Ֆինանսական հնարավորությունների բացակայության պատճառով երևանցիների մեծ մասն ամառային հանգստի չի մեկնում

Ամառային հանգիստը շատ մեծ կարևորություն և նշանակություն ունի յուրաքանչյուր մարդու կյանքում, քանի որ տվյալ ժամանակահատվածում մարդիկ նախընտրում են վերականգնել իրենց կորցրած առողջությունը, բարձրացնել աշխատունակությունը, շրջագայել և այլն:

Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ ամառային հանգստի կազմակերպումը կախված է նաև ֆինանսական հնարավորությունների հետ:

ԲԱՐՈՄԵՏՐ-ը անցկացված հերթական հետազոտության ժամանակ հարցվողներից փորձել է պարզել, երևանցիները որքա՞ն գումար են պատրաստվում ծախսել ամառային հանգստի համար:

Այս հարցի ներքո կարելի է բացահայտել մի քանի հարցեր` արդյոք երևանցիները պատրաստվու՞մ են մեկնել հանգստի, ինչպիսի՞ ֆինանսական հնարավորություններ ունեն վերջիններս իրենց հանգիստը կազմակերպելու համար, իսկ ծախսերի մեծությունից կարելի է անգամ ենթադրել` դա կուղղվիարտերկրում հանգստանալու՞ ն, թե՞ ոչ, չնայած մի շարք երկրների առաջարկած տուրիստական ծառայությունների ծախսերը գրեթե չեն տարբերվում Հայաստանում հանգստանալու ծախսերից:

Ինչպես ցույց են տալիս հարցման արդյունքները` երևանյան տնային տնտեսությունների 85.8%-ը չի մեկնելու հանգստի կամ չգիտի կմեկնի՞, թե՞ ոչ: Դա բավականին ահազանգող ցուցանիշ է, քանի որ Երևանում է կենտրոնացած Հայաստանի բնակչության 1/3-ից ավելին:

Իհարկե, հարցման նման արդյունքները պայմանավորված են նաև նրանով, որ մարդիկ սովորաբար ֆինանսական բնույթի և անձնական եկամուտներին առնչվող հարցերին խուսափում են պատասխանել, սակայն նման մեծ շեղում բավականին դժվար էր ակնկալել: Մնում է հուսալ, որ հարցին "չգիտեմ" պատասխան տվողների որոշ մասն ամենայն հավանականությամբ կմեկնեն հանգստանալու:

Այսպիսով` կրկին անգամ նշենք, որ աղքատության բավականին բարձր ցուցանիշ  ունեցող Հայաստանում աշխատուժի արտադրողականության, ինչպես նաև առողջության վերականգնման և, ընդհանրապես, հանգստի կազմակերպման հիմնահարցերը լուրջ ուսումնասիրությունների, ինչպես նաև համակարգված պետական քաղաքականության և հոգածության կարիք ունեն, իսկ տուրիզմի ցուցանիշները կամ հոսքերը ներկայացնող պաշտոնյաներն առաջին հերթին պետք է բարձրաձայնեն այս խնդրի, այլ ոչ թե` օտարերկրացիների ավելացման մասին, որոնք առնվազն 50-60%-ն էլ հայկական արմատներ ունեն կամ ժամանակին արտագաղթել են Հայաստանից:  

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:30 Հուլիս 30, 2015

Ամենաընթերցված նյութեր