1-ին կիսամյակի համեմատությամբ 3393 կրպակից այժմ մնացել է 2909-ը, այսինքն` 484 կրպակատեր չի աշխատում, որը նշանակում է 2000 հոգի զրկվել են իրենց կրպակի բերած եկամուտներից: Ի տարբերություն կրպակների, խանութների թիվը նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատած ավելացել է մոտ 600-ով 11965-ից հասնելով 12547-ի: Սակայն խանութներում ևս առևտուրը կրճատվել է 7.7%-ով` կազմելով 92.3%, իսկ դա նշանակում է, որ մեկ խանութի հաշվով հասույթի անկում ևս գրանցվել է: Շահեկան վիճակում են հայտնվել միայն սպառողական և գյուղատնտեսական ապրանքների շուկաները, որտեղ աճը կազմել է 106.6% և 106.4% համապատասխանաբար:
Այնուամենայնիվ, խնդիրը մնում է այն, որ կրպակները նվազում են, նոր բացված խանութները չունեն առևտրի ծավալների աճ և ամենայն հավանականությամբ կանգնում են դժվարությունների առաջ, իսկ ընդհանուր մանրածախ առևտրաշրջանառության անկումը խոսում է բնակչության համապատասխան տոկոսային չափով բարեկեցության անկման մասին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

16:30 Օգոստոս 25, 2015

Ամենաընթերցված նյութեր