Բիզնեսով զբաղվողների եկամուտները նվազել են

ԲԱՐՈՄԵՏՐԸ հարցվողներին ուղղել էր հետևյալ հարցը. "Նվազել են արդյո՞ք Ձեր ընտանիքի բիզնեսով զբաղվող անդամների եկամուտները":

Այս հարցի ներքո կան թաքնված են մի քանի հարցադրումներ, որոնցից առաջինը պայմանավորված է հենց բիզնեսով զբաղվել կամ չզբաղվելու հետ: Հարցվողները բաժանվել են երկու խմբի, և պարզվել է, որ մոտ 20%-ը իրենց ընտանիքիներում ունեն բիզնեսով զբաղվողներ, իսկ 80%-ը համապատասխանաբար` ոչ (գրաֆիկ 1):
Համաշխարհային պրակտիկայում նաև կան այդպիսի ցուցանիշներ, և կան երկրներ, որոնք ունեն ավելի մեծ գործարար ակտիվություն, որը հասնում է բնակչության 40-50%-ին:

Հարցադրումից նաև պարզ է դառնում, որ երևանյան այն տնային տնտեսությունները, որոնք ունեն գործարարությամբ զբաղվողներ կորցրել են իրենց եկամուտների մի մասը: Ինչպես երևում է գրաֆիկ 2-ում, գործարարությամբ զբաղվող հարցվողների մոտ 89%-ը ունեցել է եկամուտների նվազեցում: Սա բավականին մեծ ցուցանիշ է, որից ակնհայտ է դառնում, որ գործարարությամբ զբաղվողների դրությունը մեղմ ասած այդքան էլ լավ չէ: Իսկ Doing Business 2015-ից, տեղեկանում ենք, որ Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է ևս 4 կետով` 49-ից վարկանիշը բարձրացել է մինչև 45: Ի՞նչ է ստացվում` վարկանիշն աճում է, իսկ բիզնեսով զբաղվողների եկամուտները նվազում են և բիզնես միջավայրը դառնում է ոչ նպաստավոր, այսինքն` իրականությունը և միջազգային վարկանիշները սկզբունքորեն իրարից տարբերվում են:

Պատասխանների մյուս խումբը (գրաֆիկ 2) արձանագրում է, որ բիզնեսով զբաղվողների մոտ 11%-ի եկամուտները չեն նվազել, այսինքն` կա’մ մնացել են նույնը, կա’մ աճել են: Սա կարելի է նաև բացատրել նրանով, որ այս խմբին պատկանող բիզնեսմեններն ավելի հաջողակ են, ինչպես նաև վերջիններիս հաջողվում է իրենց բիզնեսը կազմակերպել ավելի խելացի ձևով: Չի բացառվում նաև, որ այս խումբն ունի "լուրջ հովանավորներ", որոնց աջակցության շնորհիվ գործում է արտոնյալ պայմաններում և կարողանում է պահպանել իր մրցակցային դիրքերն ու առավելությունները: Սա նշանակում է նաև, որ "խաղի կանոնները" բիզնեսով զբաղվողների համար միևնույնը չեն, իսկ դա հանգեցնում է նաև եկամուտների անհավասարաչափ բաշխվածության:

Եվ ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2015 թվականի հունվար-մայիսին, էջ 52, հրապարակումից, կազմակերպությունների դեբիտորական պարտքերը մարտ ամսվա դրությամբ աճել են 2015թ.-ի սկզբի համեմատությամբ, կազմելով 108.6% (մոտ 58 մլրդ դրամով ավելացում), իսկ ամենաշատն աճել են վաճառքի գծով պարտքերը` 111.8% (մոտ 41 մլրդ դրամով ավելացում):

ՀՀ ԱՎԾ վիճակագրական ցուցանիշները ևս բացահայտում են մեր հարցումների արդյունքները, իրականում առկա են լուրջ հիմնախնդիրներ և անհրաժեշտ է ոչ թե ամեն քայլափոխի ավելացնել կազմակերպությունների հարկային բեռը, այլ փորձել խթան հաղորդել վերջիններիս, քանի որ կազմակերպությունների տնտեսական գործունեության արդյունքներից ակնհայտ է դառնում, որ վերջիններս գտնվում են նախաճգնաժամային, իսկ որոշները, կարելի ասել, ճգնաժամային իրավիճակում:


ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Հուլիս 21, 2015

Ամենաընթերցված նյութեր