Ամառային հանգիստ. մեկնե՞լ Թուրքիա, թե՞ ոչ

Գաղտնքի չէ, որ ամառային արձակուրդների կազմակերպման ամենամասսայական և ամենանախընտրելի տարբերակը ծովափնյա հանգիստն է: Այսպես է ամբողջ աշխարհում: Կարծում ենք, մենք նույնպես բացառություն չենք այս հարցում` հնարավորության սահմաններում ՀՀ քաղաքացիներից շատերն իրենց արձակուրդը նախընտրում են անցկացնել ծովափում: Այս առումով բացառություն չէ նաև մեր հարևան և "բարեկամ" Թուրքիան, որի ծովափնյա հանգստավայրերը շարունակում են գրավիչ մնալ մեր բազմաթիվ հայրենակիցների համար: Ասվածը բնավ չի նշանակում, թե հայաստանցիների ծովափնյա "արկածները" սահմանափակվում են բացառապես Անթալիայով, Ալանիայով և թուրքական այլ հանգստավայրերով, քանզի շատերն էլ հանգստանում են Վրաստանի, Բուլղարիայի, Եգիպտոսի և այլ պետությունների ծովափերում:

Այն, որ բազմաթիվ հայաստանցիներ նախընտրում են ամառային հանգիստն անցկացնել Թուրքիայում, այնքան էլ տարօրինակ չէ (թուրքական ծովափնյա հանգստավայրերում բավականին բարձր է մատուցվող ծառայությունների որակը, իսկ տուրիստական փաթեթների գները համեմատաբար մատչելի են և մարդկանց մոտ "սրտանոթային հիվանդություններ" դժվար թե առաջացնեն):

Տարօրինակ չէ նաև այն, որ հայաստանցիների` վերը նշված նախընտրությունը հաճախ խստագույնս քննադատվում է: Բանն այն է, որ հանգստանալով Թուրքիայում` մենք ուղղակի կամ անուղղակի կերպով մեր նպաստն ենք բերում այդ պետության տնտեսության զարգացմանը, բյուջետային մուտքերին և, բացի այդ, հաճախ թյուր պատկերացում կազմում այդ պետության մասին, քանզի հանգստացողներին հաճախ թվում է, թե համայն Թուրքիային է բնորոշ, ասենք, Անթալիայում տիրող շինծու "բարեկրթությունը, հանդուրժողականությունը, հայասիրությունը":

Նշենք, որ ԲԱՐՈՄԵՏՐ հետազոտավերլուծական թիմը փորձել է պարզել, թե ինչպես են երևանցիները վերաբերում այն փաստին, որ ՀՀ քաղաքացիները ծովափնյա հանգստի նպատակով մեկնում են Թուրքիա: Հետազոտության արդյունքները (տե՛ս գրաֆիկ) փաստում են, որ հայաստանցիների "սերն" առ թուրքական լողափեր չունի լուրջ աջակցություն կամ լեգիտիմություն:

Հարցվածների 47.1%-ը նշել է, որ խիստ բացասական է վերաբերվում հանգստի այդ տարբերակին, 15.2%-ը` հիմնականում բացասական, 17%-ը դրսևորել են անտարբերություն` նշելով "ինձ համար միևնույնն է" տարբերակը, 16.4%-ը նշել է "հիմնականում դրական", իսկ 4.3%-ը` "շատ դրական" պատասխանը:
Ստացվում է, որ երևանցիների առնվազն 62.3%-ի համար Թուրքիայում հանգստանալը քննադատելի կամ դատապարտելի է, ինչը կարելի է համարել հակահայկական և հակահայաստանյան նախաձեռնություններով աչքի ընկնող պետության հանդեպ որոշակիորեն արդարացված վերաբերմունքի արտահայտություն: Իհարկե, հաշվի առնելով վերջին գործոնը, այդ 62.3%-ն այնքան էլ բարձր ցուցանիշ չէ, ինչը մտորումների տեղիք է տալիս:
Ճիշտ է` մեզանում հաճախ քննադատվում են Թուրքիայում հանգստացող հայաստանցիները, սակայն այդ քննադատությունը չպետք է կառուցվի բացառապես զգացմունքային և հայրենասիրական փաստարկների վկայակոչմամբ: Բանն այն է, որ շատերի համար այդ փաստարկները կարող են համոզիչ չլինել, իսկ դա նշանակում է, որ Թուրքիա հանգստի մեկնելու դեմ պայքարողները (ինչու ոչ` նաև պետությունը) ամենից առաջ պետք է պայքարեն հաջող այլընտրանքներ ձևավորելու և ապահովելու ուղղությամբ: Այսինքն` պետք է այնպիսի տարբերակներ առաջարկել, որոնք ինչպես հայրենասեր, այնպես էլ հայրենիքի հանդեպ անտարբեր ՀՀ քաղաքացու համար այնքան գրավիչ կլինեն, որ Թուրքիա մեկնելն ի սկզբանե կդառնա անիմաստ և ոչ գրավիչ:


ԲԱՐՈՄԵՏՐ

 

11:20 Հուլիս 18, 2015

Ամենաընթերցված նյութեր