Մի՞թե Հայաստանում ռուսական արտադրանքն ավելի նախընտրելի է, քան եվրոպականը

"Եվրոպական ստանդարտներ", "գերմանական որակ"... այս արտահայտությունները հայաստանյան սպառողի վրա վաղուց արդեն ունեն "մոգական" ազդեցություն և ազդարարում են բարձրորակ ապրանքի մասին: Բայց, ինչպես գիտենք, բարձր որակը ենթադրում է նաև բարձր գին: Իսկ որքանո՞վ է բծախնդիր հայաստանյան գնորդը, պատրա՞ստ է նա բարձր գին վճարել բարձրորակ ապրանքի համար: "Ինտեգրման բարոմետրի" 2014թ. տվյալները (էջեր 47-50) վկայում են հայաստանյան սպառողի բավական փոփոխական վարքի մասին: Մասնավորապես,

  • 2012թ. համեմատ` 2014թ. Հայաստանում գրեթե կրկնակի ավելացել է հետխորհրդային տարածքում արտադրված ապրանքներ նախընտրողների թիվը` կազմելով 50%: Նախկին ԽՍՀՄ երկրների արտադրանքն ամենավստահելին է Ուզբեկստանում (78%), իսկ ամենաքիչը դրանք նախընտրում են Ադրբեջանում (25%):
  • Եվրոպական արտադրության ապրանքների նկատմամբ վստահության աճ Հայաստանում գրանցվել է 2013թ., սակայն հաջորդ տարի այն անկում է գրանցել` կազմելով 37%: Փոխարենը` եվրոպական արտադրանքը շարունակում է ամենավստահելին համարվել Վրաստանում (56%), իսկ ամենաքիչը դրանք նախընտրում են Ղրղզստանում (17%):
  • Այլ երկրների արտադրանքը հայաստանյան սպառողների համար չունի նախորդների չափ վստահություն. ներկայումս դրանք նախընտրելի են մեր գնորդների 29%-ի համար` ամենացածրը հետխորհրդային ողջ տարածքում: Իսկ ամենաբարձր ցուցանիշն այս ուղղությամբ գրանցվել է Թուրքմենստանում (72%):
  • Հետխորհրդային տարածքում արտադրված ապրանքներից ամենանախընտրելին ռուսական ապրանքներն են, իսկ երկրորդ տեղում բելառուսական արտադրանքն է: Սակայն հատկանշական է, որ ռուսաստանցիներն ավելի շատ նախընտրում են այլ երկրներում (60%) արտադրված ապրանքները, քան նախկին ԽՍՀՄ (34%) կամ եվրոպական (43%) արտադրանքը:

Գրաֆիկից երևում է, որ մենք և վրացիները գրեթե նույնչափ վստահում ենք նախկին ԽՍՀՄ երկրների արտադրանքին: Եթե մեր դեպքում դա ինչ-որ չափով ակնկալելի է, ապա բավական անսպասելի է, որ "արևմտականացած" Վրաստանի բնակչության համար հետխորհրդային և եվրոպական տարածքներում արտադրված ապրանքները հավասարապես վստահելի են, այն էլ` բնակչության բացարձակ մեծամասնության համար: Պարզվում է նաև, որ "հարևան" ադրբեջանցիների գերակշիռ մեծամասնությունը նախընտրում է ո՛չ նախկին ԽՍՀՄ և ո՛չ էլ եվրոպական, այլ "այլ երկրների" արտադրանքը: Հատկանշական է նաև, որ ոչ մի արտասահմանյան արտադրանք չնախընտրողների թվով Հայաստանը 4-րդն է նախկին ԽՍՀՄ երկրների շարքում` 18% (գուցե նրանք հայրենակա՞ն արտադրանքը նախընտրողներն են):

Ամեն դեպքում, Հայաստանի առումով 2015թ. տվյալները, կարծում ենք, ավելի հետաքրքիր կլինեն, քանի որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո եվրոպական և "այլ" երկրներում արտադրված մի շարք ապրանքների գներ կբարձրանան: Գուցե նաև այդ սպասումներով կարելի է բացատրել նաև 2012թ. համեմատ 2014թ. հետխորհրդային տարածքում արտադրված ապրանքներ նախընտրողների թվի կրկնակի աճը Հայաստանում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:03 Փետրվար 09, 2015

Ամենաընթերցված նյութեր