Աշխարհի ամենաթանկարժեք ավտոմեքենաների բրենդների տասնյակը 2014թ.-ին

Հնարավոր չէ հեղինակություն ձեռք բերել միայն մտադրություններով

Հ. Ֆորդ

Աշխարհում բնապահպանական և արտանետումների խնդիրներով պայմանավորված, ավտոմեքենաշինության ոլորտում սկսված նորամուծական բնույթի նախագծերի հեղափոխությունը և էլեկտրականությամբ աշխատող ավտոմեքենաների մասսայական արտադրությունն առաջիկա տասնամյակներում ունենալու է շատ մեծ պահանջարկ: Հարկ ենք համարում նաև նշել, որ ավտոարդյունաբերության ոլորտում կա դրամական միջոցների մեծ կենտրոնացվածություն: Դա, կարելի է ասել, այն լուրջ ֆինանսական հիմքն է, որի վրա կառուցվելու է ավտոմեքենաշինության և ավտոինդուստրիայի ապագա նորամուծությունների հեղաշրջումը: Իհարկե, դա նշանակում է նաև քաղաքների զարգացման և ընդհանրապես ենթակառուցվածքի փոփոխություն, քանի որ էլեկտրականությամբ աշխատող ավտոմեքենաները պետք է հարմարեցված լինեն ոչ միայն քաղաքային միջավայրին, այլ նաև մեծ հեռավորություն անցնելուն: Դրանք լուրջ մարտահրավերներ են, որոնք ապագայում պահանջելու են մեծ ներդրումներ:

Այս տեսանկյունից մեծ հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն աշխարհի ամենաթանկարժեք ավտոմեքենաները, այլ նաև մեծ մասսայականություն վայելող և ամենաարժեքավոր բրենդները:

Հարկ ենք համարում նշել, որ մեր կողմից հիմք է ընդունվել Համաշխարհային 500 (Global 500, 2014) ամենաարժեքավոր բրենդների (The World's Most Valuable Brands) վարկանիշավորումը:

Սակայն աշխարհում կան ևս մի քանի (Top 100 Most Valuable Global Brands 2014, Best global brands, Forbes-ը և այլն) հզոր բրենդային վարկանիշավորողներ, որոնց վարկանիշավորման կամ դասակարգման աղյուսակներում երբեմն առկա են տարբերություններ` պայմանավորված մեթոդաբանությունների (օրինակ` բրենդի արժեք/կազմակերպության արժեք և այլն) տարբերություններով: 

10.Ռենո (Renault) 9.01 մլրդ ԱՄՆ դոլար
Ֆրանսական այս ավտոարտադրող ընկերությունը հիմնադրվել 1899թ.-ին և աշխարհի ամենահայտնի ֆինանսական վերազգային կորպորացիան է: Այս ընկերությունը նաև գտնվում է միավորված ալյանսի մեջ Նիսան ընկերության հետ, որի 43.4% բաժնետոմսերը գտնվում են իր ձեռքում, իսկ Ռենոյի 15% բաժնետոմսերը Նիսանի: Ռենոյի 2013թ.-ի վաճառքի ծավալները կազմել են 2.6 մլն միավոր: Ռենո բրենդն արժե 9.01 մլրդ ԱՄՆ դոլար:

9.Պոռշ (Porsche) 11.37 մլրդ ԱՄՆ դոլար
Գերմանական այս ընկերությունը հիմնադրվել է 1931թ.-ին և հիմնականում կենտրոնացված է բարձր մակարդակի սպորտային ավտոմեքենաների արտադրության վրա: Այս ընկերությունն իր ճանաչմանը հասավ 1960-ականներին և գտնվում է Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում: Ավտոմեքենաների մրցաշարերում վերջինիս ռեկորդների և հաղթանակների թիվը հասնում է 28.000-ի:

8.Հյունդայի (Hyundai) 18.83 մլրդ ԱՄՆ դոլար
Հյունդայի ընկերությունը հանդիսանում է Հարավային Կորեայի շարժիչ ուժը, որը Սամսունգ ընկերության հետ միասին աշխարհին է ներկայացնում Հարավային Կորեան: Այն հիմնադրվել է 1947թ.-ին, որպես ինժեներական ընկերություն, և միայն 1967թ.-ին է կենտրոնացել ավտոարտադրության վրա: Այս ընկերության գլխամասը գտնվում է Սեուլում, այն հանդիսանում է նաև աշխարհի 4-րդ ամենամեծ ավտոարտադրողը, ինչպես նաև տնօրինում է Կիա մոթորս ընկերության 32.8% բաժնետոմսերին: Անցած տարի այն արտադրել է 4.7 մլն ավտոմեքենա:

