Ո՞ր ինտերնետ պրովայդերից են օգտվում երևանցիներն իրենց տանը

Ինտերնետը ժամանակակից և հատկապես ակտիվ գործունեություն ծավալող մարդու համար կենսական նշանակություն ունի: Այսօր իսկապես դժվար է մարդկանց, նույնիսկ տնային տնտեսուհիներին, իրենց կյանքը, աշխատանքն ու առօրյան պատկերացնել առանց ինտերնետի՝ առանց վիրտուալ իրականության: Մարդիկ չեն պատկերացնում կյանքն առանց սոցիալական ցանցերի, առանց ֆիլմերի, սուր ու աղմկահարույց լուրերի, խաղերի և այլն: Այս ամենը տանն ապահովելու համար մարդիկ կանգնում են ինտերնետ պրովայդերի ընտրության առաջ: Բնականաբար, մարդիկ ցանկանում են տանն ունենալ ինտերնետ, որը կունենա մատչելի գին և լավ որակ: Վերջին տարիներին Հայաստանի ինտերնետի շուկայում էական առաջընթաց է գրանցվել: Իհարկե, շատ դեպքերում կարելի է վերապահումներ ունենալ կապի գովազդվող և իրական որակի, տեխնիկական սպասարկման, և մի շարք այլ հարցերի նկատմամբ, սակայն փաստ է, որ վերջին տարիներին ոլորտում ի հայտ եկած նոր ընկերությունների շնորհիվ ձևավորված մրցակցությունը մի շարք դրական հետևանքների է բերել: Խոսքն առաջին հերթին վերաբերում է ինտերնետ օգտագործողների թվի աճին և գների նվազմանը:

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունների 2014թ.-ի տարեվերջին հրապարակած տվյալների համաձայն Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը կազմում է մոտ 495.500, որում ներառված չեն բջջային ինտերնետից օգտվողները: Ոլորտի ընկերությունների մասնաբաժինը նշված շուկայում ներկայացված է Գրաֆիկ 1-ում.

Հիշեցնենք, որ գրաֆիկ 1-ում ներառված տվյալները վերաբերում են ողջ Հայաստանին և ներառում են ոչ միայն տանը այլև պետական, մասնավոր ընկերություններում, հասարակական վայրերում միացված ինտերնետ կապը և այլն (բացառությամբ բջջային ինտերնետի):

ԲԱՐԵՄԵՏՐԸ մարտին Երևանում իրականացված հետազոտության շրջանակներում որոշեց պարզել թե երևանցիները ո՞ր ընկերության ծառայություններից են օգտվում տանից համացանցին միանալու համար: Հատկանշական է, որ այստեղ պատկերը լրիվ այլ տեսք ունի (Գրաֆիկ 2):

Ո՞ր ընկերության ծառայություններից եք հիմնականում օգտվում, տանից համացանցին միանալու համար

Ucom-ի նման բարձ ցուցանիշը կարելի է բացատրել նրանով, որ այս ընկերության կողմից առաջարկվող օպտիկամանրաթելային ցանցը հիմնականում հասանալի է հենց Երևան քաղաքում և Ucom-ը վերջին տարիներին կարողացել է հաջողությամբ "ցանցապատել" մայրաքաղաքը: Rostelecom-ը նույնպես ներկայում իր ցանցն է զարգացնում Երևանում, սակայն պետք է հաշվի առնել, որ վերջինը համեմատաբար նոր ընկերություն է և նման մեկնարկը կարելի է հաջողված համարել: Ինչ վերաբերում է բջջային կապի երեք օպերատորներին, ապա՝ Beeline-ի առավելությունն այստեղ պայմանավորված է Hi-Line-ի հնարավորություններով, իսկ այս հարթության վրա Vivacell-MTS-ի և Orange-ի համեստ ցուցանիշների բացատրությունը կարծում ենք պարզ է. նրանց կողմից առաջարկվող շարժական ինտերնետի ծառայություններն (խոսքը չի վերաբերում բջջային ինտերնետին) իրենց հզորություններով և հնարավորություններով զիջում են առաջատարներին, բացի այդ՝ նշված օպերատորները շատ ավելի արդյունավետ գործում են հանրապետության մյուս քաղաքներում և գյուղական համայնքներում:

Դե ինչ, երևանցիների անունից առողջ մրցակցություն ենք մաղթում ոլորտի ընկերություններին՝ որից կշահեն բոլոր կողմերը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:00 Ապրիլ 14, 2015

Ամենաընթերցված նյութեր