Արդյունաբերության արտադրանքի արտադրության միտումները ՀՀ-ում

Յուրաքանչյուր երկրի տնտեսության մեջ կան լոկոմոտիվի դեր կատարող ճյուղեր կամ ոլորտներ, իսկ վերջերս էլ ավելի շատ ընդունված է դրանք անվանել կլաստերներ: Այնուամենայնիվ, ՀՆԱ-ի մեջ դրանք ունեն տարբեր տեսակարար կշիռներ, որից ելնելով էլ, սովորաբար, բնորոշում են այս կամ այն երկրի տնտեսությունը: Հայաստանն այս առումով կորցնելով իր արդյունաբերական ներուժը և ՀՆԱ-ի մեջ ունենալով մոտ 20%-ի հասնող գյուղատնտեսության մասնաբաժին` հայտնվել է գյուղատնտեսական երկրների շարքում: Սա խոսում է տնտեսության մեջ անհամաչափ զարգացումների, ինչպես նաև դիվերսիֆիկացվածության բացակայության մասին:

Շատ կարևոր հարցերից մեկն այս առումով հանդիսանում է տնտեսության մեջ և ամբողջ երկրի տարածքով առանձին ճյուղերի բաշխավածության խնդիրը:

Այսինքն` Հայաստանն ունի ճյուղային համաչափ բաշխվածության խնդիր, իհարկե, դա ունի իր բացատրությունները, այն է` աշխատուժի կենտրոնացում Երևան քաղաքում, մասնագիտացման ուղղվածություն առանձին մարզերում և այլն: Սակայն այս խնդրի հետևանքն այն է, որ մարզերը չեն զարգանում, իսկ կենտրոնացվածությունը և ծանրաբեռնվածությունը մայրաքաղաքի վրա մեծանում է: Եթե փորձենք պատկերավոր նկարագրել արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը Հայաստանում, ապա կստացվի, որ մարմնի 43%-ը կազմում է գլուխը, իսկ 56%-ը` մյուս մասերը:

 

Աղյուսակ

ԱրդյունաբերականարտադրանքիարտադրություննըստՀՀմարզերիև

ք. Երևանի, 2015թ. հունվար-հունիս

 

 

Թողարկված արտադրանքի
ծավալը, ընթացիկ գներով, մլն. դրամ

Պատրաստի արտադրանքի իրացումը, ընթացիկ գներով, մլն. դրամ

Արդյունաբերական
արտադրանքի
ինդեքսը, %

ԸնդամենըՀՀ

613639.7

614468.1

105.1

 այդթվում`

 

 

 

ք. Երևան

265794.9

259936

108.4

Սյունիք

91736.9

86258.9

102.8

Արարատ

70609.3

82464.6

104.1

Լոռի

57689.2

59684.7

178.9

Կոտայք

50508

50103

75.7

Արմավիր

28088.7

27583.6

102.1

Գեղարքունիք

13723.9

7522.6

133.5

Շիրակ

12299.1

18133.5

56.3

Արագածոտն

11588.2

11291.4

100.1

Վայոց Ձոր

7168

7255.7

87.5

Տավուշ

4433.5

4234.1

100.6

 

Հայաստանում 2015թ.-ի առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրանքի արտադրությունը կազմել է 613 մլրդ դրամ, որից 347 միլիարդն արտադրվել է մարզերում: Միայն Երևան քաղաքում թողարկված արտադրանքի ծավալը կազմել է 265 մլրդ դրամ: Մարզերի առաջատարների եռյակը գլխավորում են Սյունիքը, Արարատը և Լոռին, իսկ վերջին երեք տեղերում են գտնվում Տավուշը, Վայոց Ձորը և Արագածոտնը: Օրինակ` Տավուշի և Սյունիքի մարզերի արդյունաբերական արտադրանքի ծավալների միջև տարբերությունը մոտ 20 անգամ է: Հետաքրքիր է նաև, որ Տավուշը, Վայոց Ձորը, Արագածոտնը, Շիրակը և Գեղարքունիքը միասին վերցրած իրենց արդյունաբերական արտադրանքով տալիս են ընդամենը Կոտայքի մարզի մոտ 50 մլրդ դրամի չափ արտադրանք: Այսինքն` շատ դեպքերում մարզերի տնտեսության զարգացմանը խոչընդոտում է նաև վերջիններիս մայրաքաղաքից հեռու գտնվելու հանգամանքը: Իսկ դա նշանակում է, որ ներքին պահանջարկի վրա աշխատելով մարզերը չեն կարողանում զարգանալ, քանի որ չունեն համապատասխան շուկա:

Մյուս կողմից Սյունիքի զարգացման հիմքում ընկած է հիմնականում հանքարդյունաբերությունը, սակայն այստեղ ևս խնդիր կա, քանի որ մարզի հանքարդյունաբերության կենտրոնների զարգացումը համաչափ չի տարածվում ամբողջ մարզի բնակչության զարգացվածության վրա:

Բացի արդյունաբերական արտադրանքի ծավալներից նաև մեծ կարևորություն ունեն զարգացման աճի տեմպերը: Ամենամեծ աճի տեմպերը 2015թ.-ի առաջին կիսամյակում դրսևորել է Գեղարքունիքի մարզը` 133.5% աճի ցուցանիշով, իսկ ամենավատ դիքերում է հայտնվել Շիրակը` 56.3% ցուցանիշով:

Շատ կարևոր է նաև թողարկում-իրացում կապի ուսումնասիրությունը, որովհետև կան մարզեր, որտեղ ավելի շատ արտադրվել է, քան իրացվել և հակառակը: Օրինակ` Գեղարքունիքում ավելի շատ թողարկել են քան իրացրել, իսկ Արարատի մարզում թողարկվածից ավելի են իրացրել մոտ 12 մլրդ դրամի արտադրանք: Այստեղ, իհարկե, անհրաժեշտ է իրականացնել լուրջ ուսումնասիրություններ, քանի որ յուրաքանչյուր մարզ, յուրաքանչյուր ձեռնարկություն, բացի համակարգային խնդիրներից ունի նաև իր առանձնահատուկ խնդիրները: Սակայն փաստը մնում է այն, որ Հայաստանն իր արդյունաբերական ներուժը ոչ միայն կորցրել է, այլ նաև չի կարողանում վերականգնել և լիարժեք օգտագործել, որի արդյունքում էլ արժանացել է ոչ թե արդյունաբերական, այլ գյուղատնտեսական երկիր կոչվելու "պատվին": Իսկ Հայաստանը չունի մեծ հողատարածքներ և անգամ շատ գյուղատնտեսական մշակաբույսերի մասով չի ապահովում իր պարենային անվտանգությունն ու ինքնաբավությունը: Այդ պարագայում, Հայաստանի գյուղատնտեսությունը պետք է առաջնահերթ սպասարկի ներքին պահանջարկը, այլ ոչ թե ուղղվի արտահանման, իսկ տնտեսության զարգացման լոկոմոտիվի դեր պետք է կատարի արդյունաբերությունը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ 

12:37 Օգոստոս 19, 2015

Ամենաընթերցված նյութեր