Մի տնից չենք, բայց մի օրի՞ ենք … Հայաստանը տարածաշրջանային վարկանիշային աղյուսակներում

Շատերս ենք լսել, թե այս երկրում վիճակն ավելի լավ է, քան մեզ մոտ, բայց քչերս ենք երբևէ մտածել՝ ո՞ր երկրներն են նույն վիճակում, ինչ Հայաստանն է:

ԲԱՐՈՄԵՏՐԸ փորձեց հարցախույզի միջոցով պարզել այդ հարցի պատասխանը: Բայց պարզվեց, որ այս հարցում ևս, երևանցիների կարծիքով, Հայաստանը բացառիկ է:

Հարցվածների հարաբերական մեծամասնությունը կարծում է, որ մեր հարևան ժողովուրդներից ոչ մեկի հետ մենք տնտեսական ընդհանրություններ չունենք, իսկ համեմատաբար մոտ վիճակում են գտնվում ռուսներն ու վրացիները:

Փորձենք համադրել այս տվյալները միջազգային վարկանիշային գնահատականների հետ: Այսպես, Տնտեսական ազատության գործակցով, տարածաշրջանային առաջատարը Վրաստանն է (22-րդ տեղ)՝ "հիմնականում ազատ", նրան հաջորդում են Հայաստանը (52-րդ տեղ), Թուրքիան (70-րդ տեղ) և Ադրբեջանը (85-րդ տեղ)՝ "չափավոր ազատ", ՌԴ-ն (143-րդ տեղ)՝ "հիմնականում ոչ ազատ", Իրանը (171-րդ տեղ)՝ "ճնշված/անազատ":

Բիզնեսի վարման գործակցով, տարածաշրջանային առաջատարը կրկին Վրաստանն է (15): Բավական մեծ հեռավորության վրա նրան հետևում է Հայաստանը (45), իսկ մեզ հաջորդում են Թուրքիան (55), Ռուսաստանը (62), Ադրբեջանը (80), ապա՝ Իրանը (130):

Համաշխարհային մրցունակության ինդեքսի համաձայն, տարածաշրջանային առաջատարն Ադրբեջանն է (38), որին հաջորդում են Թուրքիան (45), Ռուսաստանը (53), Վրաստանը (69), Իրանը (83), իսկ ցուցակը եզրափակում ենք մենք (85):

Մարդակենտրոն տեսանկյունից, սակայն, տնտեսության ազատականացվածությունն ու հզորությունն այնքան կարևոր չեն, որքան մարդու բավարավածությունն իր կյանքով: Եվ ահա "Երջանիկ մոլորակի" ինդեքսով, մեր հարևաններից ամենաերջանիկը թուրքերն են (47.6), նրանց հաջորդում ենք մենք ու վրացիները (46-ական), ապա՝ ադրբեջանցիները (40), իսկ երջանիկների "տարածաշրջանային" ցուցակը եզրափակում են ռուսները (34.5):

Այսպիսով, համադրելով հարցախույզի և վարկանիշային գնահատումների արդյունքները, ստանում ենք բավական հետաքրքիր պատկեր. տնտեսության ազատականացվածության և բիզնեսի մատչելիության տեսանկյուններից, Հայաստանին ամենամոտը Թուրքիան է, տնտեսական մրցունակության տեսանկյունից՝ Իրանը: Բայց ահա երջանկության գործակցով մենք և վրացիները տարածաշրջանում երկրորդն ենք: Այսինքն, թերևս կարելի է ասել, որ, չնայած տնտեսական ցուցանիշներով Հայաստանը տարածաշրջանում միջին և դրանից ցածր արդյունքներ ունի, այդուհանդերձ, բնակչությունն իրեն գրեթե նույնքան երջանիկ է զգում, որքան տնտեսապես առավել զարգացած տարածաշրջանային հարևանները:

Իսկ ինչպե՞ս կզգանք մեզ, եթե Հայաստանը բարելավի իր տնտեսական ցուցանիշները, և, ասենք, դառնա տարածաշրջանային առաջատար ...

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:39 Մայիս 18, 2015

Ամենաընթերցված նյութեր