Հայաստանի 2015թ. ներքին տնտեսական մարտահրավերները

ԲԱՐՈՄԵՏՐ-ն արդեն անդրադարձել է 2015թ. Հայաստանի արտաքին տնտեսական մի շարք մարտահրավերների: Ինչ վերաբերում ներքին տնտեսական մարտահրավերներին, ապա դրանք բավականին շատ են և պայմանավորված են տնտեսական աճի ցածր տեմպերով, պետության և կազմակերպությունների պարտքերով, արտարժույթով տրված վարկերով, ՓՄՁ-ների նկատմամբ հարկային ծանր բեռով և այլն:

Հարցը նրանում է, որ Հայաստանի դոլարային ՀՆԱ-ն 2009թ.-ի ճգնաժամից առաջ 12 մլրդ ԱՄՆ դոլարի էր մոտենում (306 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլար կուրսի պարագայում), իսկ հիմա 10.0 մլրդ ԱՄՆ դոլար է (480 ՀՀ դրամ ԱՄՆ դոլար կուրսի պարագայում), իսկ այս տարվա անկման տեմպերն էլ եթե հաշվի առնենք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կանխատեսումները, իրականություն են դառնալու:

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է -1%-անց անկում, Վերակառուցման և զարգացման եվրոպական բակի կանխատեսումները նույնպես բացասական են, Համաշխարհային բանկի կանխատեսումները 0%-ի շրջանակներում են, միայն Ասիական զարգացման բանկն է կանխատեսել 1.5% աճ, իսկ ՀՀ Ֆինանսների նախարարն արդեն իսկ հայտարարեց, որ ընդամենը կլինի 1%-անոց տնտեսական աճ, այսինքն` Բյուջեի ուղերձով կանխատեսվող 4.1% տնտեսական աճն այլևս հասանելի չէ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը վերջին 5 ամիսների ընթացքում չի գերազանցել 102.7%-ը, և միայն հուլիսին է գյուղատնտեսական աճի շնորհիվ կազմել 103.8%: Իսկ ի՞նչ է նշանակում է 3.1%-ով շեղվել բյուջեի հիմքում դրված տնտեսական աճի ցուցանիշից, ամենայն հավանականությամբ դա տանելու է բյուջեի հարկային մուտքերի թերակատարման, կամ կոշտ միջոցներով և հիմնականում ՓՄՁ-ների հարկային բեռն ավելացնելու հաշվին կատարման, որին և ականատես ենք լինում, ինչպես նաև մի շարք պարտքերի կուտակման, որոնք ոչ միայն կուտակում է պետությունը, այլև` ՓՄՁ-ները:

Այսինքն` այս տարվա տնտեսական աճի հիմքում ընկած են լինելու պարտքերը` պարտք վերցնելու հաշվին տնտեսական աճ ենք ապահովում, իսկ դա չի կարող երկար տևել:

Դրա համար ԱԺ-ն ստիպված պարտքերի շեմը բարձրացնել է մինչև ՀՆԱ-ի 60%-ը, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը 2020թ.-ի համար կանխատեսում է, որ ՀՀ-ն կունենա 62% պետական պարտք: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ կառավարությունը չի դադարեցնելու պարտքեր վերցնելու արատավոր քաղաքականությունը, իսկ դա ոչ այլ ինչ է քան բեռ ապագա սերունդների վրա, իսկ յուրաքանչյուր արտագաղթող իր հերթին ավելացնում է Հայաստանում մնալ և ապրել ցանկացողների բեռը, այսինքն` ստեղծվել է գրեթե փակ շղթա:

Նշենք միայն, որ 2015թ.-ի առաջին եռամսյակում պետական կառավարմանմարմինների պարտքերն ընդհուպ հասել են 3.5 մլրդ ԱՄՆ դոլարի` մոտ 130 մլն ԱՄՆ դոլարով աճելով 2014թ.-ի վերջի ցուցանիշի համեմատությամբ: Իսկ եթե դրան գումարենք վերցրած 200.0 մլն ռազմական տեխնիկայի ձեռքբերման, 150 մլն Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության և մի քանի այլ գյուղատնտեսական և այլ վարկեր, ապա վարկերի կիսամյակային ցուցանիշը ևս կավելանա 400.0 մլն ԱՄՆ դոլարով:

