Ինչպե՞ս են ազդել դրամ-դոլար տատանումները երևանի տնային տնտեսությունների բարեկեցության վրա

ԲԱՐՈՄԵՏՐԻ կողմից Երևան քաղաքի տնային տնտեսությունների շրջանում անցկաց¬ված սոցիոլոգիական հետազոտության միջոցով (2015թ.-ի մարտի սկզբին) փորձ է արվել բացահայտել, թե Երևան քաղաքի տնային տնտեսությունների (տ/տ) բարեկեցության վրա ինչպես է ազդել դրամի արժեզրկումը և մյուս կողմից դոլարի թանկացումը:

Հարցման արդյունքում բացահայտվել են բավականին հետաքրքիր միտումներ, քանի որ հարցվողների գրեթե 85%-ի կամ, կարելի է ասել գերակշիռ մեծամասնության մոտ դրամի արժեզրկումը հանգեցրել է բարեկեցության անկման: Սա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ տնային տնտեսությունների մեծ մասի եկամուտները դրամով են, մյուս կողմից աշխատավարձերի և դրամի արժեզրկման տեմպերի մեջ առկա է էական տարբերություն: Դեռ ավելին՝ դրամի արժեզրկմանը գումարվում է նաև գնաճը: Իսկ քանի որ Հայաստանում գոյություն չունի աշխատավարձերի ինդեքսացիա հասկացությունը, ապա նման պատասխանն ակնկալելի էր:

Հարցվողների մոտ 12%-ի վրա դրամի արժեզրկումն այնքան էլ չի ազդել և կարելի է ենթադրել, որ այս մարդիկ ունեն դոլարային եկամուտներ և ինչ որ առումով կոմպենսացրել են իրենց կորուստները: Եվ մոտ 3-4% տնային տնտեսություններն են, որ չեն ունեցել կորուստներ:

Այժմ անդրադառնանք, թե Երևանի տնային տնտեսությունների բարեկեցության վրա ինչպես է անդրադարձել դոլարի արժևորումը:

Հարցվողների մոտ 52%-ի վրա դոլարի արժևորումը խիստ բացասական է ազդել: Սա կարելի է ասել գրեթե նույն այն տնային տնտեսությունների խումբն է, որը չունի դոլարային որևէ եկամտի աղբյուր, իսկ դոլարի արժևորումը տարել է ներմուծվող ապրանքների գների բարձրացման և իրենց համար կյանքի թանկացման: Մոտ 25% տ/տ-ների վրա դոլարն այնքան էլ չի ազդել: Հետաքրքիր է նաև, որ մոտ 18%-ի վրա դոլարի արժևորումն ընդհանրապես չի ազդել: Սա ցույց է տալիս, որ այս մարդիկ կամ դոլար չունեն, կամ ունեն և դա ազդել է դրականորեն: Իսկ հարցվողների մոտ 5%-ի վրա դոլարի արժևորումը դրական է ազդել, այստեղ կարելի է վստահ ասել, որ այս 5%-ն ունի դոլարային եկամուտներ, ստանում է դրսից տրանսֆերտներ և բարեկեցության անկման խնդիր կուրսային տատանումներից չունի:

Հիմնական եզրակացությունն այն է, որ դրամի արժեզրկումից կտրուկ անկում է ապրել Երևանի տնային տնտեսությունների գերակշիռ մասի բարեկեցությունը: Մյուս եզրակացությունն այն է, որը տ/տ-ների մոտ հիմնականում բացակայում են դոլարային խնայողությունները, ինչպես նաև վերջիններիս բարեկեցությունը բավականին կախված է և զգայուն դոլար-դրամ տատանումների կամ ցնցումների նկատմամբ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:00 Մարտ 19, 2015

Ամենաընթերցված նյութեր