Ռուսաստանի տնտեսության բացասական զարգացումները առաջիկայում կազդեն Հայաստանի տնտեսության վրա

Համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող բացասական զարգացումներն իրենց ազդեցությունն են թողնում մի շարք տարածաշրջանների վրա, որի արդյունքում Եվրոպական Միությունը հայտնվել է Հունաստանի խնդիրները լուծողի դերում, Չինաստանում սկիզբ են առել բորսայական "փուչիկների" պայթելու գործընթացներ, անկում են ապրում նավթի գները` վտանգելով թերթաքարային նավթի և գազի հեղաշրջման գործընթացը, ինչպես նաև ազդում են նավթարդյունահանման արդյունքում եկամուտներ ունեցող երկրների վրա:

Այս ամենի համատեքստում, մեր գործընկերներից առաջինը` Ռուսաստանի Դաշնությունը ևս հայտնվել է լուրջ խնդիրների առաջ, քանի որ վերջինիս նկատմամբ պատժամիջոցները վերացնելու փոխարեն դրանք երկարաձգվում են, կրճատվում են նավթի արդյունահանումից ստացվող եկամուտները` կապված նավթի գների աննախադեպ անկման հետ, առաջացել են ռուբլու արժեզրկման դեռևս կառավարելի, բայց մեծ ռիսկայնություն ունեցող միտումներ և այլն:

Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, կարելի է ասել, համընկավ "տուրբուլենտ" կամ տատանողական ժամանակահատվածի հետ, քանի որ ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրներում առկա են լուրջ տնտեսական դժվարություններ: Եվ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները դեռևս բավականին լավատես են` 4.1%-ի հասնող տնտեսական աճ ապահովելու տեսանկյունից, այնուամենայնիվ տարածաշրջանային և, հատկապես, Ռուսաստանի տնտեսության բացասական զարգացումները, որոնցից դեռևս հաջողվում է խուսափել, արդեն աշնանը կզգացվեն ՀՀ տնտեսության վրա:

Ռուսաստանում այժմ վտանգի տակ են հայտնվել մի շարք հեռանկարային ներդրումային ծրագրեր, որոնք պետք է ուղղվեին նավթարդյունաբերության ոլորտի, ինչպես նաև բարձրորակ բենզինի արտադրությանը, մի շարք ներդրումային ծրագրեր էլ 50 ԱՄՆ դոլար բրենթ տեսակի նավթի պարագայում ընդհանրապես չեն կարող կյանքի կոչվել, իսկ դա նշանակում է` Ռուսաստանի տնտեսությանը նավթի գները հասցրել են բավականին լուրջ հարված և այսօրվա դրությամբ արդեն ունենք 1 ԱՄՆ դոլարը 64 ռուբլի և 1 եվրոն 70 ռուբլի փոխարժեքի մակարդակ, իսկ երկարժութային զամբյուղով (ԱՄՆ դոլար + եվրո) դա կազմում է 134 ռուբլի:

Իհարկե, պետք է նշել, որ Իրանի, որպես այդպիսին, նավթային շուկայում հայտնվելու հանգամանքը բավականին մեծ ռեզոնանս ունեցավ համաշխարհային նավթային շուկայում, իսկ վերջինիս կուտակած պաշարների մուտքի արդյունքում դեռևս կարելի է ակնկալել երկրորդ նմանատիպ ալիքը: Կա տեսակետ, որ սա արդեն այն սցենարի խաղարկումն է, որ Իրանն իր ռեսուրսներով մուտք է գործել համաշխարհային նավթային շուկա, սակայն փաստացի դա այդպես չէ, քանի որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանվում են աստիճանական կամ փուլային տարբերակով և դրանց հաջորդ փաթեթը, կարելի է ասել, կհանվի դեկտեմբերին, չնայած այն հանգամանքին, որ Իրանն արեց ամեն ինչ, որ դրանք հանվեն անմիջապես բանակցություններից հետո (բացառությամբ` ռազմական ոլորտի պատժամիջոցների):

Սակայն այս ամենի հետ մեկտեղ Ռուսաստանի տնտեսության վրա ազդող այս գործոնների նկատմամբ Հայաստանի տնտեսության և, հատկապես, փոխարժեքի տատանումները նկատելի չեն:

Ի՞նչի արդյունքում է դա տեղի ունենում կամ արդյոք դա հետագայում ավելի ուժեղ չի՞ ազդի Հայաստանի տնտեսության վրա: Այս հարցերին պատասխանելու համար պետք է որոշակի փաստեր և տվյալներ համադրենք: Հայաստանի միջազգային արժութային պահուստները հունիսին կրճատվել են մոտ 50.0 մլն ԱՄՆ դոլարով` կազմելով մոտ 1 մլրդ 544 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանում ամառվա ընթացքում նկատում է տուրիստական մեծ ներհոսք, մյուս կողմից օգոստոսին հայերը ևս մեկնում են արտերկիր իրենց հանգիստը կազմակերպելու համար, սկսվել են Համահայկական խաղերը, ինչպես նաև աճել են գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալները, որոշակի չափով ավելացել են նաև դրամական փոխանցումները և այլն: Այսինքն` մենք նշեցինք բավականի թվով գործոններ, որոնք նպաստում են տնտեսության մեջ արտարժույթի ավելացմանը, իհարկե, միայն պաշտոնական և հասարակությանը ոչ հասանելի վիճակագրության շրջանակներում կարելի է ասել, թե այդ տարրերից յուրաքանչյուրի հաշվին ինչքան արտարժույթ է մուտք գործել Հայաստան, սակայն նման վիճակագրության մենք չենք տիրապետում, այդ իսկ պատճառով մեր վերլուծությունն ունի որակական, այլ ոչ թե քանակական բնույթ:

Սակայն պետք է նշել, որ ռուսական ռուբլու 10% արժեզրկման պարագայում ՀՀ-ում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվում է 4-5%-ով (այսինքն` կիսով չափ), իսկ դա նշանակում է, որ մեր կողմից նշված գործոնները դեռևս բերում են իրենց նպաստը ՀՀ տնտեսությանը, ինչպես նաև գուցե կա ՀՀ ԿԲ-ի կողմից կարգավորվող միջամտության արդյունքը: Բայց ՌԴ-ում այս միտումների շարունակության, ինչպես նաև ռուբլու արժեզրկման տեմպերի պահպանման պարագայում Հայաստանում կնվազեն նաև տրանսֆերտների ծավալները, իսկ հաշվի առնելով նաև ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների բարձրացման հայտարարությունները, որոնք սեպտեմբերից կարող են իրականություն դառնալ, կարելի է ակնկալել, որ աշնանը կունենանք դրամի արժեզրկում: Դա չի բխում, հատկապես, այն տնային տնտեսությունների և ձեռնարկատերերի շահերից, ովքեր ունեն դոլարային վարկեր: Դա նշանակում է, որ քանի դեռ նման գործընթաց չի սկսել, դոլարով վարկեր ունեցողները պետք է փորձեն դոլար գնել:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

11:32 Օգոստոս 10, 2015

Ամենաընթերցված նյութեր