Ո՞ր օրը և ո՞ր ժամին պետք է կատարել ամենաբարդ հանձնարարությունը

Հաստատ դա երկուշաբթին չի, քանի որ շաբաթ-կիրակի հանգստանալուցհետո երկուշաբթի աշխատել չի լինում, էլ չենք ասում, երբ շաբաթ-կիրակին ակտիվ հանգիստի օրեր են լինում: Աշխատանքային օրերի արդյունավետության հետ կապված մի հետաքրքիր հետազոտություն ենք "պեղել", որն իրականացվել է 2013թ.-ին ԱՄՆ-ի 300 ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման բաժիններում: Արդյունքները բավականին ուսանելի են:

Ուրեմն` այդ հետազոտության տվյալների համաձայն ամենաարդյունավետ օրը համարվում է երեքշաբթին: Երևի նրա համար, որ երբ երկուշաբթի օրը գնում ես աշխատանքի, մի տեսակ մեծ բեռ է ընկնում ուսերիդ, քանի որ երբեմն ստացվում է, որ նախորդ շաբաթ կիսատ թողած գործեր են լինում, ու երկուշաբթին, մեծ հաշվով, պլանավորման օր է ստացվում(Չհաշված բացառիկ մարդկանց, ում մոտ ամեն ինչ այնքան գծված է, որ նրանք սահմանված ժամից առաջ կամ հետո ո՛չ ուտում են, ո՛չ խմում, ո՛չ էլ գնում զուգարան):

Տրամաբանությամբ գնում ենք, ու հանգում նրան, որ որքան մոտենում է շաբաթ-կիրակին, այնքան ավելի քիչ արդյունավետ են գործում աշխատակիցները:

Այդ նույն տրամաբանությամբ էլ աշխատանքային ժամերն են. որքան մոտենում էաշխատանքային ժամի ավարտը, այնքան աշխատակիցները հոգով, սրտով ու մտքով գրասենյակից վերանում են 16:00-ից սկսած: Այնպես որ, սիրելի գործատուներ, եթե ձեր աշխատակիցները իրենց ոչ ադեկվատ պահեն ժամը 4-ից հետո, ապա դա նորմալ է:

Նաև չենք մոռանում, որ ձեր աշխատակիցներին պետք է անպայման ուղարկեք արձակուրդի, ոչ միայն ու ոչ այնքան նրա համար, որպեսզի նրանք հանգստանան, այլ որպեսզի ձեր աշխատանքն առաջ գնա, քանի որ հարցվածների 51%-ի կարծիքով արձակուրդից հետո մարդիկ ավելի արդյունավետ են աշխատում: 

Այնպես որ, սիրելի՛ գործատուներ, եթե դուք ցանկանում եք ունենալ "թույն" իրագործված ծրագիր, ապա այն հանձնարարեք երեքշաբթի օրերին առավոտյան 10:00-12:00-ը ու ցանկալի է արձակուրդից նոր վերադարձած աշխատակցին:

Հլը տեսեք աշխատո՞ւմ է, թե՞ ստից թվեր են:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:28 Օգոստոս 17, 2015

Ամենաընթերցված նյութեր