Համաշխարհային նավթի "մագնատները"

Ժամանակակից պայմաններում էներգետիկ ռեսուրսների, մասնավորապես` նավթի ու գազի նշանակությունը կտրուկ մեծացել է: Սակայն այս հարցում բնությունը ծայրաստիճան անարդար է գտնվել` սակավաթիվ պետությունների շնորհելով ահռելի ծավալի ռեսուրսներ, իսկ մյուսներին` մեխանիկորեն կախվածության մեջ դրել այդ "մագնատներից": Այսպիսով, փորձենք հասկանալ, թե մոլորակի շուրջ 200 պետություններից որոնք են "տիրել" հում նավթի համաշխարհային պաշարներին:

Նավթային "տիտանների" տասնյակն ունի հետևյալ տեսքը (խոսքը հում նավթի ապացուցված պաշարների մասին է. ապացուցված են համարվում այն պաշարները, որոնց առնվազն 90%-ն առկա տեխնոլոգիաներով հնարավոր է արդյունահանել).

10. ՆԻԳԵՐԻԱ - 37.14 մլրդ բարել (1 բարելը հավասար է մոտ 117.3 լիտրի)
Տասնյակը բացում է Աֆրիկայի միակ "նավթաշատ" երկիրը` Նիգերիան: 1970-ականներից սկսած նավթն այս երկրի տնտեսության շարժիչ ուժն է եղել: Սակայն նախորդ տարի Նիգերիան ցնցում ապրեց նավթի գների կտրուկ անկումից:

9. ԼԻԲԻԱ - 48.47 մլրդ բարել
Լիբիայի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ կախված է նավթից ու գազից, ինչի հետևանքով այս երկիրը ևս էապես տուժեց նախորդ տարի նավթի գների անկումից:

8. ՌՈՒՍԱՍՏԱՆ - 80 մլրդ բարել
Իհարկե, Ռուսաստանի "ջոկերը" գազն է, բայց նավթի պաշարներն էլ այստեղ քիչ չեն: Սակայն մեր ռազմավարական դաշնակցի պարագայում էլ շուկայում Իրանի ակտիվ ներգրավումը մեղմ ասած "ձեռք չի տալիս", քանզի Եվրոպան այդպիսով հնարավորություն կստանա թուլացնել կախվածությունը ռուսական էներգիայից:

7. ՄԻԱՑՅԱԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 97.8 մլրդ բարել
ՄԱԷ-ում նավթը հայտնաբերվել է 30 տարի առաջ, ինչից հետո էլ երկիրը սկսեց աննախադեպ տեմպերով զարգանալ, արդիականացվել: Այստեղ ևս նավթը տնտեսության հիմնասյունն է:

6. ՔՈՒՎԵՅԹ - 104 մլրդ բարել
Քուվեյթում նավթարդյունաբերությունը կազմում է ՀՆԱ-ի մոտ կեսը: Այստեղի շեյխերը նախատեսում են մինչև 2020 թվականը ռեկորդային ծավալի՝ օրական 4 մլն բարել նավթ արդյունահանել:

5. ԻՐԱՔ - 140.3 մլրդ բարել
Իրաքի տնտեսությունը ևս նավթահեն է: Եվ քանի որ ոլորտի մենաշնորհը պատկանում է պետությանը, նախորդ տարի գների անկման արդյունքում Կառավարության եկամուտները շուրջ 30%-ով նվազեցին: Դե հիմա էլ "Իսլամական պետությունն է" հաջողությամբ այդ նավթի մի մասն իրացնում:

4. ԻՐԱՆ - 157.3 մլրդ բարել
Հուլիսի 14-ին Վեցնյակի ու Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո Իրանը նավթի շուկայում լուրջ խաղացող է դառնում: Հատկապես հետաքրքիր կլինի հետևել Իրան-Սաուդյան Արաբիա և Իրան-Ռուսաստան մրցակցությանը:

3. ԿԱՆԱԴԱ - 173.2 մլրդ բարել
Կանադան նավթարդյունահանող այն բացառիկ երկրներից է, որոնց տնտեսությունը նավթով չի "շնչում": Նշենք, որ աշխարհագրական դիրքից ելնելով` Կանադան նավթը արտահանում է հիմնականում ԱՄՆ:

2. ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ - 268.4 մլրդ բարել
Սաուդյան Արաբիան, լինելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) անդամ, էժան առաջարկով էապես նպաստեց 2014թ. նավթի գների անկմանը: Այս երկրի վրա ևս "ծանր կնստի" Իրանի վերադարձը շուկա:

1. ՎԵՆԵՍՈՒԵԼԱ - 297.7 մլրդ բարել
Այս երկրի արտահանման` 96% և Կառավարության եկամուտների 40%-ը կազմում է նավթը: Ինչպես Կանադա, այնպես էլ Վենեսուելան հիմնական նավթային դաշնակցի կարգավիճակում տեսնում է ԱՄՆ-ին` թեև հարավամերիկյան երկրները ևս վենեսուելական նավթի ակտիվ սպառող են:

Մեր հարևան Ադրբեջանը ցուցակում 20-րդն է. այս երկրում, ավելի կոնկրետ` Կասպից ծովի ադրբեջանական (իսկ ավելի ճիշտ` Ադրբեջանի իշխանությունների կարծիքով` ադրբեջանական) հատվածում կուտակված է 7 մլրդ բարել նավթ: Թուրքիան գտնվում է ցուցակի 58-րդ հորիզոնականում` իր 262 մլն բարել նավթով:

Շարունակելի…

 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:30 Օգոստոս 01, 2015

Ամենաընթերցված նյութեր