Շինարարության ծավալները ՀՀ մարզերում և Երևան քաղաքում 2015թ. առաջին կիսամյակում

Հայաստանի տնտեսության "վագրի թռիչքի" կամ տնտեսության զարգացման մինչճգնաժամային տարիները շատ դեպքերում փորձագետները պայմանավորում են շինարարության տեմպերի աննախադեպ աճի, ինչպես նաև տնտեսության մեջ կամ ՀՆԱ-ում շինարարության մոտ 25%-ի հասնելու հանգամանքով:

Իհարկե, շինարարությունը տնտեսության զարգացման համար լուրջ խթան է հանդիսանում, սակայն միայն ենթակառուցվածքներին կամ բնակարանային շինարարությանն ուղղվող դրամական միջոցները կարող են առաջացնել "փուչիկ", որի պայթյունին մենք ականատես եղանք 2009թ.-ից հետո:

Այդ ժամանակահատվածում շինարարության ծավալների կրճատման տեմպերը եղան աննախադեպ, որի արդյունքում ՀՀ տնտեսությունը մինչև օրս, չնայած անցել է 6 տարի, դեռևս չի կարողանում "կոմայից հանել" շինարարության ոլորտը:

Շինարարության ոլորտում ներդրումները պետք է ուղղվեն, ոչ միայն բնակարանների կամ թանկարժեք առանձնատների կառուցմանը, այլև արտադրական ենթակառուցվածքների, ինչպես նաև գործարանների շինարարությանը: Հակառակ պարագայում, նման մեխանիզմով չզարգանալու արդյունքում, առաջանում է լուրջ անհամամասնություն, քանի որ ոչ արտադրական ոլորտին ուղղված շինարարական ներդրումներն ունեն ավելի երկար ետգնման ժամանակահատված:

Բայց բնակարաններին և թանկարժեք առանձնատներին ուղղված շինարարական ծախսերն ունեն իրենց հիմնավորումները, քանի որ դրանք սեփականության իրավունքով ավելի լավ են պաշտպանված, անհրաժեշտություն չկա գործ ունենալ իշխանությունների և հարկային մարմինների հետ, ինչպես նաև չի պահանջվում մեծ ունակություններ, գիտելիքներ և հմտություններ արտադրություն կազմակերպելու և կորուստներ չունենալու համար և այլն:

Այս ամենի հետ մեկտեղ ուսումնասիրելով շինարարության ծավալների ցուցանիշներն ըստ մարզերի և Երևան քաղաքի նկատում ենք, որ 2015թ.-ի առաջին կիսամյակում Երևան քաղաքում շինարարության վրա ծախսվել է ավելի քան 74 մլրդ ՀՀ դրամ, իսկ բոլոր մարզերում իրար հետ վերցրած մոտ 60 մլրդ ՀՀ դրամ: Այստեղ կրկին առկա է լուրջ անհամաչափություն: Մարզերում կատարվող շինարարական ծախսերի կամ ներդրումների պակասն ապագայում լուրջ ազդեցություն է թողնելու նաև մարզերում բնակվող բնակչության թվաքանակի կրճատման, ինչպես նաև գործարարության համար առկա պայմանների վատացման առումով:

Շինարարության ծավալներով առաջատար երեք մարզերն են` Լոռին (10.7 մլրդ ՀՀ դրամ), Կոտայքը (10.1 մլրդ ՀՀ դրամ) և Սյունիքը (8.5 մլրդ ՀՀ դրամ): Ամենաքիչ շինարարական ծախսեր են արվում Արարատում, Շիրակում և Գեղարքունիքում, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս 3 մարզերում միասին վերցրած ավելի քիչ շինարարական ծախսեր են արվում, քան օրինակ` Կոտայքում:

Բացի շինարարության ծավալային ցուցանիշներից կարևոր է նաև աճի միտումների վերլուծությունը, իսկ այս առումով առաջատար են Սյունիքի` 150.3%, Արագածոտնի` 133.9% և Կոտայքի` 122.9% մարզերը:

Ամենացածր շինարարության ծավալներն են գրանցվել Արարատի` 49.8%, Տավուշի` 68.8% և Լոռվա` 86.9% մարզերում:

Այսինքն` պետք է փորձել խթանել և’ շինարարության աճի տեմպերը, և’ ավելացնել ծավալները, որի արդյունքում կապահովվի զբաղվածություն, ինչպես նաև մարզերում կակտիվանա տնտեսությունը: Այս մեխանիզմն էր "Մեծ դեպրեսիայի" ժամանակ կիրառում Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը:

Շատ կարևոր է նաև հարկային համակարգի, ինչպես նաև առանձին խթանման մեխանիզմների միջոցով մարզերում գործարանների կառուցման և բիզնեսի ակտիվացման խնդրի լուծումը: Միայն այս վիճակագրական ցուցանիշների աղյուսակին նայելով կարելի է վերջին երեք հորիզոնականում գտնվող մարզերին տալ արտոնություններ` շինարարության ծավալների ակտիվացման համար: Եվ, ընդհանրապես, պետք է մշակել այնպիսի մեխանիզմներ, որ օրինակ, վատագույն եռյակում հայտնվող ցանկացած մարզ ստանա արտոնություններ` մինչև իր դիրքերի բարելավումը:

Աղյուսակ

Շինարարության ծավալներն ըստՀՀ մարզերի և Երևանի, 2015թ. հունվար-հունիս

 

Շինարարություն,մլն.դրամ (ընթացիկ գներով)

ընդհանուրի նկատմամբ, %

2014թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ, %

ք.Երևան

74 242.6

55.0

102.7

Արագածոտն

5 682.7

4.2

133.9

Արարատ

2 382.4

1.8

49.8

Արմավիր

3 757.9

2.8

119.8

Գեղարքունիք

3 329.1

2.5

105.1

Լոռի

10 710.7

7.9

89.2

Կոտայք

10 102.6

7.5

122.9

Շիրակ

2 959.5

2.2

86.9

Սյունիք

8 488.3

6.3

150.3

Վայոց Ձոր

4 922.1

3.6

93.5

Տավուշ

8 336.4

6.2

68.8

Ընդամենը ՀՀ

134 914.3

100

100.6

Օրինակ, եթե գյուղատնտեսության բնագավառում են վերջին երեք հորիզոնականում հայտնվել տվյալ մարզերը, ապա որոշակի ժամանակահատվածի համար տալ արտոնություններ այդ բնագավառում, իսկ այդ ժամանակահատվածի ավարտից հետո վերանայել իրավիճակը, իսկ եթե շինարարության կամ արդյունաբերության մեջ են գրանցվել վատագույն ցուցանիշները, ապա այդ բնագավառներում է պետք խթաններ կիրառել: Դա կստիպի, որպեսզի լինի ռոտացիոն մեխանիզմ և վատ վիճակում հայտնված մարզերի տնտեսական համահարթեցում տեղի ունենա: Սակայն Հայաստանում ոչ թե նման մեխանիզմներն են լավ աշխատում, այլ "կարկուտը ծեծած տեղն է ծեծում" տարբերակն է գրեթե միշտ գործում:


ԲԱՐՈՄԵՏՐ

10:32 Օգոստոս 20, 2015

Ամենաընթերցված նյութեր