Հայաստանի Հանրապետության 2015թ.-ի արտաքին տնտեսական մարտահրավերները

Հայաստանը 2015թ.-ի ընթացքում բախվում է մի շարք տնտեսական մարտահրավերների հետ: Բնորոշելով Հայաստանի տնտեսության ներկա իրավիճակը կարելի է նշել, որ այն գտնվում է արտաքին և ներքին տնտեսական շոկերի ազդեցության ներքո:
Այն որ Հայաստանի տնտեսությունն ունի արտաքին աշխարհից մեծ կախվածություն` ակնհայտ է, և ինչքան արտաքին գործոնները սկսում են ՀՀ տնտեսության վրա ուժեղ ազդել, այնքան դրանց չի հաջողվում դիմակայել պետական կառավարման մարմիններին:
Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանի Դաշնությունից, իսկ այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի հանդեպ, անմիջականորեն ազդում են նաև Հայաստանի տնտեսության վրա, քանի որ ՀՀ ներմուծման և արտահանման, ինչպես նաև ներդրումային առաջին գործըն¬կերը ՌԴ-ն է, դեռ ավելին` ՌԴ-ից են ամենաշատ տրանսֆերտներ ուղարկվում, իսկ ՀՀ-ից ամենաշատ ՌԴ են մեկնում արտագնա աշխատանքի: Այս ամենն արդեն իսկ հիմք է ուշադիր հետևելու համար ՌԴ-ում տեղի ունեցող ցանկացած տնտեսական զարգացման և դրանց ադեկվատ արձագանքելու համար, իսկ այն մոտեցումը, որ "ՀՀ-ն ՌԴ տնտեսությունից կախվածություն չունի" ոչ մի քննադատության չի դիմանում:
Հայաստանի առևտրային 2-րդ գործընկերը Չինաստանն է, որտեղ մեղմ ասած վերջին շաբաթներին այնքան էլ նպաստավոր զարգացումներ չեն, հատկապես, բորսայական ինդեքսների անկման առումով:
ԵՄ-ում նույնպես հանգիստ վիճակ չէ, քանի Հունաստանի պարտքային ճգնաժամը լուրջ խնդիրներ է ստեղծել ԵՄ-ի, ինչպես նաև ամբողջ համաշխարհային տնտեսության համար, և չնայած այն հանգամանքին, որ ԵՄ ինստիտուտների ֆինանսական աջակցության շնորհիվ ամեն անգամ Հունաստանի տնտեսությունը "վերակենդանացվում" է, այնուամենայնիվ ռիսկերը դրանից չեն վերանում:
Հայաստանը ԵՄ երկրների (Գերմանիա, Ֆրանսիա և այլն) հետ, անկախ նրանից, որ անդամակցում է ԵԱՏՄ-ին, ունի լուրջ գործընկերային և առևտրատնտեսական հարաբերություններ, չնայած վերջին Օրանժ-Արմենիայի գործարքից կարելի է եզրակացնել, որ եվրոպական ներդրումները Հայաստանից ետ են հոսում և չեն կարողանում բազմապատկվել և իրենց հետևից նոր ներդրումներ բերել:
Այս բոլոր արտաքին շոկերն իրենց բացասական ազդեցությունն են թողնում մեր հիմնական գործընկերների տնտեսությունների վրա, որոնց անուղղակի ազդեցությունը զգում ենք նաև մենք:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ին և արդեն մոտ կես տարի ձևավորված տնտեսական հարաբերություններին պետք է նշել, որ դրա դրական արդյունքներն առայժմ նկատելի չեն (բացառությամբ` գյուղատնտեսական արտադրանքի արտահանման), իսկ այն որ արտաքին առևտրի ծավալները զուտ վիճակագրական ցուցանիշների առումով կրճատվել են` ակնհայտ է (անկախ այն հանգամանքից, որ ՀՀ ԱՎԾ-ի կողմից բերվում ԵԱՏՄ-ի հետ առևտրի հաշվառման միասնական բազա չունենալու հանգամանքը), իսկ դրա հիմնավորումներից է նաև այն, որ կտրուկ` մոտ 40%-ով նվազել են բանկային համակարգի միջոցով փոխանցումները:
Անդրադառնալով ՀՀ դրամական փոխանցումների վիճակագրությանը նշենք, որ միայն 2015թ.-ի առաջին եռամսյակում դրանք կազմել են 227.1 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2014թ.-ի առաջին եռամսյակում` 387.5 մլն ԱՄՆ դոլար, այսինքն` մեկ տարվա ընթացքում տրանսֆերտներ ստանալու առումով ունենք 160 մլն ԱՄՆ դոլարի կորուստ, իսկ եթե այս միտումները շարունակվեն, ապա տարվա վերջում ոչ թե ունենալու ենք 2.0 մլրդ և ավելի տրանսֆերտներ, ինչպես եղել է 2014թ.-ին, այլ դրա մոտ կեսը` 1.0 մլրդ ԱՄՆ դոլարից մի քիչ ավելի:
Աղյուսակ
Դեպի ՀՀ դրամական փոխանցումներն ըստ վճարային հաշվեկշռի
(մլն ԱՄՆ դոլար)

