Հայաստանի ներքին տուրիստական երթուղիների փաթեթներից Հայաստանում ապրողները քիչ են օգտվում

Հայրենիքը սիրում են այն ճանաչելով: Հայաստանում ապրող հայերը շատ դեպքերում Հայաստանը և Արցախը լավ չեն ճանաչում: Շատերը չեն եղել Հայաստանի ընդամենը 10 մարզերում, վերջիններիս տուրիստական և մշակութային կենտրոններում: Ստացվում է այնպես, որ զբոսաշրջիկները, ովքեր գալիս են Հայաստան, երբեմն շատ ավելի վայրերում են լինում, քան մենք ինքներս ապրելով մեր հայրենիքում:

Իհարկե, գուցե դա կապված է աշխատանքի, ժամանակի, ֆինանսական հնարավորությունների, ցանկությունների և հետաքրքրությունների հետ, սակայն այն հանգամանքը, որ մեր հայրենիքը լավ իմանալով և այն սիրելով կարող ենք կապվել այս հողին ու ջրին` փաստ է:

Այս համատեքստում ԲԱՐՈՄԵՏՐ-ի կողմից Երևան քաղաքի տնային տնտեսությունների շրջանում անց¬կաց¬ված սոցիոլոգիական հետազոտության միջոցով փորձ է արվել բացահայտել "Օգտվե՞լ եք երբևէ Հայաստանի տարածքով կազմակերպվող տուրիստական երթուղիների փաթեթներից" հարցի պատասխանը:
Հարկ ենք համարում նշել, որ այս հարցը միակողմանի է, քանի որ կան շատ հայեր, ովքեր իրենց ավտոմեքենաներով ճամփորդում են Հայաստանի տարածքով և տուրիստական փաթեթներից օգտվելու կարիք չունեն:

Ինչպես ցույց են տալիս հարցման արդյունքները` երևանյան տնային տնտեսությունների միայն 13%-ն է օգտվել Հայաստանի տարածքով կազմակերպվող տուրիստական երթուղիների փաթեթներից: Այսինքն` մնացած գերակշիռ մասը կամ 87%-ը նման փաթեթներից չի օգտվել:

Հարցը նրանում է, թե արդյոք մատչելի՞ են նման տուրիստական փաթեթները, ամենայն հավանականությամբ դրանք շատ ծախսատար չեն, սակայն այդ պարագայում անգամ նման ծառայություններից շատերն օգտվելու հնարավորություն չունեն: Մյուս կողմից, տեղեկատվության տարածման խնդիր այս հարցում գրեթե չկա, քանի որ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել նման ցուցանակների և գնացուցակների:

Հետաքրքիր է, որ տուրիստական այդ փաթեթներից կարող են օգտվել նաև պետական ծառայողները, քանի որ սոցիալական ծառայությունների փաթեթում Հայաստանի և Արցախի տարածքում նշված փաթեթները գործում են:
Սա նշանակում է, որ ներքին զբոսաշրջության խթանման խնդիրները Հայաստանում առկա են: Դեռ ավելին, եթե տուրիստական փաթեթները ներառեն ոչ թե մեկօրյա այլ մի քիչ ավելի երկար ժամանակահատված, ապա ծախսերը շատ ավելի մեծանում են: Դա ստիպում է, որ Հայաստանում հանգիստը կազմակերպելու փոխարեն մեր հայրենակիցները մեկնեն հարևան Վրաստան` ավելի էժան և մատչելի ծառայություններից օգտվելու համար: Սակայն պետք է նշել, որ ինչպես ցույց են տալիս Տուրիզմի համաշխարհային կազմակերպության հաշվարկները` Հայաստանը և Վրաստանը այս առումով գրեթե հավասար ծախսեր ունեն 1 զբոսաշրջիկի հաշվով` մոտ 800 ԱՄՆ դոլար: Եվ ինչպես ցույց են տալիս ԲԱՐՈՄԵՏՐ-ի կողմից անցկացված մեկ այլ հարցման արդյունքներ. հարցվողների մոտ 74%-ը ամառվա ընթացքում չի պլանավորում մեկնել հանգստի:

Այսինքն` խնդիրն ունի ավելի խորքային և սոցիալ-տնտեսական բնույթ:

Ամփոփելով նշենք, որ անհրաժեշտ է Հայաստանը լավ ճանաչել, փորձել թեկուզ փոքր գումարներով ճամփորդել Հայաստանով, ճանաչել մեր վանքերն ու եկեղեցիները, մշակութային և կրթական կենտրոնները, թանգարանները, քանի որ ազգային մշակույթի կրող լինելու համար դա անհրաժեշտ և կարևոր պայման է:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

 

10:30 Հուլիս 28, 2015

Ամենաընթերցված նյութեր