7.Ֆորդ (Ford) 20.24 մլրդ ԱՄՆ դոլար
Ֆորդ մոթորսը հիմնադրվել է ԱՄՆ-ում, Հենրի Ֆորդի կողմից՝ 20-րդ դարի սկզբին: Այն նաև առաջին ընկերությունն էր, որն աշխատանքի բաժանման միջոցով հասավ առավելագույն արդյունավետության: Այժմ այն 5-րդ ամենախոշոր ավտոարտադրողն է աշխարհում, որի բրենդն արժե 20.24 մլրդ ԱՄՆ դոլար:

6.Նիսան (Nissan) 21.19 մլրդ ԱՄՆ դոլար
ճապոնական Նիսան ընկերությունն իր 21.19 մլրդ ԱՄՆ դոլար բրենդային արժեքով և համաշխարհային արտադրության ծավալներով գտնվում է մեր աղյուսակի 6-րդ հորիզոնականում: Վերջինիս գլխամասային գրասենյակը գտնվում է Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում:

5.Հոնդա (Honda) 22.15 մլրդ ԱՄՆ դոլար
Հոնդայի գլխամասը գտնվում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում: Հոնդան 7-րդ ամենախոշոր ավտոարտադրողն է համաշխարհային ավտո շուկայում: Այս ընկերությունը դիվերսիֆիկացրել է իր արտադրությունը, քանի որ արտադրում է նաև շարժիչներ, ռոբոտներ, ինքնաթիռներ, արևային էներգիա արտադրող սարքեր և այլն: Այն նաև տնօրինում է Ակուրա (Acura) թանկարժեք ավտոմեքենաների սեգմենտին, որը մրցակցում է Տոյոտայի Լեքսուս, եվրոպական Բի Էմ Դաբլյու (BMW) և Մերսեդես-Բենց (Mercedes-Benz) բարձրարժեք բրենդների հետ:

4.Մերսեդես-Բենց (Mercedes-Benz) 24.17 մլրդ ԱՄՆ դոլար
Մերսեդես-Բենցի ավտոմեքենաներն ապահովում են ավելի մեծ շահույթ քան մասսայական արտադրության ավտոմեքենաները, քանի որ դրանք զբաղեցնում են ամենահարուստ սեգմենտը, իսկ Դայմլեր ընկերությունն իր կայսրության գլխին կրում է Մերսեդես-Բենց բրենդային թագը:

3.Վոլկսվագեն (Volkswagen) 27.06 մլրդ ԱՄՆ դոլար
1937թ.-ին հիմնադրված այս ընկերության ապրանքանիշն աշխարհում ամենաճանաչվածն է, քանի որ և’ Ասիայում, և’ ԵՄ-ում և’ ԱՄՆ-ում ունի մեծ մասսայականություն: Արտադրում է ավելի քանի 8.6 մլն ավտոմեքենա: Ընկերության գլխամասը գտնվում է Գերմանիայի Ֆոլցբուրգ քաղաքում

2.Բի Էմ Դաբլյու (BMW) 28.96 մլրդ ԱՄՆ դոլար
Այս ընկերությունը՝ գերմանական ամենաթանկարժեք բրենդն է, որի գլխամասը գտնվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Այն արտադրում է տարեկան 2.0 մլն ավտոմեքենա:

1.Տոյոտա (Toyota) 34.9 մլրդ ԱՄՆ դոլար
Տոյոտան համաշխարհային առաջատարն է ավտոարտադրության և բրենդի բնագավառում: Ճապոնական այս ընկերությունն արտադրում է ավելի քան 8.4 մլն ավտոմեքենա, ունի մի շարք ապրանքանիշեր, ինչպես նաև արտադրում է էլեկտրականությամբ աշխատող ավտոմեքենաներ Ռանզ (Ranz) բրենդի ներքո:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

22:00 Փետրվար 20, 2015

Ամենաընթերցված նյութեր