Իսկ մինչև ու՞ր ենք այսպես գնում, ինչու է Հայաստանն այսքան պարտքեր վերցնում, իհարկե ռազմական տեխնիկայի վարկի հետ կապված հասկանալի է` անվտանգության խնդիր ենք լուծում, սակայն հստակ դիրքորոշում վարկեր վերցնելու և պարտքեր ներգրավելու առումով Հայաստանը չունի: Իսկ պարտքեր ունեցողին որևէ գործողություն պարտադրելը բավականին հեշտ է, ինչպես նկատում ենք Հունաստանի պարագայում, անկախ այն հանգամանքից, որ վերջինս անգամ հանրաքվե անցկացրեց:

Հայաստանում 2015թ.-ի մայիսին վարկերը հասել են 2 տրիլիոն 89 մլրդ դրամի, որից 1 տրիլիոն 387 մլրդ-ը արտարժույթով վարկեր են, իսկ արտարժույթով վարկեր ունեցողները հայտնվել են բավականին ծանր կացության մեջ, քանի որ դոլարը բավականին արժևորվել է: Չնայած նշենք, որ վերջերս որոշ առումով դոլարի դիրքերը թուլացել էին և ՀՀ ԿԲ-ին իր պահուստները կարողացավ 100 մլն ԱՄՆ դոլարով ավելացնել և հասցնել մայիսի դրությամբ 1. մլրդ 595 մլն-ի, իսկ հունիսին կրկին մոտ 50 մլն-ի նվազեցում ունեցավ և ներկա դրությամբ դրանք կազմում են 1 մլրդ 544 մլն ԱՄՆ դոլար: Իսկ դա նշանակում է, որ Եվրոպայում և ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձությունները սկսել են ազդել ՀՀ տնտեսության վրա: Ռուսաստանում ռուբլին կրկին սկսել է արժեզրկվել, և’ դոլարի, և’ եվրոյի նկատմամբ, իսկ դա շուտով կանդրադառնա նաև մեր տնտեսության վրա: Նկատի ունենք, որ չի բացառվում նաև, որ դոլարը նորից արժևորվի, քանի որ երբ եվրոն իր դիրքերը կորցնում է, աշխարհում ներդրողները սկսում են դոլար գնել, իսկ դա կրկին հարվածելու է դոլարով կամ արտարժույթով վարկ ունեցողներին: Մեր երկրի ձեռնարկությունները, հատկապես, ՌԴ-ում և ԵՄ-ում դառել են ոչ մրցունակ` կախված փոխարժեքի, ՀՀ-ում տարվող վարչարարության և մի շարք այլ դժվարությունների հետ, որի պատճառով Հայաստանը կորցնում է իր արտա­քին շուկաները:

2015թ.-ի հունիսի դրությամբ ներմուծումը կազմել է 1 մլրդ 307 մլն ԱՄՆ դոլար` կրճատվելով 63.8%, իսկ արտահանումը կազմել է 624 մլն ԱՄՆ դոլար` կրճատվելով 88.8%-ով, իսկ ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 70.2%-ով:

Ներքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 8.2%-ով կազմելով 91.8%, սա ակնհայտ խոսում է, որ մարդիկ բավականին կրճատել են իրենց սպառման ծավալները, վատ են սկսել ապրել, իսկ դա դեռ քիչ է` էլեկտրաէներգիայի գինն է բարձրացվում, այն պարագայում, որ ՍԳԻ-ն (սպառողական գների ինդեքս) հունիսի դրությամբ կազմել է 105.1%: Էլեկտրաէներգիայի գինն էլ եթե գումարվեց, ու հարակից ապրանքները ևս, գնաճի տեմպերը 2015թ.-ին կլինեն ՀՀ ԿԲ-ի կողմից նշված սահմանագծից բարձր:

Այս համատեքստում տնտեսական զարգացման հեռանկարները բավա­կանին մշուշոտ են, քանի որ տնտեսական քաղաքականության կոնցեպտուալ փոփոխություններ են անհրաժեշտ, սկսած հարկաբյուջետային, դրամավարկային, պարտքային, հակամենաշնորհային, ներդրումային, արտահանման, ներմուծման փոխարինման քաղաքականություններց և այլն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:46 Օգոստոս 06, 2015

Ամենաընթերցված նյութեր