Ինչպիսի՞ արտարժութային տատանումներ են սպասվում առաջիկայում

Բավականին հետաքրքիր է արտարժութային շուկաներում տեղի ունեցող տատանումներն ուսումնասիրել ոչ միայն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կտրվածքով, այլև համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխություններով:

Հայաստանը բավականին մեծ քանակությամբ տրանսֆերտներ է ստանում արտերկրից, իսկ վիճակագրությունը տարվում է, հատկապես, ԱՄՆ-ի և ՌԴ-ի կտրվածքով (որին կանդրադառնանք մեր հաջորդ հոդվածներում): Այդ իսկ պատճառով մեր հայրենակիցների ուշադրության կենտրոնում է գտնում արտերկրում տեղի ունեցող փոփոխությունների ազդեցությունը` հատկապես ռուբլու տատանումների տեսանկյունից:

Ռուբլու տատանումները ազդում են ոչ միայն տրանսֆերտներ ստացողների այլ նաև Հայաստանից արտահանվող ապրանքների գների մրցունակության վրա:

Այդ իսկ պատճառով, փորձենք հասկանալ, թե ինչպիսին է ՌԴ կենտրոնական բանկի կողմից վարվող քաղաքականությունը:

ՌԴ-ում վերջերս շարունակվում է ռուբլու արժևորումը, քանի որ հարկային վճարումների ժամանակահատված էր սկզբում, այնուհետև կար նաև Եմենի գործոնը, իսկ դրանք տանում են ռուբլու դիրքերի ամրապնդման: Այժմ ՌԴ-ում 1 ԱՄՆ դոլարն ընդհուպ մոտեցել է 49.0-50.0 ՌԴ ռուբլու միջակայքին: Իհարկե, դրան նպաստել են նաև նավթի գների աճի միտումները, իսկ դա նշանակում է, որ ՌԴ ռուբլու արժևորումը շարունակվելու է:

Հարկ է նշել, որ ՌԴ կենտրոնական բանկն իր հայտարարությունների ժամանակ, կարելի է ասել, հանրությանը և գործարար հատվածին տեղեկացրել է, որ թույլ չի տալու, որպեսզի 1 դոլարը 50 ռուբլուց ավելի արժևորվի: Այսինքն` տեղի ունեցող ռուբլու տատանումները լինելու են կարճաժամկետ, իսկ եթե նկատվեն նման միտումներ, ապա ՌԴ կենտրոնական բանկը կմիջամտի և տնտեսության մեջ դոլարի քանակը նվազեցնելով կամ գնելով օրական 100-200 մլն ԱՄՆ դոլար կհամալրի իր երեք հիմնական պահուստները` թույլ չտալով ռուբլու արժևորում: Այդ իսկ պատճառով ակնկալել, որ առաջիկայում ռուբլին կտրուկ կարժևորվի կարծում ենք այնքան էլ իրատեսական չէ:

Մյուս կողմից ՌԴ ազգային բանկի և ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից վերջերս տոկոսադրույքների վերաբերյալ կայացվեցին լուրջ որոշումներ: Համաշխարհային ներդրողների ուշադրության կենտրոնում էր գտնվում ԱՄՆ ԴՊՀ-ի նախագահ Ջենետ Իելենի կողմից տնտեսական քաղաքականության և, հատկապես, տոկոսադրույքների փոփոխությանը վերաբերող ամեն մի արտահայտությունը: Փաստորեն տոկոսադրույքները չբարձրացվեցին և դոլարի հերթական արժևորում չգրանցվեց:

ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը 2015թ.-ի մարտին կազմել է 5.4%, իսկ ինֆլյացիայի մակարդակն ընդհուպ մոտեցել է 1.8%-ի, այսինքն` ճգնաժամային իրավիճակ նախանշող հիմքեր չկան, որի համար էլ բանկերի վերաֆինանսավորման տոկոսադրույքները թողնվեց 0-0.25%-ի վրա:

Սակայն խնդիրներից մեկը նրանում է, որ գործազրկության մակարդակի կրճատումը չի ուղեկցվում աշխատավարձերի մակարդակի աճով, որն էլ փաստում է ԱՄՆ տնտեսության դանդաղ վերականգնման տեմպերի մասին:

Այս ամենի հետ մեկտեղ, նախ նշվում էր, որ ԱՄՆ ԴՊՀ-ի կողմից տոկոսադրույքները կբարձրացվեն սեպտեմբերին, իսկ այժմ արդեն կան բոլոր հիմքերը տոկոսադրույքների բարձրացումը հետաձգել մինչև 2016թ., իսկ դա նշանակում է, որ դոլարի արժևորում ամենայն հավանականությամբ առաջիկա վեց ամիսներին չի սպասվում:

ՌԴ ազգային բանկը, մոտ 1.5%-ով իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` դրանով իսկ ակտիվություն հաղորդելով տնտեսությանը, չնայած պետք է նշել, որ շատ փորձագետներ 14-ից մինչև 12.5% իջեցումը չէին կանխատեսում:

Եվրոյի հետ կապված հարցերն ավելի լուրջ են, քանի որ Հունաստանի կողմից վարկերի մարման ժամկետները բավականին լուրջ խնդիր են ստեղծել ԵՄ-ի համար: Չնայած՝ կան որոշակի համաձայնություններ և ամենայն հավանականությամբ այս խնդիրն առաջիկա շաբաթների ընթացքում կհարթվի: Նաև պետք է նշել, որ մայիս ամսվա դրությամբ Հունաստանն ունի մի քանի պարտքերի մարման վերջնաժամկետներ: Խնդիրը նրանում է, որ մոտ մեկ ամիս առաջ եվրոն գտնվում էր իր պատմական մինիմումի վրա, սակայն այժմ կարողացել է որոշ չափով արժևորվել: Եվրոպական կենտրոնական բանկն այս առումով, կարելի է ասել, ձախողեց իր QE (քանակական մեղմման) կամ 1.1 տրիլիոն եվրո տպելու քաղաքականությունը և նպատակ ուներ արժեզրկեր եվրոն մինչև 1 դոլարը 1 եվրո մակարդակին հասնելը, սակայն Հունաստանն իր գործոնով կրկին այլ ուղղությամբ տարավ ԵՄ տնտեսությունը: Հունական բանկերը, որոնց իրացվելիության ցուցանիշերը Եվրոպական կենտրոնական բանկի փորձագետների կողմից գնահատվել են բավականին ահազանգող, ևս մեծ խնդիր կարող են առաջացնել, քանի որ ավանդները հունական բանկերում օր օրի կրճատվում են՝ ավելի սրելով բանկերի առանց այն էլ ծանր դրությունը: Եվ հնարավոր է նաև իրավիճակի բարդացման պարագայում վերահսկողություն սահմանվի և սահմանափակումներ դրվեն ավանդների և կապիտալի արտահոսքի վրա:

Իհարկե, ԵՄ-ի վրա ազդեցին նաև Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ընտրությունները, և սրանք այն գործոններն են, որոնք արժևորել են եվրոն:

Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները բավականին մեծ ազդեցություն են թողնում այս կամ այն երկրի տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումների և արտարժույթի կուրսի վրա, որը ենթադրում է ավելի զգուշավոր քաղաքականություն, իսկ արտարժույթների առումով՝ դիվերսիֆիկացված պորտֆել, խուսափելու համար հնարավոր արտարժութային ռիսկերից:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

17:00 Մայիս 18, 2015

Ամենաընթերցված նյութեր