Ինչքանո՞վ են վարկերն ապահովում բարեկեցություն երևանցիների համար

ԲԱՐՈՄԵՏՐԻ կողմից Երևան քաղաքի տնային տնտեսությունների շրջանում անցկացված սոցիոլոգիական հետազոտության միջոցով փորձ է արվել բացահայտել, թե դրանցից քանի՞սն ունեն վարկեր և ստացված տվյալները համադրելով այլ տվյալների հետ՝ որոշ հետևություններ կատարել:

Փորձելով ստանալ "Արդյո՞ք Ձեր տնային տնտեսության (տ/տ) անդամներն ունեն որևէ վարկ" հարցի պատասխանը, պարզվել է, հարցված տ/տ-ների 1/3-ից ավելին կամ 35.5% ունեն վարկեր, իսկ 64.5% ոչ: Այս ցուցանիշից կարելի է եզրակացնել, որ կամ տ/տ-ների մոտ 2/3-ը ունեն բարձր եկամուտներ կամ բարեկեցության միջին մակարդակ և չեն փորձում բարձրացնել այն վարկերի միջոցով, կամ խուսափում են վարկերից` հաշվի առնելով վերջիններիս բարձր տոկոսադրույքները, կամ էլ վարկունակ չեն, սակայն իրականում դրա կարիքն ունեն:

Այնուհետ ԲԱՐՈՄԵՏՐԸ փորձեց վերը նշված հարցը համադրելով տնային տնտեսության կողմից կատարվող ամսական միջին ընդհանուր ծախսերի չափը պարզող հարցի տվյալների հետ և որոշ հեևություններ անել: 

Եվ այսպես, վարկ ունեցողների 12.8%-ը "Որքան է կազմում Ձեր ընտանիքի միջին ամսական ծախսը" հարցին նշել է որ այն չի գերազանցում ամսական 100.000 ՀՀ դրամը: Վարկ ունեցողների գերակշիռ մեծամասնությունը (մոտ 81%) 101-450.000 ՀՀ դրամ ամսական ծախս ունեցող հարցվողներն են: Իսկ մնացած 6.48%-ը՝ 451.000 ՀՀ դրամը գերազանցող ամսական ծախս ունեցող ընտանքի անդամներ են:

Գրաֆիկ 1. Վարկ ունեցող երևանցիներն ըստ ամսական միջին ծախսերի

Սա փաստում է, որ տ/տ-ների մեծ մասը վարկ է վերցնում, քանի որ ունի ցածր եկամուտներ, ինչ վերաբերում է մինչև 100.000 ՀՀ դրամի հասնող ծախսեր ունեցող տ/տ-ներին, ապա նրանց վարկունակությունը և եկամուտների ցածր մակարդակը թույլ չի տալիս ռիսկի դիմել և շատ վարկեր վերցնել, որը փաստում է տ/տ-ների սահմանափակ վարկունակության կամ որոշակիորեն ցածր բարեկեցության մասին: Իսկ ամենաբարձր ծախսային խմբում վարկերը կազմում են 6.4%, քանի որ վերջիններս երևի վճարունակ են և կարիք չունեն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման:

Հետաքրքիր է նաև բացահայտել, թե յուրաքանչյուր ծախսային խմբում ինչպե՞ս է բաշխված վարկեր ունեցողների: Պարզվում է, որ Երևանում հարցմանը մասնակցած բոլոր հարցվողների մեջ, մինչև 100.000 ՀՀ դրամ ծախսեր ունեցող խմբում վարկեր ունեցողները կազմում են 23.1% , 101-200.000 ՀՀ դրամանոց ծախսային խմբում վարկ ունեն հարցվածների` 37.6%-ը, 201-450.000 ՀՀ դրամանոց ծախսային խմբում վարկ ունեն 44.7%-ը, իսկ 450.000 ՀՀ դրամը գերազանցող խմբում` 46.2%-ը: 

Գրաֆիկ 2. Տնային տնտեսության կտրվածքով միջինում տարբեր չափի ամսական ծախսեր կատարող հարցվողների շրջանում վարկերի առկայությունը 

Սա փաստում է, որ կա որոշակի համամասնություն, այն է` ինչքան աճում են տ/տ ծախսերը դրանց հետ մեկտեղ մեծանում է նաև վարկեր ունեցողների տոկոսը: Դա նշանակում է, որ ֆինանսական լայն հնարավորությունները ստիպում են տ/տ-ներին իրենց բարեկեցությունը բարձրացնելու համար վարկեր վերցնել: Այսինքն` կարելի է ենթադրել նաև, որ ծախսերը բարձրանում են վարկերի ներգրավման հաշվին:

Այսպիսով, փորձելով տալ այն հարցի պատասխանը, թե արդյոք վարկերը բարձրացնու՞մ են, թե՞ իջեցնում Երևան քաղաքի տ/տ-ների բարեկեցությունը, նկատում ենք, որ ավելի բարեկեցիկ կամ բարձր ծախսեր ունեցողները մեծամասամբ ձգտում են վարկ չվերցնել, իսկ վերցնողների մոտ հենց այդ վարկերն են ապահովում նրանց "բարեկեցությունը":

 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:11 Դեկտեմբեր 08, 2014

Ամենաընթերցված նյութեր