Ամպային պահոցներին վստահում է աշխարհի բնակչության մեկ երրորդը

GFK ընկերությունը հետազոտություն է իրականացրել աշխարհի 22 երկրների ինտերնետ-օգտատերերի շրջանում` նրանց առաջարկելով համաձայնել կամ չհամաձայնել հետևյալ պնդման հետ. "Ինձ համար կարևոր է Ամպային պահոցների օգտագործումը լուսանկարների, երգերի և փաստաթղթերի պահպանման և հասանելիության համար": "Ամպային պահոց" հասկացության տակ այստեղ ենթադրվում է համացանցում պաշտպանված տարածություն, որը հասանելի է ցանկացած տեղից և ինտերնետին միացված սարքավորումից: Ամպային պահոցների գրավչությունը կայանում է նրանում, որ այն փոխարինում է USB ֆլեշ կրիչներին, ապահովում է փաստաթղթերի հասանելիություն ցանկացած վայրում: Դրա օգտագործման պարագայում վերանում է ռիսկը` կապված կրիչների վնասման կամ կորստի հետ: Ամպային պահոցները հատկապես գրավիչ են պլանշետների և սմարթֆոնների օգտատերերի համար, քանի որ դրանց ներքին հիշողությունը երբեմն չի բավականացնում անհրաժեշտ քանակության և ծավալի փաստաթղթեր պահելու համար:

Իսկ թե հարցվողները ինչքանով են համաձայնել վերը նշված պնդման հետ ներկայացված է ստորև գրաֆիկում:

Գրաֆիկ

Համաձայն ե՞ք, որ Ձեզ համար կարևոր է Ամպային պահոցերի օգտագործումը լուսանկարների, երգերի և փաստաթղթերի պահպանման և հասանելիության համար

Հետաքրքիր է, որ այն երկրներում, որտեղ ավելի վաղ է տարածում գտել ինտերնետը, ավելի քիչ են հետաքրքրված Ամպային պահոցով, քան այն երկրներում, որտեղ ինտերնետը տարածում է գտել ավելի ուշ: Վերջիններս ավելի կենտրոնացած են բջջային սարքավորումների օգտագործման վրա: Օգտատերերը, ովքեր սկսել են հիշողության մեծ ծավալներ ունեցող սեղանի համակարգիչներով և նոութբուքերով, ավելի շատ հակված են իրենց տվյալները պահել համակարգչի մեջ: Իսկ նրանք, ում ծանոթությունը բարձր տեխնոլոգիաների հետ սկսել է պլանշետներից և սմարթֆոններից, ավելի հեշտ են ընդունում ինֆորմացիայի պահպանման նման միջոցը` Ամպային պահոցը:
Ամպային պահոցներին ամենաշատը վստահում են Լատինական Ամերիկայում, իսկ Գեմանիայում, Կանադայում և Ավստրալիայում դեռևս կասկածում են: Ինչ վերաբերում է առանձին երկրներում ստացված արդյունքներին, ապա Ամպային պահոցների կողմնակիցների քանակով միանձնյա առաջատար է Մեքսիկան: Այստեղ հարցվողների 49%-ը լիովին կամ մասամբ համաձայն են "ամպերի"` որպես պահոց օգտագործման հետ: Հաջորդ երկրները, որտեղ հարցվողները պատրաստ են իրենց փաստաթղթերը վստահել "ամպերին" դրանք են` Բրազիլիան (44%), Թուրքիան (43%), Չինաստանը (40%), Ռուսաստանը (37%) և Արգենտինան (36%):

Կշեռքի մյուս նժարին այն երկրներն են, որտեղ հարցվողներն ավելի շատ չեն համաձայնել Ամպային պահոցների օգտագործման անհրաժեշտության հետ` Գերմանիա (50%), Կանադա (39%), Ավստրալիա (37%) և Շվեդիա (34%):

Տարիքային խմբերից "ամպային" ծառայությունների օգտագործումը ամենաշատը համարել են հոգեհարազատ 30-39 տարիքային խմբի հարցվողները: Նրանց 37%-ը խոստովանել է, որ կցանկանային իրենց նկարները, երգերը և այլ փաստաթղթերը պահել Ամպային պահոցներում: Նրանց հաջորդել է 20-29 տարիքային խումբը, որոնց 35%-ն է խոստովանել, որ կօգտվի "ամպային" ծառայություններից: Ամենաքիչը Ամպային պահոցներով հետաքրքրված են եղել 60 և ավելի տարիքի մարդիկ` 19%:

Իսկ, GFK ընկերության Digital Market Intelligence ստորաբաժանման գլխավոր տնօրենն ասել է. " Հարցումները ցույց են տվել, որ Ամպային պահոցների կողմնակիցների թիվը բավականին մեծ է և դա թույլ է տալիս խոսել այս շուկայի զարգացման պոտենցիալի մասին: Դա կարող է լինել, օրինակ, ֆոտո հոստինգը` անվտանգության և ընկերների հետ նկարներն ավելի հեշտ կիսվելու հզորացված հնարավորություններով":

 

ԲԱՐՈՄԵՏՐ

16:00 Օգոստոս 12, 2015

Ամենաընթերցված նյութեր