Ո՞ր երկրներն ունեն բնական գազի առավելագույն պաշարները և ու՞ր են դրանք գնում

Բնական գազը մարդկության կողմից օգտագործվող ամենահին և ամենաանհրաժեշտ էներգառեսուրսներից է: Ժամանակակից պայմաններում, երբ նավթն ու ածուխը համարվում են վառելիքի առավել աղտոտող տեսակներ, իսկ այլընտրանքային աղբյուրները դեռևս չեն կարող բավարարել մոլորակի էներգապահանջմունքը, բնական գազի նշանակությունն էլ ավելի է մեծանում:

Նախորդ հրապարակմամբ ներկայացրել էինք հում նավթի առավելագույն պաշարներ ունեցող պետությունների թոփ 10-ը: Շարունակելով "թոփ էներգատեր" երկրների թեման` ներկայացնում ենք բնական գազով հարուստ երկրների տասնյակը (ըստ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության հրապարակած տվյալների), ինչպես նաև դրանց հիմնական "հաճախորդներին":

ԱԼԺԻՐ - 4.5 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 2.3%-ը:
Ալժիրյան բնական գազի արտահանման գլխավոր ուղղությունները կենտրոնական Եվրոպայի երկրներն ու Թուրքիան են:


ՆԻԳԵՐԻԱ
- 5.1 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 2.6%-ը:
Այս երկրի գազի հիմնական սպառողներն են Ճապոնիան, Ֆրանսիան և Բրազիլիան: Նշենք, սակայն, որ Նիգերիայում "Բոկո հարամ" ահաբեկչական խմբավորման գործունեության պատճառով այստեղից բնականի գազի արտահանման ծավալները կտրուկ նվազել են:


ՎԵՆԵՍՈՒԵԼԱ
  - 5.5 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 2.8%-ը:
Վենեսուելական գազն առավելապես ուղղվում է Արգենտինա և Ֆրանսիա: Այստեղ արտահանման հիմնական խնդիրը տեղափոխությունն է. գազը հեղուկացվում է և լցանավերով ուղարկվում սպառող երկրներ:


ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- 6 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 3%-ը:
ԱՄԷ-ն, լինելով գազով ապահովված երկիր, այնուամենայնիվ, դեռևս այն մեծ քանակությամբ չի արտահանում, այլ ընդհակառակը` ներկրում է: Այստեղ արտահանվող հիմնական ռեսուրսը նավթն է:


ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ
- 7.5 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 3.8%-ը:
Թուրքմենստանն իր գազն ուղղում է հիմնականում Չինաստան և Իրան: Նկատենք, որ Իրանը ևս ահռելի ծավալներով բնական գազ ունի սեփական տարածքում, սակայն միաժամանակ ներկրում է:


ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ
- 8.2 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 4.1%-ը:
Սաուդյան Արաբիան, շեշտը դնելով նավթի արդյունահանման վրա, բնական գազն ուղարկում է ոչ ավելի հեռու, քան Օման:


ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
- 8.7 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 4.4%-ը:
Արտահանման գլխավոր ուղղություններն են հարևան Կանադան և Մեքսիկան: Չնայած լուրջ էներգառեսուրսներին` ԱՄՆ-ը ևս ահռելի ծավալի գազ է ներկրում:


ՔԱԹԱՐ
- 25 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 12.7%-ը:
Այս երկրի գազի արտահանումը խիստ դիվերսիֆիկացված է: Հիմնական սպառողներն են Ճապոնիան, Չինաստանը, Իսպանիան, Հնդկաստանն ու Թայվանը: Քաթարը տարանցման խնդիրների պատճառով դեռևս հուսալի մատակարար չէ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի համար:


ԻՐԱՆ -
33.8 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 17.1%-ը:
Իրանը, մի քանի տարի շարունակ գտնվելով արևմտյան պատժամիջոցների տակ, չի կարողացել մեծածավալ գազ արտահանել: Սակայն ս.թ. հուլիսի 14-ին ձեռք բերված համաձայնությունից հետո Իրանը "մեծ ախորժակով" կմտնի բնական գազի շուկա:


ՌՈՒՍԱՍՏԱՆ
- 47.8 տրլն մ3 կամ բնական գազի համաշխարհային պաշարների 24.2%-ը:
Տարածքով աշխարհի ամենամեծ պետությունը տիրում է մորորակի բնական գազի մոտ մեկ քառորդին և հանդիսանում է դրա ամենախոշոր արտահանողը: Ռուսական գազն առավել մեծ չափով տեղափոխվում է Կենտրոնական ու Արևելյան Եվրոպա, Թուրքիա և Ճապոնիա:


Նկատենք, որ այս պետություններից 6-ը` Ռուսաստան, Իրան, Սաուդյան Արաբիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Վենեսուելա, Նիգերիա, ընդգրկված են նաև նավթով հարուստ երկրների թոփ 10-ում, ինչը նշանակում է, որ երկու հիմնական էներգետիկ ռեսուրսները կենտրոնացած են մի քանի պետության ձեռքում:

Մի փոքր էլ մեր հարևանների մասին: Ադրբեջանը բնական գազի զգալի պաշարներով (991.1 մլրդ մ3) զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը: Այստեղից գազը գերակշիռ մեծամասնությամբ ուղղվում է Թուրքիա, սակայն երկու նոր գազատարերի (TAP և TANAP) կառուցմամբ ադրբեջանական գազը կհասնի նաև Եվրոպա:

Վրաստանն 8.5 մլրդ մ3 գազով 82-րդն է, Թուրքիան 6.8 մլրդ մ3-ով` 84-րդը: Այս երկու երկրները գազ արտահանող չեն. նրանց համար առավել ձեռնտու է "նեղ օրվա" համար սեփական գազը պահպանելը և միաժամանակ հարևաններինը տարանցելը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

14:00 Օգոստոս 07, 2015

Ամենաընթերցված նյութեր