 

2014 Q1

2014 Q2

2014 Q3

2014 Q4

2015 Q1

Դրամական փոխանցումներ ՀՀ

387,5

485,8

593,9

558,9

227,1

 

Իսկ պարզ հաշվարկներով անգամ հասկանալի է, որ Հայաստանի 10.0 մլրդ դոլարի հասնող ՀՆԱ-ի 2.0 մլրդ-ից ավելին ձևավորվում է տրանսֆերտների հաշվին, իսկ եթե զրկվեցինք 1.0 միլիարդից կամ անգամ 500.0 մլն ԱՄՆ դոլարից կունենաք լուրջ անկում: Սա կապել միայն տրանսֆերտների հետ այսքան էլ ճիշտ չէ, սակայն այն որ դրանք մեծ ազդեցություն ունեն ՀՀ տնտեսության վրա դա ակնհայտ է:
Իհարկե, միայն բացասական զարգացումները չէ, որ շրջապատում են Հայաստանին, քանի որ աշխարհաքաղաքական որոշ զարգացումներ կարող են նպաստել Հայաստանի տնտեսական տարանցիկ դիրքերի ուժեղացմանը:
Հարկ է նշել, որ արտաքին տնտեսական հարաբերություններն ակտիվացնելու համար Հայաստանին յուրահատուկ հնարավորություն է ընձեռվել Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նկատի ունենալով, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի ցամաքային գործընկերներից մեկի հետ կարող է լուրջ նախաձեռնություններ իրականացնել: Անհրաժեշտ է Իրանի հետ տանել ակտիվ բանակցություններ` նավթավերամշակման գործարանի և երկաթգծի կառուցման, ինչպես նաև համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման տեսանկյունից:
Որպես այլընտրանք հանդիսանալով Վրաստանին, հատկապես, ժամանակ առ ժամանակ փակվող Վերին Լարսին` Իրանը կարող է Հայաստանի համար իսկական այլընտրանքային տրանսպորտային ուղի հանդիսանալ:
Իհարկե, արտաքին տնտեսական մարտահրավերները և հնարավորու¬թյուններն այսքանով չեն սահմանափակվում, քանի որ կա տեսակետ, որ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական և տնտեսական շահերի և հետաքրքրությունների խաչմերուկում, իսկ եթե դա իսկապես այդպես է, պետք է կարողանալ առավելագույն կերպով օգտագործել սեփական դիրքերը, այլ ոչ թե դուրս մնալով բոլոր խոշոր տարածաշրջանային ծրագրերից հույս փայփայել, թե մենք կարող ենք "կամուրջի" դեր կատարել Եվրոպայի և Ասիայի միջև:


ԲԱՐՈՄԵՏՐ

10:49 Օգոստոս 03, 2015

Ամենաընթերցված նյութեր